Բելգիայի Դաշնային խորհրդարանն ընդունել է Արցախի մասին բանաձեւ՝ դատապարտելով Ադրբեջանին

2025 թ. յուլիսի 18-ին Բելգիայի երկպալատ դաշնային խորհրդարանի ստորին մարմինը՝ Ներկայացուցիչների պալատը, միաձայն ընդունել է «Լեռնային Ղարաբաղի իրավիճակի եւ Հարաւային Կովկասում խաղաղութեան անհրաժեշտութեան վերաբերեալ» բանաձեւը: Այս բանաձեւն ի սկզբանէ դրական կարծիք էր ստացել Բելգիայի Դաշնային խորհրդարանի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի կողմից յուլիսի 2-ին՝ միաձայն քւէարկութեան արդիւնքում։
Բանաձեւը ներկայացւել է պատգամաւորներ Էլս Վան Հուֆի եւ Միշէլ Դը Մակդի կողմից։ Այն հիմնւած է նախորդ խորհրդարանական դիրքորոշումների, ինչպէս նաեւ Եւրոպական խորհրդարանի կողմից ընդունւած նմանատիպ փաստաթղթերի վրայ։ Ընդունւած բանաձեւը միանշանակօրէն դատապարտում է Ադրբեջանի ռազմական յարձակումը Լեռնային Ղարաբաղի հայութեան դէմ, ինչպէս նաեւ դրան նախորդած Լաչինի միջանցքի շրջափակումը՝ ընդգծելով, որ այդ գործողութիւնները հանդիսանում են միջազգային իրաւունքի լուրջ խախտումներ։ Այն նաեւ դատապարտում է Ադրբեջանի ագրեսիւ հռետորաբանութիւնը Հայաստանի դէմ եւ վերահաստատում է աջակցութիւնը Հայաստանի տարածքային ամբողջականութեանը։
Բանաձեւը Բելգիայի դաշնային կառավարութեանը կոչ է անում ՝
– Աջակցել Ադրբեջանի կողմից իրականացւած յանցագործութիւնների միջազգային հետաքննութեանը, այդ թւում՝ Հաագայի Միջազգային քրէական դատարան դիմելու միջոցով։
– Խորացնել համագործակցութիւնը Հայաստանի հետ։
– Պահանջել 2023 թ. սեպտեմբերի 19-ից յետոյ կալանաւորւած բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակում, ապահովել նրանց հիմնարար իրաւունքները եւ արդարադատութեան հասանելիութիւնը։
– ԵՄ մակարդակով պաշտպանել նպատակային պատժամիջոցների կիրառումը այն անձանց եւ կազմակերպութիւնների նկատմամբ, ովքեր պատասխանատու են հրադադարի խախտումների, մշակութային ժառանգութեան ոչնչացման, մարդու իրաւունքների խախտումների եւ Հայաստանի ինքնիշխանութեանը սպառնացող գործողութիւնների համար։
Բանաձեւը, Ադրբեջանից հաշւետւողականութիւն պահանջելով, վերջինիս նաեւ յորդորում է.
-Հետեւել միջազգային պարտաւորութիւններին եւ ՄԱԿ-ի Արդարադատութեան միջազգային դատարանի պարտադիր որոշումներին։
-Երաշխաւորել Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի իրաւունքները եւ ապահով, անխոչընդոտ վերադարձը՝ միջազգային վերահսկողութեան եւ անվտանգութեան երաշխիքների ներքոյ։
– Դադարեցնել սադրիչ հռետորաբանութիւնն ու ձեռնպահ մնալ Հայաստանի տարածքային ամբողջականութեան դէմ գործողութիւններից։
– Ներգրաււել Լեռնային Ղարաբաղի հայերի հետ թափանցիկ երկխօսութեան մէջ՝ նրանց անվտանգութիւնն ու իրաւունքները երաշխաւորելու նպատակով։
– Թոյլատրել անկախ բժիշկների խմբի այց՝ կալանաւորւած հայերին զննելու համար։
– Պաշտպանել Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային, պատմական եւ կր0նական ժառանգութիւնը եւ թոյլատրել ԻՒՆԵՍԿՕ-ի առաքելութեան մուտքը տարածք՝ յուշարձանների գնահատման նպատակով։
– Դուրս բերել զօրքերը Հայաստանի տարածքից։
ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի յանձնախմբի նախագահ Գասպար Կարապետեանը ողջունել է բանաձեւի միաձայն ընդունումը՝ նշելով. «Այս բանաձեւը յստակ եւ վճռական դիրքորոշում է Բելգիայի խորհրդարանի կողմից՝ ուժեղացնելով միջազգային կոչերը՝ յանուն խաղաղութեան, մարդու իրաւունքների եւ միջազգային իրաւունքի պահպանման անկայուն Հարաւային Կովկասում։ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իրենց հայրենիք անվտանգ վերադարձի իրաւունքը անժխտելի է, եւ այս միաձայն քւէարկութիւնը ընդգծում է այդ իրաւունքի անբեկանելիութիւնը։ Ադրբեջանի կողմից շարունակւող ագրեսիւ հռետորաբանութիւնը պէտք է դադարեցւի։ Շնորհակալութիւն մեր բելգիացի բարեկամներին՝ մարդու իրաւունքների, արդարութեան եւ ճշմարտութեան ձայնը բարձրացնելու համար։ Ոչ մի գազի պաշար կամ հարստութիւն չի կարող սրբել մարդկութեան դէմ գործած յանցագործութիւնները կամ լռեցնել նրանց, ովքեր պայքարում են ճշմարտութեան համար»։
Ներկայացուցիչների պալատում բանավէճի ընթացքում բազմաթիւ պատգամաւորներ խրախուսել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղութեան համաձայնագրի շուրջ շարունակւող բանակցութիւնները, սակայն շեշտել են, որ խաղաղութիւնը եւ հաշտեցումը պէտք է հիմնւած լինեն միջազգային իրաւունքի վրայ եւ լինեն արդար։ Էլս Վան Հուֆը ազդեցիկ ելոյթ է ունեցել՝ յիշեցնելով, թէ ինչպէս պատերազմի ընթացքում Ադրբեջանի ագրեսիան ստիպեց աւելի քան հարիւր հազար էթնիկ հայերի տեղահանւել սեփական հայրենիքից, ինչպէս աւերւեցին գիւղերը եւ եկեղեցիները՝ յանցաւոր գործողութիւններ, որոնք արժանի են միջազգային դատապարտման եւ պատասխանատւութեան։ Նմանապէս, Միշէլ Դը Մակդը վերահաստատել է իր աջակցութիւնը Լեռնային Ղարաբաղի հայերին եւ դատապարտել նրանց նկատմամբ իրականացւած «ամբողջական էթնիկ զտումը»։ Նա նաեւ քննադատել է Հայաստանի հանդէպ Ադրբեջանի անհասկանալի նախապայմանները եւ կարեւորել Ադրբեջանին ճնշելու անհրաժեշտութիւնը՝ հրաժարւելու իր ագրեսիւ հռետորաբանութիւնից:
ՀՅԴ ԲԻՒՐՈՅԻ ՀԱՅ ԴԱՏԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆԵԱԿ
18 յուլիս, 2025 թ.