Երեւանի Պետական համալսարանում տեղի է ունեցել «Ֆիրդուսիի Շահնամէն եւ պարսից լեզուն» թեմայով գիտաժողովը
«ԱԼԻՔ» – Իրանցի մեծ բանաստեղծ եւ էպոսագիր Հաքիմ Աբոլղասեմ Ֆիրդուսիի ծննդեան օրւան՝ մայիսի 14-ին, Երեւանի Պետական համալսարանի արեւելագիտութեան ֆակուլտետի իրանագիտութեան ամբիոնում տեղի ունեցաւ «Շահնամէն եւ պարսից լեզուն» թեմայով գիտաժողովը։
Parstoday.ir-ի համաձայն՝ Հայաստանի Հանրապետութիւնում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպան Մեհդի Սոբհանին այս գիտաժողովում ունեցած ելոյթում ասել է,- «Իրանական մշակոյթի եւ գրականութեան ոլորտի հանրայայտ դէմքերը ոչ միայն Իրանի աշխարհագրութեանը, այլեւ ողջ մարդկութեանն են պատկանում, որովհետեւ նրանց ստեղծագործութիւնների եւ մտաւոր համակարգի լեզուն եղել է բարութիւնը, իմաստութիւնը, արդարութիւնը, այլասիրութիւնը, մարդասիրութիւնը եւ բռնութիւնից խուսափելը»։
Սոբհանին Հայաստանի իրանագէտների, դասախօսների եւ ուսանողների հաւաքում Ֆիրդուսիին համարել է պարսից լեզւի փրկիչ եւ քաղաքակրթութիւնները կապող օղակ եւ ասել է. «Պարսից լեզուն իր զարգացումը պարտական է Շահնամէին, եւ այդ պատճառով Ֆիրդուսիի անունը յանգուցւել է պարսից լեզւի մնայունութեան հետ»։
Սոբհանին նշել է. «Մենք հպարտ ենք, որ պարսից լեզուն ծաղկում է Իրանի բարի եւ ազնիւ հարեւան Հայաստանում՝ բարեկամ ու բարեկիրթ երկրում եւ դարձել է Իրանի ու Հայաստանի երկու ազնիւ ժողովուրդների սոցիալական կապիտալը»։
Վերջում այս համալսարանի պարսից լեզւի դասախօսներն ու ուսանողները ներկայացրեցին յօդւածներ Շահնամեի եւ Ֆիրդուսու գաղափարների մասին։