ՄիջազգայինՔաղաքական

Ֆոն դէր Լայէն. «Եւրամիութիւնը կերկարաձգի ԱՄՆ սակագների դէմ հակաքայլերի կասեցումը մինչեւ օգոստոսի սկիզբ»

«ԱԼԻՔ» – Եւրոպական յանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դէր Լայէնը կիրակի օրը յայտարարել է, որ ԵՄ-ն կերկարաձգի ԱՄՆ սակագների նկատմամբ հակաքայլերի կասեցումը մինչեւ օգոստոսի սկիզբ, քանի որ ձգտում է Միացեալ Նահանգների հետ առեւտրի շուրջ համաձայնեցւած լուծման հասնել: Հաղորդում է Reuters-ը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը սպառնացել է օգոստոսի 1-ից 30-տոկոսանոց սակագին սահմանել Եւրամիութիւնից ներմուծւող ապրանքների վրայ՝ ճիւղային մաքսատուրքերից զատ, չնայած ամիսներ տեւած լարւած բանակցութիւններին։

Յայտարարելով պատասխան միջոցների կասեցման երկարաձգման մասին՝ ֆոն դեր Լայենը լրագրողներին յայտնել է, որ «դաշինքը կը շարունակի հետագայ հակաքայլերի նախապատրաստումը, որպէսզի մենք լիովին պատրաստ լինենք»։

Ապրիլին 90 օրով կասեցւել էր պողպատի եւ ալիւմինի վրայ ամերիկեան սակագների դէմ պատասխան հակաքայլերի առաջին փաթեթի գործողութիւնը, որոնք կարող են կազմել 21 միլիարդ եւրօ (24,6 միլիարդ դոլար) ԱՄՆ-ից ներկրւող ապրանքների համար, որպէսզի բանակցութիւնների համար ժամանակ տրւի։ Կասեցման ժամկէտը պէտք է լրանար երկուշաբթի օրը։

Երկրորդ փաթեթը մշակման փուլում է մայիսից եւ ուղղւած կը լինի 72 միլիարդ եւրօ արժողութեամբ ամերիկեան ապրանքների գնմանը, սակայն այդ միջոցները դեռ չեն հրապարակւել, եւ վերջնական ցուցակը պահանջում է անդամ պետութիւնների հաւանութիւնը։

Ֆոն դէր Լայէնը յաւելել է, որ հարկադրանքի դէմ պայքարի ԵՄ գործիքի կիրառման հարցը դեռ չի քննարկւել։

«(Հարկադրանքի դէմ պայքարի) գործիքը ստեղծւած է արտակարգ իրավիճակների համար, մենք դեռ պատրաստ չենք դրան»,- ասել է նա։

Այս փաստաթուղթը թոյլ է տալիս դաշինքին պատասխան միջոցներ ձեռնարկել երրորդ երկրների դէմ, որոնք տնտեսական ճնշում են գործադրում ԵՄ անդամների վրայ՝ նրանց քաղաքականութիւնը փոխելու նպատակով։ Հնարաւոր պատասխան քայլերը կարող են ներառել ապրանքների եւ ծառայութիւնների մուտքի սահմանափակումը ԵՄ շուկաներ եւ այլ տնտեսական միջոցառումներ, որոնք կապւած են այնպիսի ոլորտների հետ, ինչպիսիք են ուղղակի օտարերկրեայ ներդրումները, ֆինանսական շուկաները եւ արտահանման վերահսկողութիւնը։

Related Articles

Back to top button