Դաշնակցական ԲեմՀայաստան - ԱրցախՔաղաքական

Մուրադ Փափազեան. «Մենք պէտք է կառուցենք ապագայի Հայաստանը՝ հիմնւելով մեր արմատների վրայ»

«ԱԼԻՔ» – Օրերս ՀՀ ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեանը յայտարարեց, որ արցախահայերը պէտք է մնային եւ կռւէին, չպէտք է լքէին Արցախը, այս յայտարարութեան պատճառների, իրական-պատմական Հայաստան դիսկուրսի եւ այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանի հետ:

– Պարո՛ն Փափազեան, օրերս Աժ նախագահ Ալէն Սիմոնեանն Ազգային ժողովում արցախցի լրագրողին ասաց, որ պէտք էր մնալ ու պայքարել մինչեւ վերջ, բայց դուք դուրս եկաք, պէտք էր կռւել: Ինչպէ՞ս կը մեկնաբանէք ԱԺ նախագահի այս յայտարարութիւնները:

– Ալէն Սիմոնեանի համար լաւագոյն պաշտպանութիւնը յարձակումն է. Ալէն Սիմոնեանն ու նրա ներկայացրած ռեժիմն իրենց մեղաւոր են զգում Արցախի կորստի համար, ուստի որոշել են մեղադրել Արցախի ժողովրդին։ Սա բաւականին տարածւած տեխնիկա է, որը ցոյց է տալիս նրա փաստարկի թուլութիւնը:

Նիկոլ Փաշինեանն արդէն որոշել էր Արցախի ճակատագիրը՝ յայտարարելով, որ այդ տարածքը պատկանում է Ադրբեջանին։ Սա Ալիեւի համար կանաչ լոյս էր 2023 թւականի սեպտեմբերին Արցախի վրայ յարձակւելու համար։ Ալէն Սիմոնեանը կարծում է, որ Արցախի անպաշտպան հայերը պէտք է միայնակ կռւէին Ադրբեջանի դէմ։ Այս դիրքորոշումը մի քանի կէտերով անպատասխանատու է: Նախ, որովհետեւ նա հիանալի գիտի, որ դա կը յանգեցներ հայ բնակչութեան կոտորածի։ Յետոյ այն պատճառով, որ դա թուլացնում է մեր դիրքերը միջազգային մակարդակում։ Մենք համարում ենք, որ 2023 թւականի սեպտեմբերի իրադարձութիւններն էթնիկ զտումներ են, Միջազգային քրէական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորէնօ Օքամփօն համարում է, որ դրանք ցեղասպանութիւն են։ Իսկ Ալէն Սիմոնեանը համարում է, որ արցախահայութիւնն ընտրութիւն է կատարել դիմադրութեան եւ վախկոտութեան միջեւ եւ ընտրել է վախկոտութիւնը: Դա անընդունելի է, ամօթալի է, եւս մէկ անգամ պառակտող մանեւր է։

– Հնարաւո՞ր էր մնալ ստեղծւած իրավիճակում:

– Արցախահայութիւնն ընտրութիւն ունէր ճամպրուկի կամ դագաղի միջեւ։

– Իշխանութիւններն Արցախի կորստի հարցում մեղադրում են Արցախի նախագահ Սամուէլ Շահրամանեանին՝ նշելով, թէ վերջինս է ստորագրել Արցախի Հանրապետութեան լուծարումը եւ դա միշտ բերում են պատճառ, Արցախի կորստի համար, Դուք ի՞նչ կասէք այս մեղադրանքների մասին:

– Հայաստանի իշխանութիւնները քարոզչութիւն են անում եւ ցուցադրում իրենց հակասութիւնները՝ ինչո՞ւ են արցախահայութեանը մեղադրում հեռանալու մէջ, երբ Փաշինեանն ինքը պաշտօնապէս յայտարարեց, որ Արցախը պատկանում է Ադրբեջանին։ Հասկանալի է, որ Նիկոլ Փաշինեանը եւ նրա ռեժիմը շատ յստակ թիրախաւորում են բոլոր այն սուբիեկտներին, որոնք նրա ենթակայութեան տակ չեն։

– Ձեր կարծիքով ի՞նչն է պատճառը, որ նման փոքրիկ հարցադրումներից իշխանութեան ներկայացուցիչները հունից դուրս են գալիս ու սկսում մեղադրել արցախահայութեանը՝ չկռւելու, չպայքարելու համար:

– Կարծում եմ, որ նրանք ցանկանում են ազատւել իրենց մեղքից: Արցախը զիջել են ինքնակամ. բայց նրանք չեն ցանկանում պատասխանատւութիւն ստանձնել դրա համար։ Ալէն Սիմոնեանը փաստացի պնդում է, որ արցախահայութիւնն իրեն վախկոտի պէս է պահել. նա կրկին սեղանի վրայ է դնում սպիտակների եւ սեւերի միջեւ եղած բաժանումը: Նա ցանկանում է թուլացնել բնակչութեան այն հատւածը, որը չի համընկնում ռեժիմի հետ։

– Եւ կուզէի անդրադառնաք իրական-պատմական Հայաստան դիսկուրսին: Ինչի՞ համար է, ըստ Ձեզ, դա օրակարգ բերւել, ի՞նչ խնդիր է դրանով ուզում լուծել իշխանութիւնը, մասնաւորապէս վարչապետ Փաշինեանը:

– Նիկոլ Փաշինեանը ցանկանում է ջնջել հայոց պատմութեան բոլոր հետքերը. նա նաեւ յստակ յայտարարեց, որ պէտք է անդրադառնալ Հայաստանի պատմութեանը, ոչ թէ հայութեան պատմութեանը։ Նա ուզում էր ձեռքը դնել սփիւռքի վրայ, եւ չյաջողւեց։ Նա ուզում էր թուլացնել Սփիւռքը, եւ չյաջողւեց։ Հիմա նա ուզում է Սփիւռքին դուրս հանել հայոց աշխարհի իրականութիւնից, ու կը ձախողւի։ Նա փորձում է ոչնչացնել Ազգ հասկացութիւնը, որը միակ փրկութիւնն է հայ ժողովրդի համար։

Նա նորից կը ձախողւի։ Նիկոլ Փաշինեանը հրապարակաւ կասկածի տակ դրեց Հայոց Ցեղասպանութեան իրողութիւնը. դրանով նա փորձում է վարկաբեկել ցեղասպանութեան ճանաչման համար յաջողութեամբ մղւած պայքարը։ Աւելի վատ՝ դա բացասական մեսիջ է ուղարկում ցեղասպանութիւնը ճանաչած բոլոր պետութիւններին եւ բոլոր այն անձանց, ովքեր ուղեկցել են մեզ այս պայքարում։ Դարձեալ նա կը ձախողւի։ Նրա մեկնաբանութիւնները լայնօրէն դատապարտւում են Սփիւռքում, եւ նրա աջակցութիւնը գնալով նւազում է: Ինչպէ՞ս կարող էր այլ կերպ լինել: Մենք հասկանում ենք, որ Արցախի հարցում նա միացել է Ալիեւին։ Ցեղասպանութեան հարցում նա աւելի է մտերմանում Էրդողանի հետ, ով առաջարկել էր բացել արխիւները՝ հասկանալու համար, թէ ինչ է տեղի ունեցել 1915 թւականին: Մինչդեռ պատմաբաններն արդէն տասնամեակներ շարունակ արել են այս ամբողջ հետազօտական աշխատանքը: Պարո՛ն Փաշինեան, 1915 թւականի ջարդերը ցեղասպանութիւն են, պարո՛ն Փաշինեան, Արցախը հայկական է. պարո՛ն Փաշինեան, Սփիւռքը հայ ազգի բաղադրիչն է. պարո՛ն Փաշինեան, հայ ազգը Հայաստանի փրկութիւնն է, պարո՛ն Փաշինեան, դադարեցրէ՛ք սփիւռքահայ որոշ հայերի մուտքը Հայաստան արգելել. մենք պէտք է կառուցենք ապագայի Հայաստանը՝ հիմնւելով մեր արմատների վրայ։

Related Articles

Back to top button