Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ընդունեց Արդաբիլի հնապահպանութեան տնօրէնին
Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Երեքշաբթի՝ հոկտեմբերի 29-ի առաւօտեան ժամը 11:00-ին, Ատրպատկանի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը ազգային առաջնորդարանի «Էմիլ Յակոբեան» դահլիճում ընդունեց, Իրանի Արդաբիլ նահանգի հնապահպանութեան ընդհանուր տնօրէն՝ Հասան Մոհամմադի Ադիլի պաշտօնական այցելութիւնը: Նրան ընկերակցում էր ճարտարապետ Մոջթապահ Ջաւան Աջեդատը՝ հնութիւններ համախմբող խմբի տնօրէն: Սոյն հանդիպմանը ներկայ էին Ատրպատականի հայոց թեմի Թեմական խորհրդի անդամներից՝ ատենապետ Գագիկ Ջորջեանը, Ալէն Սայեադեանը, Հենրիկ Աբրահամեանը, եւ ատենադպիր՝ Վարդան Կարապետեանը:
Նշենք, որ շուրջ կէս տարի առաջ, Ատրպատականի հայոց թեմի Թեմական խորհրդի մեծ իրագործումներից հանդիսացաւ, Արդաբիլի հայոց Ս. Աստւածածին եկեղեցու փրկումը, տեղին տիրացած մարզական հնամեայ արւեստի մի խմբից, թեմի կողմից բացւած դատական հայցի արձանագրած յաջողութեամբ:
Առաջնորդ Սրբազան Հայրը ողջունելով ներկաներին, Իրանի կրօնական հովանաւորութիւն վայելող երկրի պայմաններում ստեղծւած սխալին վերանայել տւեց հիւրերին, յիշեցնելով, որ Աստծու տները աղօթքից բացի կարող են միայն թանգարանային իրավիճակ ստանալ, երբ այլեւս իրենց շրջապատում նոյն կրօնին պատկանող հաւատացեալներ չունեն:
Ընդհանուր տնօրէնը վերահաստատելով Սրբազան Հօր բացատրութիւնը, նշեց որ Հնապահպանման պետական հիմնարկութեան տնօրէնութիւնը, ինչպէս նաեւ Արդաբիլի աղօթապետը միշտ պատրաստ են լաւագոյնը մատուցելու հայերի թողած պատմութեան եւ մշակութային ժառանգութեանը: Նա նշեց, որ մինչեւ այսօր քաղաքի կենտրոնական մասերից մէկում գտնւող հայոց եկեղեցու լայն պողոտան կոչւում է «Էրմանիստան» (Հայաստան), երբ նոյնիսկ ո՛չ մի հայ չի՛ ապրում յիշեալ քաղաքում:
Հասան Մոհամմադի Ադիլի յատուկ հրաւէր տւեց Սրբազան Հօրը եւ Թեմական խորհրդին, մօտ ապագայում հանդիպում ունենալու Արդաբիլում, տեղում վերոյիշեալ ծրագրերին որոշումներ կայացնելու համար:
Ատրպատականի հայոց թեմի Թեմական խորհրդի անդամները, սկսեալ ատենապետից, գործնական քայլերի մասին արտայայտւեցին, յատկապէս յիշելով օրինական բոլոր միջոցները, հայոց եկեղեցու դարաւոր անցեալի յիշատակութեան եւ բոլոր այցելուներին ներկայացնելու առաջիկայ աշխատանքներում:
Պետական հիւրերը առիթ ունեցան նաեւ այցելութիւն տալու Թաւրիզի ազգային առաջնորդարանի «Ռոստոմ Գասպար» գրադարան, որը վերանորոգութեան ենթարկւելով փայլուն իրավիճակ է ստացել: Նրանք նաեւ ականատես դարձան առաջնորդարանում պահպանւած հնատիպների բաժանմունքի բծախնդիր վերանորոգման ու վերադասաւորմանը, այս մասին առաջնորդ Սրբազան Հօր լայն բացատրութիւնները լսելով: Նոյն առիթով, Սրբազանը իր հեղինակած եռահատոր մատենաշարից նւիրեց հիւրերին, որոնցով գրել էր թեմի բոլոր եկեղեցիների պատմութիւնը: