Շոլցը շնորհաւորել է CDU/CSU դաշինքի կանցլերի թեկնածու Մերցին՝ յաղթանակի առթիւ

«ԱԼԻՔ» – Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ստանձնել է ընտրութիւններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատականկուսակցութեան (SPD) պարտութեան պատասխանատւութիւնը։ «Սա դառը արդիւնք է կուսակցութեան համար, սա պարտութիւն է ընտրութիւններում»,- ասել է Գերմանիայի նախարարների կաբինետի ղեկավարը։
Շոլցը շնորհաւորել է պահպանողական Քրիստոնեայ-դեմոկրատական եւ Քրիստոնեայ-սոցիալական միութեան դաշինքի (CDU/CSU) առաջնորդ Ֆրիդրիխ Մերցին յաղթանակի կապակցութեամբ։ Այս մասին տեղեկացնում է news.am-ը:
Աւելի վաղ ZDF հեռուստաալիքը, վկայակոչելով exit poll-ի տւեալները, յայտնել էր, որ Գերմանիայում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրութիւններում ձայների գրեթէ 29%-ով յաղթել է Մերցի պահպանողական CDU/CSU դաշինքը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է աջակողմեան «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցութիւնը՝ ռեկորդային 20%-ով, իսկ երրորդը՝ Շոլցի SPD-ն է, որը հաւաքել է 16.5% եւ ցոյց է տւել «պատմականօրէն վատ» արդիւնք։
Փետրւարի 23-ին Գերմանիայում տեղի են ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ, որոնք կարող են շրջադարձային դառնալ ոչ միայն երկրի, այլեւ ամբողջ Եւրոպայի համար։ Որպէս Եւրամիութեան տնտեսական լոկոմոտիւ՝ Գերմանիան որոշում է դաշինքի քաղաքական եւ տնտեսական օրակարգը, իսկ քւէարկութեան արդիւնքը կազդի միջազգային յարաբերութիւններում նրա դերի վրայ, ներառեալ՝ Ռուսաստանի հանդէպ մօտեցումը: