Ազգային նկարագիր

ԼՈՐԵԹԱ ՂԵՒՈՆԴԵԱՆ
«Ազգային նկարագիր» (անգլ.՝ National character) հասկացութիւնը վերաբերում է ժողովրդի հաւաքական ինքնութիւնը բնորոշող հոգեբանական, բարոյական, մշակութային եւ պատմական յատկանիշների ամբողջութեանը: Ազգային նկարագիրը համակարգ է, որում կայ մի «կորիզ», որը դարեր շարունակ կարող է գրեթէ անփոփոխ մնալ:
Զգացմունքային` «Ազգային բնաւորութիւն» եւ առաւել տրամաբանական` «Ազգային գիտակցութիւն» տարրերի բարդ փոխկապակցւած ամբողջութիւնը իրենից ներկայացնում է ազգի հոգեկան կերտւածքը, որպէս հոգեւոր-վարքային առանձնայատկութիւն եւ տարբերում է մի ազգային էթնիկ խմբին՝ միւսից։
Ազգային բնաւորութեան կառուցւածքում սովորաբար կան մի շարք տարրեր, ինչպիսիք են՝ ազգային խառնւածք (բուռն կամ հանգիստ), ազգային զգացմունքներ (հպարտութիւն կամ ազգային անտարբերութիւն) եւ ազգային նախապաշարմունքներ (ազգի առաքելութիւնը եւ ազգային դերեր):
Ազգային բնաւորութիւն հասկացութեանը յաճախ փոխարինում է ազգային մտածելակերպը։ Այն բնորոշում է անհատի, հասարակական խմբերի եւ ազգի դիրքորոշումների եւ հակւածութիւնների ամբողջութիւնը եւ իհարկէ հիմքում ընկած է ազգային աշխարհընկալումը։
Որեւէ էթնիկ խումբ, իր ձեւաւորման հէնց սկզբից ստեղծում է սեփական էթնիկ խորհրդանիշներ, որով փորձում է առանձնանալ այլ էթնիկական խմբերից:
Էթնիկ խորհրդանիշները հիմնականում վերցւում են բնաշխարհից, անցեալից, մշակոյթից, առասպելներից եւ նոյնիսկ մարդկանց արտաքին տեսքից: Այս ամէնի պատճառով է, որ էթնիկ խորհրդանիշները համարւում են իւրաքանչիւր ազգի ինքնութեան կարեւոր բաղադրիչներ, ինչպիսիք են՝ բնաւորութիւնը, մտածելակերպը, եւ աշխարհի մասին պատկերացումը եւ իհարկէ տւեալ ազգի հոգեբանական ամբողջութիւնը:
Գրեթէ բոլոր ազգերն ունեն իրենց էթնիկ ինքնութեան խորհրդանիշները, ինչպէս, օրինակ՝ Էյֆելեան աշտարակը Ֆրանսիայում, Ազատութեան Արձանը Ամերիկայում, Հռոմի Պապը Իտալիայում կամ Մահատմա Գանդին Հնդկաստանում:
Հայերի համար այդպիսի խորհրդանիշներ են հանդիսանում Արարատ լեռը, Մեսրոպ Մաշտոցը, Վարդան Մամիկոնեանը, Սասունցի Դաւիթը՝ որպէս հայկական էպոսի գլխաւոր հերոս եւ հայի հաւաքական կերպարի մարմնաւորում:
Էթնիկական խորհրդանիշերի ստեղծումը մշտական եւ անդադար գործընթաց է, որոնց հետ զուգահեռ ձեւաւորւել կամ փոխառւել են այլ էթնիկ խորհրդանիշներ, ազդելով տւեալ էթնիկ խմբի գոյութեան վրայ:
Հայերը, կովկասեան միւս ժողովուրդների հետ համեմատելիս, ունեն կառուցւածքային եւ ֆիզիկական առանձնայատկութիւններ, որոնք պայմանաւորւած են լեռնային աշխարհագրական դիրքի հետ ու նաեւ ազդում է նրանց հոգեբանական յատկանիշների վրայ, ինչպէս նեարդային աւելի ուժեղ համակարգ՝ պատրաստ դիմակայելու դժւարութիւններին:
Դարեր շարունակ հայերի հոգեբանութեանը, անկախ հասարակական, կրօնական եւ տարիքային պատկանելութիւնից, յատուկ են եղել այդ զգացումները, որոնց ամբողջականութիւնը ձեւաւորել է հայերի հաւաքական եւ անհատական վարքագիծը եւ իհարկէ նկարագիրը։ Դրանցով են պայմանաւորւած հայ ժողովրդի բուռն ընդվզումը ճնշողների դէմ եւ նրա յամառ ազատագրական ձգտումները։
Հայկով սկսած եւ բիւրաւոր այլ սխրանք-գոյամարտերով ալիքաւորւած Հայոց պատմութիւնը՝ բռնակալ պետութիւնների դժնդակ տիրապետութեան տարիներին եւ մինչեւ 20-րդ դարի սկզբի Հայոց Ցեղասպանութիւնը, հայը մնաց իշխող էթնիկ տարր՝ ողջ Հայկական լեռնաշխարհում եւ չձուլւեց, ինչպէս այլ ազգեր։
Հայի ազգային նկարագրի ձեւաւորման հիմնական բաղադրիչներ
1. Պատմական փորձառութիւն եւ յիշողութիւն
Հայերի ազգային արժէքներն են՝ պատմութիւնն ու անցած ճանապարհը, հաւատալիքները, մշակութային հազարամեայ նիւթական եւ ոչ նիւթական բազմաթիւ ժառանգութիւնները:
Հայ ժողովրդի պատմութիւնը՝ սկսած հին թագաւորութիւններից մինչեւ ժամանակակից անկախ պետութեան ձեւաւորումը, խորապէս ազդել է ազգային նկարագրի վրայ: Պատմական իրադարձութիւնները, ինչպէս օրինակ՝ Մեծ եղեռնը, սփիւռքի ձեւաւորումը եւ անկախութեան վերականգնումը, ձեւաւորել են հաւաքական յիշողութիւն եւ ինքնագիտակցութիւն:
2. Մշակոյթ եւ աւանդոյթներ
Հայերն, անկախ բազմաթիւ պատերազմներից, պահպանել են ոչ միայն աւանդոյթներն, այլ նաեւ ինքնութիւնը, մշակոյթը, կրօնը եւ լեզուն:
Հայերի ազգային արժէքների պահպանութեան մէջ ամենակարեւոր եւ նշանակալից դերն է ունեցել՝ իւրայատուկ այբուբենը, որի ստեղծումով արժեւորւեց հայոց լեզւի եւ մշակոյթի պահպանութիւնը:
Եւրոպայում միայն հայերն ու վրացիներն են, որ ունեն իրենց սեփական գիրը:
Մնացեալ ազգերը գրում են՝ օգտագործելով կամ լատինական կամ սլաւոնական այբուբենը:
Հայկական մշակութային արժէքների յաւերժացման ցանկում ներառւում է՝ լեզուն, գրականութիւնը, երաժշտութիւնը, պարը եւ գորգագործութիւնը, որոնք արտայայտում են ժողովրդի հոգեկերտւածքը եւ արժէքային համակարգը:
Հայկական գորգը եւ ազգային հագուստը՝ տարազը, այն ոչ միայն արտայայտում է մեր ինքնութիւնը, այլեւ ունենալով դարաւոր, հարուստ եւ բազմազան պատմութիւն, մեր բազմաբարբառ լեզւի նման՝ մեր ինքնութիւնը պահպանող ազդակներից է:
Ազգային արժէքների շարքում պէտք է առանձնացնենք ազգային երգն ու պարը: Ազգային պարը, թերեւս ազգի ամենաիւրայատուկ եւ տարբերակիչ մշակութային տարրն է, որն ժողովրդի բնորոշ գծերի, ապրելակերպի եւ քաղաքակրթութեան մակարդակի կարեւոր արտայայտչամիջոցն է:
3. Կրօն եւ հոգեւոր արժէքներ
Քրիստոնէութեան ընդունումը, որպէս պետական կրօն 301 թւականին եւ Հայ Առաքելական Եկեղեցու դերը ազգային ինքնութեան պահպանման գործում կարեւոր նշանակութիւն ունեն: Եկեղեցին նպաստել է ազգային հոգեւոր նկարագրի ձեւաւորմանը՝ պահպանելով մշակութային եւ բարոյական արժէքների փոխանցումը սերունդներին:
Յատկանշական է Հայ Առաքելական Եկեղեցու դերը, ի սկզբանէ իր մէջ ներառելով ազգային դաստիարակութիւնը՝ զուգահեռաբար դպրոց ու եկեղեցին, որպէս գոյութեան գործօն ծառայելով թէ՝ հայրենիքում եւ թէ՝ աշխարհասփիւռ հայ ազգի բեկորներին:
Ազգապահպանման նշանակալից օրինակն է՝ Վարդանանց պատերազմը. այն յստակ կերպով ներկայացնում է Հայ Առաքելական Եկեղեցուն, որպէս փրկութեան խարիսխ ժամանակի փոթորկալի իրադարձութիւններում: Անկասկած պիտի խոստովանել, որ Վարդանանց պատերազմը, հայի անսանսան կամքը գամեց Հայոց աշխարհում եւ անժխտելի էջ դարձաւ հայ ժողովրդի պատմութեան մէջ՝ դառնալով հայի գոյատեւման երաշխիքը:
4. Սփիւռք եւ հայրենիք
Սփիւռքի համայնքները, չնայած աշխարհագրական տարանջատւածութեանը եւ հայրենիքից հեռու լինելով, սակայն աներեւոյթ թելերով կապւած են եղել հայրենի հողին եւ պահպանել են ազգային ինքնութիւնը՝ ստեղծելով «Նոր» նախածանցով, ինչպէս՝ «Նոր Մարաշ», «Նոր Հաճըն», «Նոր Ջուղա» եւ նմանատիպ համայնքներ, որոնք վերակազմաւորել են ազգային միասնութեան զգացումը: Սփիւռքեան պայմաններում ձուլման վտանգը կանխելու համար, ազգային նկարագիրը աւելի ցայտուն եւ զգայացունց է արտայայտւել, զանազան միջոցներով ներկայացնելով իր յաւերժ գոյութիւնը հայ օջախում:
***
Նշւած բաղադրիչներին, որպէս լրացուցիչ, ժամանակակից հայկական կրթական համակարգը կարեւորում է ազգային նկարագրի ձեւաւորումը՝ սերունդներին փոխանցելով պատմական գիտելիքներ, մշակութային արժէքներ եւ հայրենասիրութիւն: Դպրոցներում ուսուցանւում են հայոց պատմութիւն, գրականութիւն եւ մշակոյթ, ինչը նպաստում է ազգային ինքնագիտակցութեան բարձրացմանը:
Հայ ժողովրդի ազգային նկարագիրը բազմաշերտ եւ բազմաբնոյթ է՝ ձեւաւորւած պատմական փորձառութեան, մշակութային ժառանգութեան, կրօնական արժէքների եւ սփիւռքի ազդեցութեամբ: Այն դարերի ընթացքում շարունակաբար զարգանում է՝ արձագանքելով ժամանակի մարտահրաւէրներին եւ պահպանելով իր ինքնատիպութիւնը:
Իւրաքանչիւր ազգի, ինչու չէ նաեւ՝ հայ ազգի հայելին նրա ստեղծած արժէքներն են: Եւ դարեր շարունակ կարողացել են փոխանցել, այն ամէնն, ինչ կոչւում է ազգային արժէք:
***
Համաշխարհայնացման (գլոբալացում) արդի փուլում վտանգւած են փոքրաթիւ ազգերի, այդ թւում՝ մեր ազգային դիմագիծը, լեզուն, մշակոյթի ինքնատիպութիւնը… Փոխարէնը՝ վերջին շրջանում, «կեղծ» արժէքներն ու շինծու «մշակոյթները» հեռուստաէկրաններից, զանգւածային լրատւամիջոցներով եւ սոցցանցերով անդադար ու անսանձ կերպով մտնում են հայ օջախը՝ վտանգելով հայի էթնիկ գոյութիւնը:
Բնականաբար նման աւերիչ տարածումը վերահսկելու կամ կանխելու համար անհատական մարտահրաւէրները ի զօրու չեն դիմակայել այն: Ուստի, կարեւորագոյն միջոցը, ստեղծւած իրավիճակում հայրենաճանաչութիւնն է, որպէս հզօր եւ շօշափելի գործօն՝ նոր դարի հասարակական արհաւիրքների դէմ պայքարելու եւ պահպանելու մեր ինքնութիւնը:
Իւրաքանչիւր ՀԱՅ մի հայկազուն (ծագումով հայ) է եւ որպէս ընտրեալ ժողովրդի զաւակ՝ առաքելութիւն ունի…
Ցեղասպանութեան ենթարկւած ազգի զգացումներն ու մտածողութիւնը ստեղծել են փոփոխութիւններ, որոնք վերածւել են մի կողմից մղձաւանջների եւ գալիքի նկատմամբ վախի զգացումի, որն յատկապէս վերաբերում է ցեղասպանութիւնից եւ տեղահանութիւնից վերապրած սերնդին եւ միւս կողմից, այն ստեղծել է վրիժառութեան զգացում, որն ինքնին ազգային ինքնագիտակցութեան նոր զարթօնքի արտայայտութիւն է եւ նպաստել է հայերի պաշտպանական եռանդի ուժեղացմանը եւ նրան մղել ինքնապաշտպանութեան՝ յենւելով իր ազգային-հոգեբանական ու բարոյական յատկութիւններին, աւանդոյթներին եւ մարտունակութեան կենսափորձին:
Եթէ որեւէ ազգ ի զօրու չէ պահպանելու եւ պաշտպանելու իր ստեղծածն ու նաեւ անկարող է պաշտպանել իր հողն ու հայրենիքը, թերեւս, արժանի չէ ո՛չ հայրենիք ունենալուն եւ ո՛չ էլ կարող է ֆիզիկական անվտանգութեան երաշխիքներ ունենալ: Անկասկած, մեր տակաւին անկատար աշխարհում չկայ գոյատեւելու այլ՝ առաւել քաղաքակիրթ ձեւ:
Ինքնապաշտպանութիւնը իր բոլոր ձեւերով պայմանաւորւած է ապրելու, սեփական ընտանիքը, ազգային իրաւունքներն ու արժէքները պաշտպանելու ձգտումով ու վճռականութեամբ։
Հայ ժողովուրդը ծնունդ տւեց ոչ միայն հերոս անհատների, այլեւ ինքը, անցնելով արհաւիրքների բովով, կոփեց ոտնահարւած արդարութեան եւ ազգային արժանապատւութեան նկատմամբ ամէն մի ոտնաձգութեան գիտակցումից զօրացող վրիժառութեան կամքը։
***
Ազգային նկարագրի բացակայութեան պատճառով, Հայ ժողովրդի որոշ ներկայացուցիչներ յայտարարում են, թէ իրենք քրիստոնեայ, խաղաղասէր ու մշակութային արժէքներ ստեղծող ազգ են, եւ իրենց անյարիր է զէնք վերցնել, ուստի պիտի գլուխ խոնարհել թշնամուն եւ խելօք մնալ, որպէսզի միմիայն ապրեն, որպէս մահկանացու:
Նրանք ապրում են ցեղասպանութեան մերժման ու խառնաշփոթի պայմաններում, որտեղ զոհերը դառնում են յանցագործ, որտեղ ճիշտը սխալ է դառնում: Միթէ՞ կարելի է ուրանալ կենդանի վկաներին: Աշխարհասփիւռ հայութեան 110-ամեայ անցեալը, ոչ այլ ինչ է, քան տարագիրների փրկութեան վերջին հանգրւանը…
Այժմ, նրանք ծւէն ծւէն են անում հայրենիքը եւ մատուցարանի մէջ նւիրաբերելով դաժան եւ ոխերիմ թշնամուն, ուրանում են իրենց հայրենակիցներին եւ քշում օտար ափեր, հետագայ պահանջատիրութեան դուռն իսպառ փակելու համար:
Ազգային նկարագրի բացակայութեան պատճառով, նրանք ընդդէմ հայ ազգի կարեւորագոյն բաղադրիչի՝ Հայ Առաքելական Եկեղեցու, հայհոյանքներ են շռայլում եւ յարձակւում քրիստոնէութեան առաջին բնօրրանին եւ պիտակաւորում իրենց արժանի եւ իրենց «շէֆերին» վայել ածականներով:
Միթէ՞ կարելի է ժխտել Հայ Առաքելական Եկեղեցու դերը հայ ժողովրդի հազարամեայ պատմութեան ընթացքում, երբ օտարի լծի տակ ճռնչացող ժողովրդի միակ փրկութեան եւ յոյսի երաշխիքն է եղել այն:
Միթէ՞ պիտի ուրանալ Հայ Առաքելական Եկեղեցու անհերքելի կնիքը՝ սփիւռքում օտարացման եւ ձուլումի վտանգի առջեւ կանգնած նոր սերնդի փրկագրին դրոշմւած:
Իւրաքանչիւր տրամաբանութիւն ունեցող անհատ եւ իրեն «ՀԱՅ» համարող մարդ, առանց վարանելու պիտի եզրայանգի, որ ենթակաները ոչ միայն աննկարագիր կամ ապազգային են, այլ թշնամուն ծախւածներ կամ բառիս բուն իմաստով՝ ԴԱՒԱՃԱՆՆԵՐ են: Վաղ թէ՝ ուշ, ԴԱՒԱՃԱՆԻ ՎԵՐՋԸ ԴԱԺԱՆ ՄԱՀ Է:
Ազգային նկարագրի բացակայութեան պատճառով, նրանք հրաժարւում են Հայաստանի անունից միջազգային իրաւական ատեաններում՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի դէմ ներկակայացնել իրաւական գործընթաց: Այլ կերպ ասած պետական մակարդակով ուրանում են (ժխտում, դաւաճանում են) հայի արիւնը, եւ հրաժարւում թուրքական եւ ի մասնաւորի՝ ներկայումս ադրբեջանական վայրագութիւնների, ցեղասպանութեան, բնաջնջման փաստացի իրաւական պատասխանատւութեան երթարկելու ժառանգորդներին:
Եկար տարիներ է, որ Թուրքիայի պետութիւնը ժխտում է գիտականօրէն ու քաղաքականապէս փաստարկւած Հայոց Ցեղասպանութիւնը՝ բազմակողմանի ջանքերով եւ խոշոր նիւթական ու պետական միջոցներ ծախսելով հանրային գործողութիւնների համար, աշխարհի եւ առհասարակ քաղաքական հարթակում գերակշռող պետութիւններին սիրաշահում, փորձելով ընդլայնել թուրքական պաշտօնական դիրքորոշումը, նենգափոխումների եւ քարոզչական տարբեր միջոցներով ամէն կերպ պայքարում է Հայոց Ցեղասպանութեան ճանաչման դէմ:
Նոյնն է կրկնւում Բաքւի բարբարոս պետութեան կիրառած ընթացքով, որը ոչ միայն ֆիզիքական եղեռն է համարւում, այլ դրան յաջորդող մշակութային եղեռնը՝ վանդալիզմը, խեղաթիւրումը եւ անհիմն ու կեղծ իւրացումը, համաշխարհային մասշտաբով խոչընդոտում է որեւէ հետեւողական պայքար՝ փաստելու ազգայինը:
Արդեօ՞ք կարելի է աչք փակել կրկնւող ռազմավարական ձախողումների վրայ, որոնք տանում են ազգին՝ ի սփիւռս աշխարհի, դէպի անորոշ ապագայի տեսլական ու նաեւ հայրենիքը առաջնորդում դէպի անդունդ: Ազգային նկարագրով եւ գաղափարախօսութեամբ առաջնորդւող իւրաքանչիւր հայ, հազարամեայ բազմաչարչար գոյատեւման ուղին կտրած, այժմ հայոց ընկղմւող նաւի փրկութեան համար, չպիտի անտարբեր մնայ՝ ապազգային, կործանարար եւ առաւել եւս խաբկանքով լի կամակատարների նկատմամբ, որոնք փափուկ բարձ դնելով ժողովրդի գլխի տակ, իրականացնում են թշնամու ցանկութիւնները:
Հայ ազգի փրկութեան երաշխիքը պիտի փնտրել «ազգային» կոչւող որեւէ բաղադրիչի մէջ, որով կերաշխաւորի հայ ժողովրդի անմահ գոյապայքարը՝ դէպի վերջնական յաղթանակ…
07.07.2025
Թեհրան