Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ռումբ, որի մասին իշխանութիւնը չգիտի

ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՒԵՏԻՍԵԱՆ

 

«Հայկական կողմը տեսնում է, որ հնարաւորութիւն կայ համաձայնեցնելու խաղաղութեան պայմանագրի չհամաձայնեցւած կէտերը։ Ցանկացած խաղաղութեան պայմանագիր լաւ է, երբ կան փոխզիջումներ»,- Փաշինեան-Ալիեւ հանդիպումները դրական գնահատելով՝ յայտարարել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Յարութիւնեանը։

Այս յայտարարութիւնը, որը ոչ թէ առանձին վերցրած ՔՊ-ականի, այլ ՀՀ արտաքին քաղաքականութեան խտացւած դիրքորոշումն է, կիսաճշմարտութեան կամ կիսախաբէութեան դասական արտայայտութիւն է։ Տեսական ճշմարտութեան ու գործնական ստի փայլուն օրինակ։

 Այո, տեսականօրէն դրական է, երբ հակամարտող կողմերի միջեւ կան փոխզիջումներ։ Դրանով այս դիրքորոշման մէջ ճշմարտութիւնը վերջանում է եւ սկսւում է խաբէութիւնն այն մասին, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցւող փաստաթուղթը պարունակում է փոխզիջումներ։

Փոխզիջում լինում է, երբ կողմերից մէկը ներկայացնում է պահանջներ, որից որոշակի նահանջը՝ դիմացի կողմի համարժէք նահանջի դէպքում, համարւում է փոխզիջում։ Հայ-ադրբեջանական բանակցութիւններում դա գոյութիւն չունի, քանի որ Հայաստանը խաղաղութեան պայմանագրում չի ներառել կենսական որեւէ պահանջ՝ արցախահայերի անվտանգ վերադարձ Արցախ, Բաքւում պահւող ռազմագերիների ազատ արձակում, Արցախի մշակութային ժառանգութեան անձեռնմխելիութիւն եւ այլն։ Այս պայմաններում բանակցւող փաստաթուղթը բաղկացած է ոչ թէ փոխզիջումներից, ինչպէս ներկայացնում է իշխանութիւնը, այլ Հայաստանի միակողմանի զիջումներից, ինչպէս ակնյայտ է հրապարակայնացւած տեղեկութիւններից։

Ադրբեջանի հետ «փոխզիջումների» անւան տակ զիջումներ կատարող ՀՀ իշխանութիւնը սեփական հանրութեան հետ հանդէս է գալիս միանգամայն հակառակ դիրքից՝ հայ-ադրբեջանական յարաբերութիւնների, Արցախի հիմնախնդրի հարցում չցուցաբերելով ժողովրդի հետ փոխզիջման գնալու որեւէ պատրաստակամութիւն։ Ինչպէս Ադրբեջանն է վարւում հայկական իշխանութեան հետ՝ առանց որեւէ էական փոխզիջման պահանջելով իր ներկայացրած պահանջների անվերապահ կատարում, այնպէս էլ ՀՀ իշխանութիւնն է վարւում սեփական քաղաքացիների հետ՝ գոյաբանական այդ խնդրի հետ կապւած որեւէ փոխզիջման չգնալով։

Փաշինեանը եւ իր թիմը իրականացնում են քաղաքականութիւն, որն ամբողջութեամբ փակելու է Արցախի էջը, Արցախի հարցը՝ արցախահայերի իրաւունքների պաշտպանութիւնն ամբողջութեամբ դուրս դնելով հայկական քաղաքական-պաշտօնական օրակարգից։

 Ենթադրենք, այդ քաղաքականութիւնը ոչ թէ դաւաճանութեան, ոչ թէ սեփական իշխանութիւնն ամէն գնով պահպանելու արդիւնք է, ինչպէս վստահ է հասարակութեան բաւական մեծ մասը, այլ իշխանութեան կազմում որոշումներ կայացնողների համոզմունքը եւ վստահութիւնը, որ դա է պահանջում Հայաստանի շահը։ Բայց ակնյայտ է, որ անկախ դրդապատճառներից՝ այդ մօտեցումը, այդ քաղաքականութիւնը չի կիսում ողջ հայ ժողովուրդը։ Խնդիրը միայն էլեկտորալ ցուցանիշները չեն, որոնցով այդ մօտեցումը չկիսողներն ընտրել են դրա դէմ պայքարող ընդդիմութեանը։ Դա հարցի նեղ, տեխնիկական դիտանկիւն է։

Աւելի մեծ համապատկերում ակնյայտ է, որ Արցախից ամբողջութեամբ հրաժարւելու քաղաքականութիւնը չի կարող հաւանութեան արժանանալ հասարակութեան անգամ պարզ, թւաբանական մեծամասնութեան կողմից։

Այլ խօսքով, Արցախից հրաժարւելու ու Ադրբեջանի հետ նման կերպ խաղաղութիւն կնքելու հարցերում իշխանութիւնը չունի փոխզիջում հայ ժողովրդի հետ։ Իսկ դա նշանակում է, որ եթէ անգամ մեխանիկօրէն՝ իշխանական լծակներին տիրապետելու ու պետութեան անունից կնիք ու ստորագրութիւն դնելու բերումով իշխանութիւնը կնքի այդ համաձայնագիրը, դա՝ չլինելով հանրային կոնսենսուսի արտայայտութիւն, չի կարող երաշխաւորել այն խաղաղութիւնը, որը նոյն այդ իշխանութիւնը ներկայացնում է՝ որպէս դրախտի ճանապարհ։ Պետութեան համար կարեւորագոյն հարցերում հանրային փոխզիջումը ցանկացած երկրի անվտանգութեան համար ունի առանցքային նշանակութիւն։

Հայաստանի իշխանութիւնը, սակայն, առանց այդ փոխզիջման պատրաստւում է նորանկախ երկրի պատմութեան համար ամենակենսական քայլին՝ չցանկանալով կամ չկարողանալով հասկանալ, որ թշնամու հետ փոխզիջումը՝ առանց ներքին կոնսենսուսի, կարող է պայթեցնել ոչ միայն պետութիւնը, այլ առաջին հերթին՝ իշխանութիւնը, որի պահպանման հարցում իրենք փոխզիջման են գնում բոլորի, անգամ թշնամիների, բայց ոչ՝ սեփական ժողովրդի հետ։  

168.am

Related Articles

Back to top button