ԱԳՆ. «Ղարաբաղի բնակիչների իրաւունքների հարցը դուրս է եկել կարգաւորման օրակարգից»

«ԱԼԻՔ» – «Լեռնային Ղարաբաղի հայութեան բռնի տեղահանութեան եւ Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերեալ հրամանագրի հրապարակումից յետոյ խնդիրը դուրս է եկել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջպետական յարաբերութիւնների կարգաւորման օրակարգից»,- «Ազատութեան» հարցմանն ի պատասխան՝ փոխանցել են արտգործնախարարութիւնից:
Գերմանիայի նախագահի հետ համատեղ ասուլիսում Ադրբեջանի նախագահ Ալիեւը յայտարարել է, որ բանակցութիւններում գլխաւոր խոչընդոտը եղել է այն, որ մինչեւ 2024 թւականի յունւարը «Հայաստանը հաստատակամօրէն փորձում էր խաղաղութեան պայմանագրում ներառել այսպէս կոչւած՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ճակատագիրը»»: «Ազատութիւն»-ը արտաքին քաղաքական գերատեսչութիւնից հետաքրքրւել է՝ այդպէ՞ս է եղել:
«Նախկինում քանիցս յայտարարել ենք, որ Ադրբեջանի հետ բանակցութիւններում Հայաստանն աշխատանքներ էր տանում Լեռնային Ղարաբաղի հայութեան անվտանգութեան եւ իրաւունքների ապահովման, այդ թւում եւ այդ խնդիրների հասցէագրման միջազգային մեխանիզմի ստեղծման ուղղութեամբ։ Դրան էին նաեւ միտւած երրորդ երկրներում Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումների կազմակերպման ջանքերը, որոնք մերժւեցին Լեռնային Ղարաբաղի կողմից։ Լեռնային Ղարաբաղի հայութեան բռնի տեղահանութեան եւ Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերեալ հրամանագրի հրապարակումից յետոյ խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետութեան եւ Ադրբեջանի Հանրապետութեան միջեւ միջպետական յարաբերութիւնների կարգաւորման օրակարգից»,- նշել են արտգործնախարարութիւնից։ Լուրը հաղորդում է Yerevan.today-ը: