Լարիջանի-Պուտին հանդիպում

Ռուսաստանի Ինտերֆաքս լրատւական գործակալութեան համաձայն` ԻԻՀ Ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Տեղեկացրել է ԻՌՆԱ-ն:
Աղբիւրի համաձայն՝ ուրբաթ երեկոյեան Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը յայտնել է, որ Ռուսաստանի նախագահը ողջունել է Իրանի Իսլամական Հանրապետութեան Ազգային անվտանգութեան բարձրագոյն ներկայացուցչի այցը եւ հանդիպել նրա հետ։
Մինչ այժմ այս հանդիպման եւ քննարկւած հարցերի վերաբերեալ լրացուցիչ մանրամասներ չեն հրապարակւել։
ՌԴ-ում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպան Քազեմ Ջալալին եւս հաստատել է, որ ուրբաթ երեկոյեան Ալի Լարիջանին Կրեմլի պալատում հանդիպել եւ զրոյց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Ըստ նրա զրոյցների հիմնական ուղղութիւնը երկկողմ յարաբերութիւնների, յատկապէս կողմերին հետաքրքրող տնտեսական կապերի ընդլայնումն է եղել, որի ընթացքում երկու կողմերը խորհրդակցել են կարեւոր տարածաշրջանային եւ միջազգային հարցերի շուրջ։
Լարիջանի․ Եւրոպական երկրների բանակները կը համարւեն ահաբեկչական
Իրանի Իսլամական Հանրապետութեան Ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին արձագանքել է ԵՄ-ի կողմից Իսլամական Յեղափոխութեան պահապանների կորպուսը (Սեփահ) ահաբեկչական ցանկում ընդգրկելու որոշմանը։
Լարիջանին «X» սոցիալական հարթակում գրառմամբ ընդգծել է, որ Իրանի Մեջլիսի ընդունած օրէնքի համաձայն՝ այն երկրների բանակները, որոնք մասնակցել են ԵՄ-ի վերջին որոշմանը՝ ընդդէմ Սեփահի, Իրանի կողմից կը համարւեն ահաբեկչական։ Նրա խօսքով՝ այս քայլի հետեւանքների ամբողջ պատասխանատւութիւնը կրում են եւրոպական երկրները, որոնք դիմել են նման քայլի։
Պուտին. «ՀԱՊԿ-ի շրջանակներում ռազմատեխնիկական համագործակցութիւնը պէտք է ընդլայնել»
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը յայտարարել է ՀԱՊԿ-ի շրջանակներում ռազմատեխնիկական համագործակցութեան ընդլայնման համալիր մօտեցման անհրաժեշտութեան մասին։
ՌԴ նախագահը նշել է, որ 2026 թւականի յունւարի 1-ից Ռուսաստանը նախագահում է ՀԱՊԿ-ում.
«Դա մեզանից պահանջում է համակարգային աշխատանք գործընկերների հետ՝ ռազմատեխնիկական կապերի ընդլայնման համալիր մօտեցումներով»,- նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:



