Յեղափոխութեան առաջնորդն Ուրւագծել է վերջին խռովութիւնների բնոյթը

«ԱԼԻՔ» – Իսլ. Յեղափոխութեան առաջնրդ այաթ. Խամենէին երէկ՝ հանրութեան հետ հանդիպման ժամանակ իր ելոյթի երկրորդ մասում անդրադարձել է վերջին խռովութիւններին, որով մեծ վնասներ է կրել ժողովուրդն ու համայն երկիրը: Նա նշել է, որ կարեւոր է հասկանալ այդ խռովութիւնների բնոյթը, պատճառները, դերակատարները, եւ կարօտ մնացած լուծումները։
Այաթ. Խամենէին յատկապէս, մատնանշել է օտար ուժերի դերի մասին՝ ներսից խնդիրներ ստեղծելու եւ Իրանի Իսլ. Հանրապետութիւնը թուլացնելու հիմնական նպատակ հետապնդելու փորձերը:
Գերագոյն առաջնորդը վերջին խռովութեան բնոյթը որակել է, որպէս «ամերիկեան»։ ԱՄՆ-ի շարունակական քաղաքականութիւնը, անկախ նախագահի բարձրացրած շարունակական աղմուկից, Իրանը կլանելն է եւ երկրի վրայ իր ռազմական, քաղաքական ու տնտեսական գերիշխանութիւնը հաստատելը, քանի որ նման մեծ, բնական ռեսուրսներով ու գիտատեխնոլոգիական առաջընթաց ունեցող երկիրն իրենց հանդուրժելի չէ։
Նա նաեւ անդրադարձել է աննախադէպ միջամտութեան փաստին: Այաթ Խամենէիի խօսքով նախորդ դէպքերում արեւմտեան պաշտօնեաների միջամտութիւնը հիմնականում սահմանափակւում էր լրատւամիջոցների կամ երկրորդ կարգի քաղաքական գործիչներով։ Սակայն վերջին դէպքի առանձնայատկութիւնը եղել է այն, որ ԱՄՆ-ի նախագահը անձամբ է միջամտել, խօսել, սպառնացել եւ ցուցումներ տւել ցուցարարներին՝ խոստանալով ռազմական աջակցութիւն։
Միջազգային մամուլի անդրադարձը կապւած Իրանի վերջին զարգացումներին
Արեւմտեան ԶԼՄ-ների լայնածաւալ արձագանքը Իրանի Գերագոյն առաջնորդի բնութագրած՝ «Ամերիկեան խռովութիւն» փաստի վերաբերեալ յայտարարութիւններին խօսում է այն մասին, որ այսօրւայ տեղեկացւած աշխարհում լրատւական ուղղւածութիւն թելադրելով հասարակութեան միտքը հեշտութեամբ շեղել իրականութիւններից:
Այաթ. Սէյէդ Ալի Խամենէիի կողմից վերջին խռովութիւնը ԱՄՆ-ի հետ կապելու եւ ԱՄՆ նախագահին «յանցագործ» որակելու յայտարարութիւնները լայն արձագանք գտան եւրոպական եւ արեւմտեան ԶԼՄ-ներում։
Reuters-ը հիմնական շեշտը դրել է այն արտայայտութեան վրայ, որ այաթ. Խամենէին ԱՄՆ նախագահին որակել է «յանցագործ» եւ ԱՄՆ-ին պատասխանատու համարել Իրանի ժողովրդի կրած կորուստների, վնասների ու վշտի համար։ Գործակալութիւնը նաեւ ընդգծել է, որ ԱՄՆ նախագահի անձնական մասնակցութիւնը վերջին խռովութեանը ցոյց է տալիս Վաշինգտոնի ուղիղ եւ ակտիւ դերակատարութիւնը Իրանի իրադարձութիւններում։
Ֆրանս 24 (France 24) ֆրանսական հեռուստաալիքն ուղիղ եթերում ընդգծել է այն հատւածները, որտեղ ցոյցերը որակւում են որպէս «ամերիկեան դաւադրութեամբ խռովութիւն», իսկ ԱՄՆ նախագահը՝ «յանցագործ»։
Sky News բրիտանական ալիքն իր գլխաւոր վերնագիրը յատկացրել է այաթ. Խամենէիի՝ ԱՄՆ նախագահի հասցէին ուղղւած բանաւոր յարձակմանն ու նրան ժողովրդի կորուստների ու վնասների համար պատասխանատու դարձնելու ձեւակերպմանը։ Լրատւամիջոցը նաեւ ընդգծել է Իրանի կողմից ներքին եւ միջազգային յանցագործների նկատմամբ կիրառւելիք պատժի մասին յայտարարութիւնը՝ այն մեկնաբանելով որպէս հարցի վերաբերեալ Թեհրանի «անվտանգային մօտեցման» շարունակութիւն։
(Corriere della Sera) իտալական օրաթերթն ընդգծել է «ամերիկայից սնուցւող անկարգութիւն» խորագիրը եւ «Իրանը կլանելու ծրագիր» ձեւակերպումները, ինչպէս նաեւ «Թրամփի յանցագործ լինելու» մասին պնդումը՝ որպէս ելոյթի գլխաւոր ուղերձ։ Օրաթերթը եզրափակել է, որ այաթ. Խամենէին ԱՄՆ-ին ներկայացրել է որպէս յանցաւոր կողմ, որը պէտք է «պատասխանատւութեան կանչւի տեղի ունեցածի համար»։



