ԱտրպատականՀամայնք

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի այցը Արդաբիլի հայոց Ս. Աստւածածին եկեղեցի

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Շաբաթ, հոկտեմբերի 18-ի վաղ առաւօտեան ժամը 6:00-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը մեկնեց թեմի Արդաբիլ քաղաքը, մօտկից հետեւելու թեմապատկան եկեղեցու կարգավիճակին: Սրբազան Հօր ընկերակցում էին Թեմական խորհրդի ատենապետ՝ Գագիկ Ջորջեանը եւ փոխատենապետ՝ Ալէն Սայեադեանը: Կանխաւ հասել էին արդէն առաջնորդարանի պաշտօնեաներ, ընդհանուր մաքրութեան եւ դասաւորման աշխատանքները իրագործելու, աղիւսահիւս շքեղ եկեղեցում:

Մշակութային ժառանգութեանց պահպանման պետական հիմնարկութեան տեղի գրասենեակից եկեղեցի ժամանեցին Հիմնարկութեան տնօրէնի առաջին տեղակալ Ալի Ռեզա Դաբաղ Աբդուլլահին, գոյքապահ Ջաւանը, եւ շինարարական կալւածի երկու գլխաւոր մասնագէտները: Նրանք բարի գալուստ մաղթելով Սրբազան Հօրը, պատրաստակամութիւն յայտնեցին օժանդակելու եկեղեցու բարեզարդման աշխատանքին:

Սրբազան Հայրը եւ Թեմական խորհուրդը լայն բացատրութիւններ տւեցին վերջին տարիներում կառոյցի պատահական շահարկման հետեւանքների մասին, եւ յայտարարեցին Թեմական խորհրդի բացարձակ վերահասութիւնը,  եկեղեցու  պահպանութեան գործում: Յայտնենք, որ աւելի քան տաս տարիներ առաջ Սրբազան Հայրը եւ Թեմական խորհուրդը այցելել էին եկեղեցին, եւ տեսել դրա անյարմար կարգավիճակը: Պետական բարձր հովանաւորութեամբ, ու Փոքրամասնութեան գրասենեակի անմիջական օժանդակութեամբ եկեղեցին իր հոգեւոր ու պատմական կարգավիճակին էր վերադարձել, առժամապէս փակելով իր դռները, եւ յուսով ենք, որ մօտիկ ապագային այն հայկական եկեղեցական թանգարանային յարկի է վերածւելու, Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ:

Պաշտօնական հանդիպումից եւ հիւրերի մեկնումից յետոյ սկսւեց եկեղեցու վերադասաւորման աշխատանքը, գլխաւորաբար մաքրագործելով ներքնամասն ու շրջակայքը: Շինարարական մեծ ու փոքր աշխատանքները Թեմական խորհուրդը թողեց յաջորդ առիթին, որը շուտով յաջորդելու է գործընթացին:

Սրբազան Հայրը այս առիթով անդրադարձաւ Արդաբիլում հայ համայնքի ուռճացման ժամանակահատւածին: Նա ասաց, որ քաղաքը տնտեսական ու առեւտրային մեծ աճ է արձանագրել 1604 թ.-ից սկսեալ, երբ Շահ Աբբասը Ջուղայից բռնի տեղահանել է հայերին եւ որոշ ժամանակ բերել ու տեղաւորել է Արդաբիլում: Ապա, դրանց մեծ մասին տեղափոխել Սպահան, իսկ որոշ քանակ հայերից մնացել է այս առաջին գաղթավայրում, այն վերածելով հայ գաղութի:

Աւելի վաղ անցեալի ակնարկելով, Սրբազանը քրիստոնէական պատմութիւնից ներկայացրեց Արդաբիլ քաղաքից պարսիկ Աբրահամ եպիսկոպոսի կեանքը, որը Ս. Գրիգոր Լուսաւորչից էր ձեռնադրւել: Նա Արդաբիլ վերադառնալով քարոզում է քրիստոնէութիւնը, սակայն արեւ ու կրակ պաշտող իր քաղաքացիները Ադէլբարաս մոգպետի մօտ տանելով նրան, հեթանոսական կրօնի առաջնորդի հրամանով տանջահար նահատակում են, մինչ նա խոստովանում էր Ամենասուրբ Երրորդութիւնը:

Սրբազանը նաեւ ներկայացրեց նոյն դարաշրջանում եւ միեւնոյն Արդաբիլ քաղաքում նահատակւած սուրբերից՝ Անանիա անունով նախկին պարսիկի կեանքը, որը արեւապաշտութեան ու կրակապաշտութեան դէմ քարոզչութիւն է ծաւալել: Մոգպետի հրամանով ժողովուրդը այնքան է գանակոծում Անանիային, որ նրանք կարծում են որ մեռել է: Սակայն նա յանկարծ խօսում է, եւ իրեն չարչարողներին ասում. ոտքի կանգնէք եւ աղօթեցէք: Նա տեսնում է աստիճաններ՝ երկրից երկինք, որի վրայից անցնող հրեշտակները իրեն առաջնորդում են յաւիտենական կեանք:

Արխիւային նիւթերից վերցնելով 1900 թւի տեղեկութիւններ, Սրբազանը յայտնեց, թէ Շէյխ կոչւած մի հինաւուրց մզկիթի բակում եղել են հայերէն արձանագրութեամբ տապանաքարեր, որոնք ցոյց են տալիս, որ այդ խաչաձեւ յատակ ունեցող մզկիթը, նախապէս եղել է հնադարեան եկեղեցի: Տեղացի հայեր այդ թւերին յայտնել են, որ այնտեղ նաեւ հայերէն մագաղաթեայ ձեռագրեր են եղել: Նոյն թւերի բնագիրը նշում է, որ կառոյցի մզկիթի փոխակերպւելուց յետոյ իսկ պաշտամունք չի եղել այնտեղ, այն պիղծ համարելով:

Նոյն թւերի հայերից շատերը Թաւրիզից, ոմանք էլ Մուժումբար գիւղից են հաստատւել սոյն քաղաքում, առեւտրական աշխատանքի բերմամբ: Այնտեղ նշանաւոր է եղել վաճառականապետ Խաչատուր Շահբազեանը: Ինչպէս վկայում է պատմութիւնը, Արդաբիլի հայ համայնքը նրա ջանքերով է ունեցել իր եկեղեցին եւ դպրոցը, որտեղ նոր սերունդը ուսումնական շատ նախնական ձեւերով է կրթւել: Վաճառականութեամբ զբաղւող հայերը, այդ թւերին ստիպողաբար են մնացել Արդաբիլում, երբ դեռեւս չկար Թաւրիզից Բաքու տանող երկաթուղի:

Նոյն եկեղեցում քահանայագործել է վանեցի Տ. Թովմաս Թումաղեանը, որ Լեռ Կամսարի հայրն է եղել: Նա խոյս է տւել Համիդեան կոտորածներից, եւ հաստատւել Իրանում, Արդաբիլի եկեղեցում ծառայելով: Նա վախճանւել է 1896-ին, եւ շատ հաւանաբար թաղւել նոյն վայրում: Դժբախտաբար նրա գերեզմանաքարից հետք չկայ եկեղեցու տարածքում: 1921 թւին, բոլշեւիկեան հալածանքից փախչելով, Լեռ Կամսարը հաստատւել է Թաւրիզում,  եւ  Ներսէս  Մելիք  Թանգեան Սրբազանի միջամտութեամբ ստացել Իրանի հպատակութիւն: Սակայն կարճ ժամանակ անց վերադարձել է Երեւան, Սովետական Միութեան ծուղակն ընկնելով:

Արդաբիլի եկեղեցու վերնատան մէջում մինչեւ այսօր պահպանւել է մայր դուռը, որը 1876 թւին է նւիրւել: Դռան երեսի վրայ կայ հետեւեալ արձանագրութիւնը. «ԶԻ ՍԱ Է ԴՈՒՌՆ ԱՍՏՈՒԾՈՅ ԵՒ ՃԱՆԱՊԱՐ[Հ] ՃՇՄԱՐՏՈՒԹԵ[ԱՆ] ՅԻՇԱՏԱԿ Է ԳԱԼՈՒՍՏ ՄԻՐ-ԶԱՅԵԱՆ[Ի]Ց ՍՈՒՐԲ Ա[ՍՏՈՒԱ]ԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑ[Ւ]ՈՅ 1876»:

Սրբազանը այս առիթով յայտնեց, որ Աստծու հրամանով շուտով կատարւելու է եկեղեցու բարեզարդման գործը: Օրւայ մինչեւ երեկոյեան ժամերը մաքրութեան աշխատանքը շարունակւեց, նոյնիսկ եկեղեցու տարածքում անկանոն աճած ծառերի կոկումով, ատենապետ Գագիկ Ջորջեանի ղեկավարութեամբ:

Related Articles

Back to top button