Ատրպատական

ՀՕՄ-ի Թաւրիզի կենտրոնի ճաշի աշնանային տօնավաճառը

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Նոյեմբերի 2-ին, ժամը 18:00-ից սկսեալ, ՀՕՄ-ի Թաւրիզի կենտրոնատեղիի հիւրընկալ դռները բացւել էին, թաւրիզահայերին, հայկական համեղ ճաշատեսակներով հիւրասիրելու համար:

Աշնանային այս ծրագիրը վայելում էր թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի հովանաւորութիւնը, ՀՕՄ-ի վարչութեան եւ «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանի կազմակերպութեամբ:

Օրեր առաջ կատարւած նախապատրաստական աշխատանքով, ՀՕՄ-ի անդամուհիները, սաների ծնողներ եւ տատիկ-պապիկները պատրաստել էին համեղ ճաշատեսակներ, բոլոր քիմքերի համապատասխան համեմունքով, ՀՕՄ-ի յարկի տակ հաճելի ժամեր պարգեւելու թաւրիզահայութեանը:

ՀՕՄ-ի կենտրոնատեղի ժամանելով Սրբազան Հայրը, ընկերակցութեամբ Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանի եւ Թեմական խորհրդի, ողջունեց մեծաթիւ բազմութեանը, ինչպէս նաեւ կազմակերպիչ յանձնախմբին, որոնք օրւան յատուկ յարդարել էին հաւաքավայրը:

Ողջոյնի եւ բացատրական խօսքով ներկաներին բարի գալուստ մաղթեց Նայիրի Դիլանեանը: Նա ընդհանրապէս հայկական աւանդական ճաշատեսակների մասին բացատրութիւններ տւեց, նոյնիսկ հիմնաւորելով, որ ցարդ թուրքերէն համարւող «Դոլմա» բառը, իր ճաշատեսակով, խորքին մէջ հայկական է, որովհետեւ «լիցք» իմաստից առաջ, «հին հայերէնի դոլմ (տերեւ) բառից է առաջ եկել, ուստի ամէն անգամ այս ճաշատեսակը պատրաստելիս, նոր սերնդին դաստիարակենք, որ այն հայկական է: Դժբախտաբար չհասցրեցինք այն ԻՒՆԵՍԿՕ-ում արձանագրել որպէս հայկական ճաշատեսակ…»,- ասաց Նայիրի Դիլանեանը:

Ճաշատեսակների մատակարարումն ու հիւրասիրութիւնը ստանձնել էին սաների ծնողները, որոնք խոհանոցը վերածել էին մեղւի փեթակի: Հիւրասիրութեան ընթացքում տեղի ունեցաւ նաեւ գեղարւեստական ծրագրի մատուցում: Ասմունքով հանդէս եկաւ Սկառլետ Ենովքեանը, իսկ «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանի սաները երգով ծաղկեցրեցին երեկոն, իրենց երգի ուսուցչի Կարէն Սարգսեանի ղեկավարութեամբ, ինչպէս նաեւ օժանդակութեամբ ուսուցչուհիներ՝ Նայիրի եւ Անի Դիլանեանների:

Աւարտին, օրհնութեան խօսքով բոլորին իր գնահատանքը յայտնեց Սրբազան Հայրը: Նա փառք տւեց Աստծուն, որ կորոնավիրուսից յետոյ յատկապէս ուտեստների հանդէպ զգուշաւորութիւնը վերջ գտաւ եւ համայնական կեանքը վերադարձաւ իր նախկին հունին: Սրբազան Հայրը բացատրեց այն իրողութիւնը, որ աշխարհում ամենամեծ առեւտուրի գործը ուտեստի եւ ճաշարանների աշխատանքը ստեղծած անհատներ որքան վնաս կրեցին անցած տարիների ընթացքում, որքան մարդ գործազուրկ դարձաւ եւ որքան անհատներ պարտքերի տակ թաղւած՝ յուսահատութեան գիրկը ընկան: Ուստի ներկայ մտերմիկ պահը յաղթանակ համարեց նա վերոյիշեալ կացութեան, երբ մարդկութիւնը Աստծուն վստահելով դիմեց աղօթքի ուժին, եւ վերադարձաւ բնականոն կեանքին:

Վերջապէս, Սրբազան Հայրը գնահատեց ՀՕՄ-ի վարչութեանը եւ սաների ծնողներին, որոնք միութեան կեանքը աշխոյժ պահելու համար ճիգ չեն խնայում: Կազմակերպիչները նաեւ նկատի էին ունեցել վիճակախաղ, որի բախտաւորը հանդիսացաւ Էլինա Անտոնեանը: Նա իր նւէրը ստացաւ ՀՕՄ-ի վաստակաշատ անդամուհի Սեդա Մանասէրեանի ձեռքից:

Related Articles

Back to top button