
«ԱԼԻՔ» – Հայաստանեայց Առաքելական եկեղեցին փետրւարի 14-ին նշեց Տեառնընդառաջի տօնը, որը նշանաւորում է քառասնօրեայ Յիսուս Քրիստոսի տաճար ընծայումը:
Այդ առիթով, հինգշաբթի՝ փետրւարի 13-ին երեկոյեան, Թեհրանի բոլոր եկեղեցիներում կատարւել է Տեառնընդառաջի հանդիսաւոր նախատօնակ: Քանի որ Տեառնընդառաջի տօնը, նաեւ հայ մանկան օրհնութեան տօնն է, այդ առիթով ծնողները նաեւ իրենց նորածին մանուկներին բերել էին եկեղեցի, եւ եկեղեցական արարողութեան ընթացքում կատարւեց նորածինների տաճար ընծայման խորհրդաւոր կարգը:
Եկեղեցական արարողութիւնների աւարտին, օրհնւած մոմով եկեղեցիների բակում վառւել էր խարոյկներ եւ եկեղեցական խորհուրդների միջոցով կազմակերպւել էր աւանդական խարոյկի միջոցառում եւ հիւրընկալութիւն:
Նշենք, որ տօնի առիթով Թեհրանի հայկական միութիւններում եւս կազմակերպւել էր խրախճանք ,որպէսզի հայրենակիցները նշեն Տեառնընդառաջի տօնը կամ ինչպէս ընդհանրացած է ժողովրդական բարբառով՝ Տրնդէզը: