Իշխան Սաղաթէլեան. «Շատ վտանգաւոր ուղղութեամբ է գնում Հայաստանը»

«ԱԼԻՔ» – «Երբ մենք 4 տարւայ մէջ ասում ենք, որ ինքը միջանցքը վաղուց խոստացել է, ու տալու է, խնդիրն այն է, թէ ով է լինելու այդ միջանցքի վերահսկողութիւն իրականացնողը, իրենք մեզ մեղադրում էին, որ ընդդիմութիւնը մանիպուլացնում է, չկայ այդպէս բան»։ Այս մասին News.am-ի հետ զրոյցում նշել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանը։
«Մինչեւ վերջերս հերքում էր, բայց ակնյայտ է, թէ ինչ է անում ինքը եւ ինչ է ուզում։ Փաստն այն է, որ ինքը լուրջ սահմանափակումներով ՀՀ տարածքով միջանցք է տալիս Ադրբեջանին եւ Թուրքիային։ Հիմա քանի որ դա արդէն փաստ է, որպէսզի ինքը հիմնաւորի, սկսել է հերթական կեղծիքը եւ ստերը՝ փորձելով արդարացնել, նոյնիսկ լկտիութեան աստիճանը հասել է նրան, որ ասում է հիւսիս-հարաւ ճանապարհին էլ ենք միջանցք ասում, հետեւաբար ժողովուրդ ջան, մեր ինքնիշխանութիւնը պահելու ենք։ Փաստ՝ միջանցքը տւել է, հիմա կրկին փորձում է խաբել։ Ինչքա՞ն կարելի է մարդկանց յիմարացնել ՝ իր հերթական զիջումը յանձնումը հիմնաւորելու համար։
Շատ վտանգաւոր ուղղութեամբ է գնում Հայաստանը եւ արտատարածաշրջանային ուժերին բերելով մեր տարածաշրջան, Իրանի սահմանին, դա բերելու է ոչ թէ կայունութեան, խաղաղութեան, կոմունիկացիաների բացման, այլ բերելու է նոր անկայունութեան եւ դրանով մեր խնդիրները ոչ միայն չեն լուծւելու, այլ առաջ են գալու բազմաթիւ նոր անվտանգային հարցեր եւ խնդիրներ»,- ասել է Սաղաթէլեանը։
Դիտարկմանը, որ նոյեմբերի 9-ի յայտարարութեան 9-րդ կէտով Սիւնիքով անցնող ճանապարհն, ըստ էութեան, արտապատւիրակւում էր ռուսներին, նա ասել է. «Նիկոլը այն ժամանակ շատ կտրուկ ասում էր, որ չի կարող լինել միջանցք, որովհետեւ Ադրբեջանը պնդում էր եւ զուգահեռ էր անցկացնում Լաչինի միջանցքի եւ այս միջանցքների միջեւ, որ նոյնը չէին։ Ադրբեջանը ըստ էութեան բլոկադայի ենթարկեց եւ փակեց Լաչինի միջանցքը։ Ի՞նչ արեց Նիկոլ Փաշինեանը. Արեւմուտքի քաւորութեամբ եւ խրախուսանքով յանձնեց Արցախը, որպէսզի Լաչինի միջանցքին զուգահեռ միջանցքների խնդիրը չդրւի՝ մտածելով, որ Արցախը յանձնելով այլեւս Հայաստանի նկատմամբ այլ պահանջներ չեն լինելու։
Բայց պարզւեց Արցախը յանձնելուց յետոյ Հայաստանի նկատմամբ նոր աւելի կտրուկ պահանջներից ոչ միայն Ադրբեջանը չհրաժարւեց, այլ շարունակեց աւելի բարձր մակարդակով պնդել»,- յայտարարել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը։