Ռաֆայէլ Գրոսսի. «Պէտք է ձգտել Իրանի հետ նոր համաձայնագրի հասնել»

«ԱԼԻՔ» – Միջազգային Ատոմային Էներգիայի Գործակալութեան (ՄԱԳԱՏԷ) գլխաւոր տնօրէն Ռաֆայէլ Գրոսսին յայտարարել է, որ ՄԱԳԱՏԷ-ն ջանք է գործադրում՝ ճանապարհ հարթել Իրանի հետ նոր համաձայնագրի համար, ինչի նպատակով շարունակաբար խորհրդակցում է Իրանի կառավարութեան եւ պետական առանցքային դերակատարների հետ։
Ըստ ԻՍՆԱ-ի, Գրոսսին նշել է, որ ՄԱԳԱՏԷ-ն փորձում է վերսկսել տեսուչների վերահսկողութիւնն Իրանի միջուկային օբիեկտներում։
Նրա խօսքով՝ ԱՄՆ-ի եւ սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի մի քանի միջուկային օբիեկտների վրայ կատարւած յարձակումներից յետոյ մասամբ խաթարւել է նաեւ միջազգային վերահսկողութիւնը, սակայն տեսուչները որոշ դիտարկումներ են վերսկսել, չնայած նրանց մուտքը յարձակման թիրախ դարձած որոշ կենտրոններ՝ շարունակում է մնալ սահմանափակւած։
Գրոսսին կարեւորել է լիարժէք վերահսկողութեան վերականգնումը՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ լարւածութիւնը նւազեցնելու եւ յետագայ սրումը կանխելու համար։
Նա նաեւ անդրադարձել է 60%-ով հարստացւած մեծ քանակութեամբ ուրանի առկայութեանը, որը նրա խօսքով մօտ է միջուկային զէնքի արտադրութեան համար պահանջւող սահմանագծին, եւ ընդգծել է գործակալութեան կողմից այդ նիւթերի վրայ լիարժէք եւ մշտական դիտարկումը վերսկսելու անհրաժեշտութիւնը։
Գրոսսին յոյս է յայտնել, որ նոր համաձայնագրի ճանապարհը կը հարթեցւի Իրանի ԱԳ նախարարի, ինչպէս նաեւ ԱՄՆ-ի հետ շարունակական կապերի արդիւնքում։ Նա նաեւ զգուշացրել է, որ NPT-ից դուրս գալու հնարաւոր քայլի դէպքում, կը թեժանայ առկայ լարւածութիւնը։



