ԻրանՄիջազգայինՔաղաքական

Newsweek. «Իրանը խորացնելու է կապերը Չինաստանի հետ՝ անկախ ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցութիւնների արդիւնքից»

«ԱԼԻՔ» – Իրանը մտադիր է խորացնել իր գործընկերութիւնը Չինաստանի հետ եւ ամրապնդել տնտեսական կապերն ու պաշտպանական համագործակցութիւնը՝ անկախ Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ միջուկային բանակցութիւնների արդիւնքից։ Այս մասին ըստ ԻՌՆԱ-ի՝ նշւած դ Newsweek-ի վերլուծականում:

Newsweek-ը՝ «Իրանը դիւանագիտական աջակցութիւն ունի ԱՄՆ-ին մարտահրաւէր նետելու գործում» վերնագրով յօդւածում նշել է. «Չինաստանը խոստացել է օգնել Իրանին դիմակայելու ճնշումներին եւ պաշտպանելու իր իրաւունքներն ու շահերը բանակցութիւնների միջոցով»։ Հեղինակաւոր լրատւամիջոցը վկայակոչել է Արաղչիի հետ հանդիպման ժամանակ Չինաստանի արտգործնախարարի յայտարարութիւններն այն ժամանակ, երբ Իրանը միջազգային աջակցութիւն էր փնտրում իր միջուկային օբիեկտների վրայ Իսրայէլի եւ ԱՄՆ-ի յարձակումներից յետոյ։

Նշւած հանդիպումը կայացել էր Չինաստանի Տիանցզին քաղաքում՝ Շանհայի համագործակցութեան կազմակերպութեան 10 անդամների, այդ թւում՝ Ռուսաստանի հետ նիստի շրջանակներում։

Վանգ Իի (Չինաստանի ԱԳ նախարար) աջակցութիւնն Իրանին խօսում է Պեկինի աճող ազդեցութեան մասին Մերձաւոր Արեւելքում, ինչը տեղի է ունենում այն պայմաններում, երբ Իրանին մտահոգում է Իսրայէլի կեցւածքը եւ, բնականաբար, նոր յարձակումների վտանգը նոյնիսկ այն դէպքում, երբ Միացեալ Նահանգները եւ Իրանը քննարկում են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցութիւնների վերսկսման հնարաւորութիւնը։

Յօդւածագիրը նշել է, որ Չինաստանի խորացող ազդեցութիւնը էներգիայի եւ գլոբալ անվտանգութեան համար կենսական նշանակութիւն ունեցող տարածաշրջանում, բացայայտում է նրա ռազմավարական նպատակները, որով կարող են բարդացւել ԱՄՆ-ի ծրագրերը՝ պահպանելու իր գերիշխանութիւնը տարածաշրջանում։

Պարբերականը նշել է նաեւ, որ Չինաստանն այն երկրների շարքից էր, որոնք դատապարտել են Իսրայէլի ու ԱՄՆ-ի կողմից Իրանի վրայ կատարւած յարձակումները: Պեկինն իր միջնորդութիւնն է առաջարկել տարածաշրջանում խաղաղութիւնը վերականգնելու հարցում։ Վանգ Ին չորեքշաբթի (յուլիսի 16-ին) վերահաստատել է երկխօսութեան կարեւորութիւնը՝ առաջարկելով օգնել Իրանին պարտադրանքներին հակազդելու հարցում։

«Չինաստանը կը շարունակի աջակցել Իրանին իր ազգային ինքնիշխանութիւնն ու արժանապատւութիւնը պաշտպանելու, ուժի եւ պարտադրանքի քաղաքականութեանը դիմակայելու եւ իր օրինական իրաւունքներն ու շահերը քաղաքական բանակցութիւնների միջոցով պաշտպանելու հարցում»,- ասել է Ին Արաղչիին, ըստ չինական պետական լրատւամիջոցների։

Չինական պետական լրատւամիջոցները հրաժարւել են ուղղակիօրէն անուններ տալ կամ նշել Իսրայէլին կամ Միացեալ Նահանգներին, սակայն վերջին օրերին Չինաստանը մեղադրել է Միացեալ Նահանգներին այլ երկրներին ծանր մաքսատուրքերի ու սակագների պարտադրման մէջ։

Իրանը եւ ԱՄՆ-ը միջուկային բանակցութիւնների հինգ ռաոնդ են անցկացրել Իսրայէլի անցեալ ամիս կատարած յարձակումներից առաջ։ Միացեալ Նահանգները պահանջել էր Իրանի կողմից ուրանի հարստացման լիակատար դադարեցում: Իրանը մերժել է այդ պահանջը՝ յայտարարելով, որ չի համաձայնի ուրանի հարստացումը դադարեցնելու պահանջներին, եւ յաւելել, որ իր բալիստիկ հրթիռների ծրագիրը քննարկման ենթակայ չէ։

Այս կապակցութեամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը յայտարարել է, որ չի շտապում Իրանի հետ բանակցութիւններ վարելու հարցում, քանի որ պնդում է, որ Իրանի միջուկային օբիեկտները «ոչնչացւել են» ԱՄՆ հարւածների արդիւնքում: Այս կապակցութեամբ Newsweek-ը յիշեցրել է, որ Չինաստանում իր բանակցութիւնների ժամանակ Արաղչին ընդգծել է, որ Իրանը չունի միջուկային զէնք մշակելու մտադրութիւն, եւ չի հրաժարւելու միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման իր իրաւունքից։

Պարբերականը յղում տալով չինական «Սինհուա»-ին նշել է, որ Իրանը չինական կողմին տեղեկացրել է, որ պատրաստ է վերսկսել միջուկային հարցի շուրջ բանակցութիւնները՝ փոխադարձ յարգանքի հիման վրայ։

Յօդւածագիրը յիշեցրել է, որ Չինաստանն իրանական նաւթի խոշոր ներկրողներից է, իսկ վերջին ամսւայ ընթացքում չի բացառել բարեկամ երկրներին զէնք վաճառելու իր պատրաստակամութիւնը: Սա ընդգծել են Չինաստանի պաշտօնեաններն Իրանին J-10 կործանիչներ վաճառելու մասին տեղեկատւութիւնից յետոյ։

«Չինաստանը մեծ նշանակութիւն է տալիս Իրանի կողմից միջուկային զէնք չմշակելու պարտաւորութեանը»,- ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վանգ Ին։

«Մերձաւոր Արեւելքում իրավիճակը մնում է բարդ ու զգայուն։ Չինաստանը պատրաստ է համագործակցել միջազգային միւս դերակատարների հետ՝ խաղաղութեանը խթանելու, քաղաքական լուծումներ առաջ մղելով, եւ տեւական կայունութիւնը վերականգնելու համար», – չորեքշաբթի օրը մամուլի ասուլիսում յայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարութեան խօսնակը:

«Իրանը մտադիր է խորացնել Չինաստանի հետ իր գործընկերութիւնը եւ ամրապնդել տնտեսական կապերն ու պաշտպանական համագործակցութիւնը՝ անկախ Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ միջուկային բանակցութիւնների արդիւնքից»,- եզրակացրել է Newsweek-ը:

Related Articles

Back to top button