ԱՄՆ պետքարտուղար. «Ուկրաինան եւ Ռուսաստանը պէտք է փոխադարձ զիջումների գնան»

«ԱԼԻՔ» – Միացեալ Նահանգների Սենատը միաձայն հաստատել է 53-ամեայ հանրապետական Մարկօ Ռուբիոյին ԱՄՆ պետքարտուղարի պաշտօնում։ Հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները:
Ռուբիոյի թեկնածութիւնը պաշտպանել է 99 սենատոր, այդ թւում՝ ինքը։
Նա այդ պաշտօնում առաջադրւել է նախագահ Դոնալդ Թրամփի կողմից եւ դարձել 47-րդ նախագահի կաբինետի առաջին հաստատւած անդամը։
Պետքարտուղարի պաշտօնում ընտրւելուց յետոյ Ռուբիոն լրագրողների հետ զրոյցում անդրադարձել է ուկրաինական պատերազմի թեմային՝ նշելով, որ չի կարող ժամանակահատւած սահմանել Ուկրաինայում պատերազմի աւարտի համար:
Ռուբիոն, սակայն, առաջարկել է, որ կողմերից իւրաքանչիւրը գնայ զիջումների, ինչը ցանկացած հակամարտութիւն լուծելու բնական մասն է։
«Ամէն անգամ, երբ աւարտում ենք հակամարտութիւնը երկու կողմի միջեւ, որոնցից ոչ մէկը չի կարող հասնել իր առաւելագոյն նպատակին, կողմերից իւրաքանչիւրը պէտք է հրաժարւի ինչ-որ բանից»,- ասել է Ռուբիոն։
Նա չի յստակեցրել, թէ ինչ զիջումների մասին կարող է խօսք լինել, սակայն նշել է, որ վերջնական որոշումը պէտք է կայացնեն Ուկրաինան եւ Ռուսաստանը։ Ռուբիոն նաեւ ասել է, որ պատերազմի աւարտը Դոնալդ Թրամփի առաջնահերթութիւնն է։
«Կարելի է յուսալ, որ որոշ հիմքեր արդէն դրւած են, բայց դժւար կը լինի։ Ռուսաստանը ագրեսոր է այս հակամարտութիւնում, բայց այս պատերազմը պէտք է դադարեցւի»,- աւելացրել է ԱՄՆ նորընտիր պետքարտուղարը։