ԱտրպատականՀամայնք

Համբարձման տօնի առիթով Ս. Պատարագ՝ Մարալանի Ս. Աստւածածնայ ուխտավայրում

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Հինգշաբթի, մայիսի 9-ին, առաւօտեան ժամը 11-ին, մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի Համբարձման տօնի առիթով, Ատրպատականի հայոց թեմում հաստատւած տարիների աւանդութեան համաձայն Ս. Պատարագ մատուցւեց Թաւրիզի Մարալան թաղամասում գտնւող  հսկայ այգում 14-րդ դարում կառուցւած Ս. Աստւածածին ուխտավայր մատռան մէջ։

Հովանաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի, օրւայ Ս. Պատարագը մատուցեց Թաւրիզի հոգեւոր հովիւ Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը: Երգեցողութիւնը կատարեց «Կոմիտաս» երգչախում­բը, ղեկավարութեամբ երաժիշտ-խմբավար՝ Վարդան Վահրամեանի:

Վաղ առաւօտից հաւատացեալներ եկել էին Ս. Աստւածածին մատուռը եւ մաս­նակցում էին Ս. Պատարագին: Եկեղեցական արարողութեան աւարտին, թաւ­­րիզահայ ժողովրդի զաւակները ծա­ռերի ստւերների տակ նստած վայելեցին այգու ամառային հով եղանակը, տօնելով կրօնական-աւանդական սոյն տօնը:

Թաւրիզի եկեղեցիների Կանանց խնամակալ մարմինը ըստ անցեալ տարիների սովորութեան, պատրաստել էր «Ջան Գիւլիւմ»-ի ազգային-գաւառական աւանդոյթի վիճակախաղը։

Նոյն օրը, Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի Երէցների բաժանմունքի նա­խա­ձեռնութեամբ բուֆէի յարմարութիւն էր ստեղծւել  այգում, որից օգտւեցին ներկայ ուխտաւորները, որոնք իրենց հարազատներով նստեցին ծառերի շւաքի տակ, վայե­լելով Համբարձման տօնը։

 

Related Articles

Back to top button