ԹեհրանՀամայնքՀայաստան - ԱրցախՄշակութային

Իրանահայ պատանի դաշնակահար Լուսիա Մուրադեանը Առնօ Բաբաջանեանի միջազգային մրցոյթի դափնեկիր

«ԱԼԻՔ» – 2025 թ.-ի յունիսի 25-ից յուլիսի 2-ը, Երեւանում տեղի ունեցաւ Առնօ Բաբաջանեանի 8-րդ դաշնամուրի միջազգային մրցոյթը, որտեղ 12-ից 15 տարիքային կարգում իրանահայ դաշնակահար Լուսիա Մուրադեանն արժանացել է առաջին տեղի նւաճելով փառատօնի ոսկէ մեդալը։ Այս մասին «ԱԼԻՔ»-ին յայտնել է Լուսիայի հայրը:

Մեծանուն կոմպոզիտոր դաշանակահար Առնօ Բաբաջանեանի անունը կրող փառատօնը ինքնին համաշխարհային որակ է ներկայացնում, որին մասնակցութիւնը նոյնիսկ համարւում է նւաճում միջազգային ասպարէզներում:

Նոյն տեղեկութեան համաձայն, յուլիսի 2-ից 5-ը (Առնօ Բաբաջանեան մրցոյթի աւարտից անմիջապէս ժամեր անց) GeneralBass Baroque Music միջազգաին մրցոյթ փառատօնին մասնակցելով Լուսիան, արժանացել է Գրան-պրիի (յաղթողների լաւագոյնը), ինչպէս նաեւ յատուկ մրցանակին՝ դասական ստեղծագործութիւնների լաւագոյն կատարման համար։ 

Լուսիան կատարումներ է ունեցել նաեւ երկու այլ Գալա համերգներին որպէս՝ դափնեկիր կատարող: Նա այս ընթացքում միջազգային մասնագէտների վարպետած դասերին է մասնակցել։

Լուսիա Մուրադեանի հայրը Արթին Մուրդեանն «ԱԼԻՔ»-ի հետ զրոյցում պատմեց նաեւ մրցոյթի նախապատրաստական շրջանում ծագած դժւարութիւնների մասին: «10 օր էր մնում մրցոյթի մեկնարկին, երբ ծագեց 12-օրեայ պատերազմը: Շէնքում համարեայ մարդ չէր մնացել: Քաղաքը ռմբակոծւում էր, հարեւանները հեռացել էինք Թեհրանից. մնացել էինք միայն մենք եւ մեր վերեւի յարկաբաժնի հարեւանը: Նրանց տղան եւս Գերմանիայում սպասւող ջութակի միջզգային փառատօն-մրցոյթի էր պատրաստւում: Պատկերացրէք դրսում ռումբի պայթիւն ու հակաօդայինի կրակոցներն են, իսկ շէնքում՝ դաշնամուրի ու ջութակի իրար խառնւող, բայց այս անգամ հաճելի ձայնները»,- նշում է Արթինը եւ յաւելում, որ երաժշտութեան ձայնը ոչ միայն հանգստութիւն էր բերում, այլեւ երեխաներին կտրում էր դրսում տեղի ունեցածի ստրեսներից: 

Լուսիա Մուրադեանը ծնւել է 2013 թւականին Թեհրանում: Եղել է Հայոց ազգային «Արաքս» դպրոցի սանը: 

Հինգ տարեկանից դաշնամուրի դասեր է առել իր մօրից՝ Ռեբեկա Աշուղեանից: Յիշեցնենք, որ Ռեբեկա Աշուղեանը Թեհրանի արւեստի համալսարանի կոմպոզիտորական ամբիոնի վարիչ եւ դասախօսն է: 

Լուսիան այնուհետեւ դաշնամուրային ուսումը շարունակել է Դելբար Հաքիմաւայի ղեկավարութեամբ: 2021 թւականից սովորում է Արմէն Բաբախանեանի ղեկավարութեամբ: Լուսիան միաժամանակ երաժշտութեան տեսութեան, սոլֆեջոյի և հարմոնիայի դասեր է առնում Վաչէ Շարաֆեանից։ Լուսիան բազմաթիւ միջազգային հեղինակաւոր դաշնամուրային մրցոյթների մրցանակակիր է:

Նա նաեւ  միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների վարպետաց դասերին է մասնակցել, այդ թւում Նատալեա Թրոլի, Պասկալ Գոդառի, Մինորու Միւրա յի եւ Ուրսուլա Ֆոն Լէրբերի։

Related Articles

Back to top button