ԱտրպատականՀամայնք

Մշակոյթով բուժւելու կարիքը

Խմբագրական «Արտազ» պաշտօնական ամսագիր

Հոկտեմբեր ամսին, մեր ազգային յիշողութիւնը եւ ապագայ գործունէութիւնը վերաքննելու պարտականութիւնն ունենք, որը շարունակաբար իբրեւ առիթ ընծայւում է մեզ, 406 թ.-ից մինչեւ այսօր:

Հայի միտքը, սկսեալ Ե դարից, դարերի ընթացքում մեծ զարգացումներով, գրականութեան միջոցով ամրապնդւեց:

Ազգի կազմաւորումը հայոց պատմութեան վաղ ժամանակներից խոր ազդեցութիւն է ունեցել համահայկական ինքնութեան՝ անյայտ ժամանակում յայտնութեանը, որը մեր հաւաքական եւ միասնական կեանքի խոր արմատներն է կազմում:

Հիւանդութիւնների տեսակները այնքան են ճանաչելի դարձել արդի գիտութեանը, որ իւրաքանչիւրի համար մասնագիտական բժշկութիւն է սահմանւել: Համալսարանական կրթութիւնը արդէն իսկ իր գիտնական դասախօսներն ունի, որոնք առողջական մանրազնին կէտերով ուսումնասիրութիւնները ներկայացնում են ուսանողութեան, նոր մասնագէտներ գործի լծելու նախանձախնդիր հեռանկարով:

Մարդկային առողջական խնդիրներից բացի, քաղաքական եւ դիւանագիտական «հիւանդութիւնները» նւազ ուշադրութեան առարկայ չեն, այսօրւայ հրապարակային ասպարէզում:

Հայ քաղաքական մտքի հասունացումը հարիւր եւ աւելի տարիներից ի վեր չի՛ հասել մասնաւոր արդիւնքի, որովհետեւ քաղաքականութիւնը արձանագիր օրէնք չի՛ ունեցել, երբեք, այլ մնայուն փոփոխութիւնների ենթակայ է եղել, տարիների ընթացքում ապրող մարդկանց վերաբերմունքից կախեալ լինելով, ինչպէս նաեւ նոր դարաշրջանում որդեգրւած նորակազմ շարժումներից ազդւելով:

Վերոյիշեալ իրավիճակից տարբերւում է մշակոյթը, դրա անցեալի ժառանգութեամբ եւ ներկայի զարգացումով: Այն ազգերը, որոնք գոյութիւն չունեն եւ փակւել է նրանց պատմութեան գիրքը, եթէ մշակութային ընթացք ունեցել էին, դա անպայման արտացոլալու է ապագայ ժողովուրդների եւ նոր պատմութիւն կերտողների մտքից ու հոգուց:

Մարդկութիւնը իրար պատմութիւնը եւ յատկապէս մշակոյթը օրինակելու մեծ փորձութեան առաջ է գտնւել, որովհետեւ օրինակելու դէպքում միայն լաւագոյնն է ընտրել: Չարը ընդօրինակողներ եղել են, եւ մինչեւ այսօր կան մարդկային ցեղի մէջ, սակայն մշակութային գանձերի ընդօրինակումը, բարեզարդումն ու առաւել եւս ծաղկեցումը, մշակութային վերելք են պարգեւում մարդկութեանը, եւ համայն աշխարհի պատմութեանը:

Մշակոյթը խօսում է անցեալի մարդկութեան բարոյական ինքնութեան մասին: Պատերազմական գործիքների, նւագարանների, հողամշակութեան իրերի, հագուստեղէնների, կանանց զարդարւեստի վզնոցների ու ապարանջանների, արքայական մատանիների եւ այլ գոյքերի հաւաքածոները այսօր ճոխացնում են թանգարանների շքեղ ցուցադրասրահները:

Ո՛չ ամբողջական սոյն հաւաքածոներում ցուցադրւած բոլոր տեսակի նիւթերի շարքում անյարիր ներկայութիւն են, մշակոյթի մնացեալ ծաղկունքի հետ առնչութիւն չունեցող զէնքերն ու պատերազմական գործիքները: Դրանց մասին, երկաթէ դարի յառաջադիմութիւնները ներկայացնելու ի խնդիր, շատերը մեծ իրագործում են համարում զինագործարանների աշխատանքը, որը հետզհետէ ստացել է «ինքնապաշտպանութիւն» կոչումը:

Մշակոյթը, անձերն ու ազգութիւնները յաւերժացնող երեւոյթ է այս աշխարհի պատմութեան մէջ: Եթէ այսօր մեր բոլորի ապրած երկրներում զգալի են անհանդարտ խղճերն ու իրար կոտորելու նախապատրաստութիւնները, դա նշանակում է, որ հին զինամթերքի ցուցադրման մշակութային փառքը, այսօր վերածւել է սպանութեան արարքը յաւերժացնող ոյժի ցուցադրման ոճրամէտ հանդէսի…: Առածը ասում է. «Համբերութիւնը կեանք է». բայց չմոռանանք, որ մնացեալը՝ տանջանք է:

Ատրպատականի հայոց թեմի հրատարակչութիւն «Արտազ» ամսագիր (թիւ 10, հոկտեմբերի 2024 թ.)

Related Articles

Back to top button