Ատրպատական

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի եւ Թեմական խորհրդի հանդիպումը՝ ուրմիահայ միութիւնների հետ

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Նոյեմբերի 1-ին, ժամը 17:00-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը եւ Թեմական խորհուրդը Ուրմիայում հանդիպում ունեցան ուրմիահայ միութիւններից՝ ՀՕՄ-ի վարչութեան, Ս. Ստեփանոս ծխական եկեղեցու Խնամակալ մարմնի վարչութեան եւ «Նարեկացի» երգչախմբի ներկայացուցիչների հետ:

Ուրմիայի վերանորոգւած «Արամ Մանուկեան» սրահում, Սրբազան Հայրը աղօթքով կատարեց հանդիպման բացումը: Սրբազան Հօր եւ Թեմական խորհրդի կողքին, հանդիպմանը ներկայ էին Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը (այցելու հովիւ Ուրմիա), Պատգամաւորական ժողովի Ուրմիայի անդամների ներկայացուցիչները, գլխաւորութեամբ դիւանի անդամների, Ուրմիայի Գործակալական խորհուրդը, ինչպէս նաեւ Ուրմիայի եկեղեցու քարտուղարութիւնը:

Վարչական եւ կազմակերպչական բնոյթի այս հանդիպման կարեւորութիւնը նշելով, Սրբազան Հայրը նշեց, որ որեւէ կառոյցի հաւաքական կեանքը ժամանակ առ ժամանակ վերանայման կարիք ունի, արդիւնաբեր լինելու համար: Ուստի, նախ առիթ տրւեց վերոյիշեալ կառոյցներին զեկուցելու իրենց աշխատանքային ընթացքի եւ առաջիկայ ծրագրերի մասին: Ներքին դժւարութիւնների, երբեմն հասարակական կեանքի խնդիրների հետ առնչւող լարւածութիւնների հարթման նպատակով եղան առաջարկներ, որոնց համար ուղղութիւններ տրւեցին նաեւ Թեմական խորհրդի ատենապետ՝ Գագիկ Ջորջեանի միջոցով:

Եկեղեցին համայնքի կենտրոնական մարմինը եւ մեր հաւատացեալների ամբողջութիւնը լինելով, Սրբազան Հայրը թելադրեց համախմբւել դրա շուրջը, ի գին ամէն զոհողութեան ծաղկեցնել այդ կեանքը. «Առանց եկեղեցու, մօրից զրկւած որբի նման ենք լինում: Եկեղեցին մեր մայրն է եւ իր շւաքի ներքոյ մեզ համախմբող հովանին: Ս. պատարագի երգեցողութեան համար երիտասարդ նոր ուժերի մէկտեղումը չափազանց կարեւոր առաքելութիւն է, որը դուք էք իրագործելու մեր եկեղեցու համար»,- ասաց Սրբազան Հայրը, կոչ ուղղելով համախոհութեան եւ համագործակցութեան, ուրմիահայ բոլոր միութիւնների եւ կառոյցների միջեւ: Վերջապէս, եկեղեցու դուռը միշտ բաց պահելու համար եւ հաւատացեալները ս. պատարագից չզրկելու նպատակով, Սրբազան Հայրը յայտնեց, որ ամէն կիրակի Թաւրիզից Տ. Մարտիրոսը ժամանում է Ուրմիա, որպէս այցելու հովիւ, նոյնիսկ ձմռան անբարենպաստ եղանակին, ճանապարհի դժւարութիւնը յանձն առնելով. «Ուրմիայի եկեղեցու ճրագը միշտ վառ պահելու համար ամէն ինչ անում ենք, սակայն ձեզ է մնում ներքին ճիգով ու աշխատանքով վերակազմակերպել երգեցիկ խումբը, բոլորի եկեղեցասէր ու համերաշխ համագործակցութեամբ»,- ընդգծեց Սրբազան Հայրը:

Արծարծւած բոլոր խնդիրների եւ յարուցւած հարցերի ուղղութեամբ տրւեցին պատասխաններ եւ տրւեցին կառուցողական առաջարկներ, որոնք իրենց գործով ցոյց են տալու սոյն հանդիպման մասնակիցները, իսկ համայնքը վկայելու է բոլորի կատարած ներդրման, եւ վայելելու է համայնական կեանքի բարիքները:

Related Articles

Back to top button