ՄիջազգայինՔաղաքական

Գերմանիայի կանցլերը մտադիր է աշխատել Մակրոնի եւ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ՝ ԱՄՆ-ի հետ առեւտրային վէճը լուծելու համար

«ԱԼԻՔ»- Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կիրակի օրը յայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմմանուէլ Մակրոնի եւ Եւրոպական յանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ ինտենսիւ կաշխատի Միացեալ Նահանգների հետ սրւող առեւտրային պատերազմի կարգաւորման ուղղութեամբ։

«Հանգստեան օրերին սա ինտենսիւօրէն քննարկել եմ թէ՛ Մակրոնի, թէ՛ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ»,- ասել է Մերցը գերմանական ARD հեռուստառադիոընկերութեանը տւած հարցազրոյցում՝ յաւելելով, որ այս մասին խօսել է նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

«Ուզում ենք օգտագործել այս ժամանակը՝ երկուսուկէս շաբաթը մինչեւ օգոստոսի 1-ը, լուծում գտնելու համար։ Ես իսկապէս հաւատարիմ եմ դրան»,- ասել է Մերցը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը սպառնացել է օգոստոսի 1-ից 30 տոկոսանոց մաքսատուրքեր սահմանել Մեքսիկայից եւ Եւրոպական միութիւնից ներմուծւող ապրանքների համար, քանի որ ԱՄՆ հիմնական առեւտրային գործընկերների հետ մի քանի շաբաթ տեւած բանակցութիւնների արդիւնքում չի յաջողւել հասնել համապարփակ առեւտրային գործարքի։

Մերցը յայտարարել է, որ մաքսատուրքերը մեծ հարւած կը հասցնեն Գերմանիայի տնտեսութեանը, եւ ինքն անում է հնարաւոր ամէն ինչ, որպէսզի ԱՄՆ 30%-անոց մաքսատուրքերը չսահմանւեն։

Ըստ Մերցի, այժմ անհրաժեշտ է եւրոպական միասնականութիւն եւ խելամիտ երկխօսութիւն ամերիկեան նախագահի հետ, թէեւ չպէտք է բացառել նաեւ հակամիջոցները։

Պատասխանելով այն հարցին, թէ արդեօք կը համաձայնի Ֆրանսիայի առաջարկած պատսախան մաքսատուրքերին, Մերցն ասել է. «Այո, բայց ոչ շուտ, քան օգոստոսի 1-ը»։

Related Articles

Back to top button