Կողք-կողքի՝ յանուն Իրանի
Միջոցառում՝ նւիրւած իրանահայ նահատակներին, անձնուրացներին եւ ազատորդիներին
«ԱԼԻՔ», Կ. Դ. – Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի հովանաւորութեամբ եւ «Ջելւէ» մշակութային-գեղարւեստական հաստատութեան նախաձեռնութեամբ, Սրբազան պաշտպանութեան ութ տարիների իրանահայ նահատակների յիշատակին, եւ անձնուրացների ու ազատորդիների պատւին, երէկ՝ նոյեմբերի 3-ին, կազմակերպւել էր «Անձնուրացութեան իրադարձութիւն» (Ռոյդադէ Իսար) անւամբ միջոցառում: Ծրագիրը կազմակերպւել էր Հ. Մ. «Արարատ» Կ.-ի «Կոմիտաս» սրահում:
Միջոցառումը մեկնարկեց Իրանի պետական հիմնով, ներկայութեամբ Իրանի պետական եւ զինւորական բարձրաստիճան պաշտօնատարների, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի, քահանայ հօր, ազգային մարմինների ներկայացուցիչների եւ նահատակների ու անձնուրացների ընտանիքների:
Արտոյտ Զոհրաբեանի հաղորդավարութեամբ մեկնարկած միջոցառման առաջին բանախօսը Նահատակների հիմնարկում Իսլ. յեղափոխութեան առաջնորդի ներկայացուցիչ հոջ. Մուսաւի Մողադամին էր, որը մեծարելով բոլոր նահատակների եւ ի մասնաւորի հայ նահատակների յիշատակն ընդգծեց, որ իրանահայ եւ կրօնական փոքրամասնութիւնների նահատակները խորհրդանիշն են Իրանում բոլոր կրօնների համակեցութեան: Նա նշեց, որ մեր նահատակները իրենց կեանքը նւիրաբերեցին յանուն երկրի եւ Աստւածային կարեւորագոյն արժէքների պահպանման:
Օրւայ միւս բանախօսն Իսլամական խորհրդարանում Թեհրանի պատգամաւոր, Թեհրանի նահանգների պատգամաւորների խորհրդի անդամ եւ խորհրդարանի շինարարական յանձնաժողովի անդամ Էղբալ Շաքերին էր: Նա խոնահրւելով նահատակների յիշատակի եւ անձնուրացների ընտանիքների դիմաց, անդրադարձաւ իրանահայերի անմնացորդ դերակատարութեանը պատերազմի տարիներում եւ, իմասնաւորի, ռազմաճակատներում եւ ընդգծեց, որ այսօր մեզ բոլորիս համախմբել են մեր նահատակները: Նա կարեւորութեամբ անդրադարձաւ գեներալ Ղասեմ Սոլէյմանիի դերակատարութեանը, ով չէր խնայում իր կարելին բոլոր կրօնների պատկանողների անվտանգութիւնն ապահովելու հարցով: Նա ընդգծեց, որ եթէ ցանկանում ենք մենք մեզ ապացուցել, անհրաժեշտ է ապաւինենք նահատակներին:
Միջոցառմանն իր խօսքը փոխանցեց Իրանի Իսլամական Հանրապետութեան կառավարութեան խօսնակ Ալի Բահադորի Ջահրոմին: Նա ընդգծեց, որ երբ տեղեկացայ հայ նահատակների յիշատակին կազմակերպւած ծրագրի մասին, պարտքս համարեցի իմ յարգանքի տուրքը մատուցելու նրանց յիշատակին: Նա յստակեցրեց, որ սա լաւագոյն դրսեւորումն է Իրանի ժողովրդի միասնականութեան ու միատարրութեան, որը միայն չի սահամանփակւում պատերազմի տարիներով: Կառավարութեան խօսնակը յիշատակեց, որ թշնամիները լաւ չեն ճանաչում Իրանի ժողովրդին, ով տարբեր կրօններով, ռասսայով ու ազգութիւններով միատարր է ու միակամ: Նա նշեց, որ բոլորս միատարր ենք եւ կազմում ենք իրանական մեծ համայնքը, որը ամենամեծ միատարր հասարակութիւնն է համայն աշխարհում, եւ բոլորը սերտ կապւած են միմեանց ու այս միասնականութիւնը հնարաւոր չէ կազմաքանդել: Բահադորի Ջահրոմին յատուկ գնահատանքով անդրադարձաւ իրանահայերի յարգալից վերաբերմունքին ու աչալուրջ մօտեցմանը համաիրանական խնդիրների նկատմամբ:
Օրւայ ելոյթները եզրափակեց Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը: Նա իր ելոյթի ընթացքում մէջբերում կատարեց Իսլամական յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ լուսահոգի Իմամ Խոմէյնիի խօսքը. «Մենք բոլորս միաստւածութեան դրօշի հովանու տակ ենք, եւ մինչ միասնական չլինենք չենք կարող դիմակայել անաստւածներին: Իրանը բոլորինս է եւ մենք միատարր ժողովուրդ ենք եւ անհրաժեշտ է, որ Իրանին վերաբերող հարցերում բոլորս ասպարէզ իջնենք»:
Պատգամաւորն ընդգծեց, որ Իրանի ժողովուրդը միատարր եւ յեղափոխութեան առաջնորդի ղեկավարութեամբ պաշտպանում է Իրանի տարածքային ամբողջականութիւնը եւ չի խնայում ոչինչ երկրի բարգաւաճման համար: Նա կարեւորեց իրանահայութեան դերակատարութիւնը Իսլամական յեղափոխութեան յաղթանակի եւ ութամեայ պարտադրեալ պատերազմի ժամանակ՝ յիշելով իրանահայ նահատակներին, որոնց արիւնը շաղախւած է Իրանի հողին: Նա ընդգծեց, որ իրանահայութիւնն իրեն համարում է իրանական հասարակութեան մասնիկը:
Արա Շահվերդեանը կարեւորութեամբ անդրադրձաւ Պաղեստինի ժողովրդի եւ Դիմադրութեան շարժման մարտիկների խիզախ պայքարին, որի արդիւնքում փշրւել է սիոնիստական կեղծ ռեժիմի հզօրութեան պատրանքը: Նա նշեց, որ այսօր աշխարհը լաւատեղեակ է այսպէս ասած մարդու իրաւունքների պաշտպան կազմակերպութիւնների սին էութեան մասին:
Յատկանշական է, որ միջոցառման ընթացքում «Ջելւէ» մշակութային կազմակերպութեան նախաձեռնութեամբ բեմադրւեց մի ներկայացում, որը արտացոլում էր ութամեայ Սրբազան պաշտպանութեան տարիները եւ հայ ու մուսուլման մարտիկների միասնական պայքարը, ու նրանց նահատակութիւնը յանուն երկրի ամբողջականութեան: Ներկայացման ընթացքում երբ մուսուլման ռազմիկը պատմում էր, թէ ինչպէս է կորցրել իր ընտանիքին եւ ժառանգորդն է իր նահատակ ընտանիքի, հայ զինւորը եւս ընդգծեց, որ ինքը եւս ժառանգորդն է մի ընտանիքի, ում մեծ մայրը փրկւել է Ցեղասպանութիւնից: Դա միասնական կէտն էր համարւում երկու մարտիկների, որոնք պայքարեցին ու նահատակւեցին յանուն Իրանի տարածքային ամբողջականութեան:
Միջոցառման վերջում գնահատագրեր յանձնւեց նահատակների ընտանիքներին, անձնուրացներին եւ ազատորդիներին: Գնահատագրեր յանձնւեցին նաեւ միջոցառումը ֆինանսաւորող Իսլամական խորհրդարանին, Թեհրան նահանգի քաղաքների Նահատակների հիմնարկի գերատեսչութեանը, «Սէթ» սուրճի տնօրէն դոկտ. Արտեմ Շահբաբեանին, «Ուրմիա Շէնռիզ» ընկերութեանը՝ Էդիկ Մեջլումեանի տնօրինութեամբ, եւ «Անդրէ աւտոմատ գիրբոքս» ընկերութեան ներկայացուցիչներին:
Լուսանկարները՝ ՀԱՏԻՍԻ