
Նախաձեռնութեամբ՝ Հ. Մ. «Սարդարապատ» միութեան Գրական խմբի եւ վարչութեան որոշմամբ, հոկտեմբերի 15-ին, միութեան գրադարանը վերանւանակոչւեց ազգային-հասարակական գործիչ, միութեան հիմնադիր անդամներից, «ԱԼԻՔ» օրաթերթի վաստակաւոր լրագրող, թարգմանիչ եւ յօդւածագիր հանգուցեալ Վարդան Դաւթեանի, իսկ հաւաքատեղին՝ միութեան շէնքի գնման բարերար Մինաս Յովհաննիսեանի որդու՝ Վաչէ Յովհաննիսեանի անւամբ:
«Վարդան Դաւթեան»-ի անւամբ գրադարանի ու «Վաչէ Յովհաննիսեան»-ի անւամբ հաւաքատեղիի բացումը կատարեցին Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանը եւ միութեան վարչութեան նախագահ Մուշեղ Ծատուրեանը, ներկայութեամբ Վարդան Դաւթեանի թոռան՝ Ջիւանի Աւագեանի:
Գրադարանում զգացւում էր հանգուցեալ Վարդանի շունչը եւ հոգին, մի անկիւնում ապակէ տաղաւարում տեղադրւած էր Վարդանի անձնական իրերը՝ լրագրողական քարդը, գրիչը եւ իր աշխատանքնային ընթացքից նկարներ: Աւելի տպաւորիչ դարձաւ այն պահը երբ, գրադարանում ձայնասփռւեց սիրելի Վարդանի ձայնը, երբ ժամանակին «Փոթորիկ» յեղափոխականաշունչ երգչախմբի ելոյթների, որպէս օրւայ հաղորդավար ամէն անգամ հնչում էր նրա յեղափոխական շնչով տոգորւած եւ յեղափոխականաշունչ խօսքը՝ «Գնդակի լեզւով խօսող մարտիկներ, գնդակի նման յամառ վճռական, շառաչում է Ձեր խօսքը մարտաշունչ, գնդակի նման հրամայական….»:
Գրադարանում ելոյթով ներկաներին դիմեց Հ. Մ. «Սարդարապատ» միութեան վարչութեան նախագահ Մուշեղ Ծատուրեանը: Իր ելոյթի ընթացքում նա նշեց. «Վարդան Դաւթեանը եղել է ուսուցիչ, ազգային-հասարակական գործիչ, նա խրախուսում էր բոլորին սովորել, ու զբաղւել հայ գիր ու գրականութեամբ եւ քաջալերում տարբեր առիթներով պատրաստել պատի թերթեր: Ուստի միութիւնը իր պարտքը համարեց, որ գրադարանը վերաանւանակոչել հէնց միութեան հիմնադիրներից Վարդան Դաւթեանի անունով:
Գրական խմբի պատասխանատու եւ վարչութեան կապ Ժասմէննա Առաքելեանը նշեց, որ այս աշխատանքի իրականացման գծով իր կարելին չի խնայել նրա կինը՝ Ալիս Իւթուճեան-Դաւթեանը եւ իր ընտանիքը, տրամադրելով նրա անձնական իրերը:
Գրադարանի վերանւանակոչմանը յաջորդեց հաւաքատեղիի անւանակոչումը միութեան շէնքի գնման բարերար Մինաս Յովհաննիսեանի որդու՝ Վաչէ Յովհաննիսեանի անւամբ: Ապա ներկաները համախմբւեցին հէնց այդ հաւաքատեղիում, որտեղ միութեան Գրական խմբի միջոցով կազմակերպւել էր գեղարւեստական ծրագիր: Ասմունքային կատարումով հանդէս եկաւ Անուշա Աւանէսեանը, իսկ «ԱԼԻՔ» օրաթերթում ժամանակին Վարդան Դաւթեանի գրչին պատկանող «360+5 աստիճան տրամագծի վրայ» յօդւածաշարից մի յօդւած ընթերցեցին գրական խմբի անդամներ՝ Վարդուհի Օրուջեանը, Քլոդետ Տէր-Յովսէփեանը եւ Իւէտ Այւազեանը:
Հաւաքատեղիում ներկաներին ողջոյնի խօսք ուղղելով Ժասմէննա Առաքելեանը, համապարփակ գծերով ներկայացրեց Վարդան Դաւթեանի եւ Վաչիկ Յովհաննիսեանի կենսագրական տւեալները: Իր ելոյթի ընթացքում նա նշեց. «Մէկ տարի առաջ միութեան վարչութեան որոշմամբ կեանքի կոչւեց յանձնախումբ եւ ծրագրւեց յուշերեկոյ կազմակերպել, շատ սիրելի ընկեր Վարդան Դաւթեանի մահւան առաջին տարելիցի կապակցութեամբ: Այդ յուշերեկոյից յետոյ միտք յղացաւ որ միութեան գրադարանը վերանւանակոչել Վարդան Դաւթեանի, իսկ հաւաքատեղին բարերար Մինաս Յովհաննիսեանի որդու Վաչէ Յովհաննիսեանի անւամբ, որը սիրայօժար ընդունւեց վարչութեան կողմից»:
Միջոցառմանը ողջոյնի խօսքը փոխանցեց «ԱԼԻՔ» օրաթերթի գլխաւոր խմբագիր եւ Վարդան Դաւթեանի հետ աշխատակցած Արամ Շահնազարեանը: Իր յուշերի ընդմիջից նա վեր հանեց Վարդան Դաւթեան՝ դաստիարակի, ազգային-հասարակական գործչի, լրագրողի, յօդւածագրի, ղեկավարող անհատի կարողականութեամբ օժտւած անձի գնահատելի կերպարը: Արամ Շահնազարեանը նշեց, որ «ԱԼԻՔ»-ում միշտ ներկայ է նրա հոգին եւ ընդգծեց. «Վարդանի փայփայած Հ. Մ. «Սարդարապատ» միութեան գրադարանը նրա անունով անւանակոչելը շատ խորիմաստ է, քանի որ Վարդանը եղել է «Սարդարապատ» թաղամասի ամենաաշխուժ, ամենաազգային եւ գործունեայ երիտասարդներից մէկը եւ իր ամբողջ գիտակցական կեանքը մանաւանդ յետյեղափոխութեան շրջանին նւիրել է համայնքային եւ ի մասնաւորի «Սարդարապատ» թաղամասի ազգային-հասարակական կեանքի կայացմանն ու բարգաւաճմանը եւ իր դերակատարութիւնն է ունեցել միութեան հիմնաւորման ու ձեւաւորման աշխատանքներում: Նա գրքի սիրահար էր եւ յուսամ, որ այս թաղամասում գրադարանը ծառայի երիտասարդ սերնդի դաստիարակման առաքելութեանը»: Նա ապա անդրադարձաւ հաւաքատեղին, միութեան շէնքի գնման բարերար Մինաս Յովհաննիսեանի որդու՝ Վաչէ Յովհաննիսեանի անւամբ վերանւանակոչելու լաւագոյն մտայղացմանը, յոյս յայտնելով, որ համայնքում շարունակւի բարերարութիւնը, յանուն ազգային-հասարակական կեանքի բարգաւաճման ու վերելքի: Նա յաւելեց, որ անհրաժեշտ է, բոլորս նւիրաբերենք մեր կարելին այս առումով:
Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի անդամ Ժորժ Հայրապետեանը իր ելոյթի ընթացքում անդրադարձաւ ուսուցիչ Վարդան Դաւթեանի անհատականութեանը, ում հետ ինքը եղել է գործընկեր եւ Թեմական խորհրդի անունից ողջունեց «Սարդարապատ» միութեան քայլը:
Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Արա Շահվերդեանը իր ելոյթի ընթացքում գնահատանքով անդրադարձաւ այն հանգամանքին, որ Հ. Մ. «Սարդարապատ» միութիւնը Մշակոյթի շաբաթւայ առիթով նախաձեռնել է նմանօրինակ մի ծրագիր եւ խօսելով Վարդան Դաւթեանի անհատականութեան մասին, կարեւորեց այն հանգամանքը, որ «Սարդարապատ» միութեան յարկի տակ անմահացաւ Վարդանի անունը, քանի որ նա սովորեցնող էր եւ շատ ճիշտ որոշում էր գրադարանը, որը համարւում է միութեան մշակոյթային կենտրոնը անւանակոչել նրա անունով: Պատգամաւորը նշեց, որ «Սարդարապատ» քաղաքամասը իւրայատուկ քաղաքամաս է եւ կողք-կողքի աշխատում է եկեղեցին, բարեսիրական կենտրոնը եւ միութիւնը, որը առիթ է հանդիսանում բարերարութեան, ինչպէս Իսրայէլ Սահակեանը, որը ժամանակին հիմք է դրել «Սահակեան» դպրոցի, որը այժմ ծառայում է որպէս բարեսիրական կենտրոն: Նա ընդգծեց, որ նման բարերարներից էր միութեան շէնքի գնման բարերար Մինաս Յովհաննիսեանը, ում որդու՝ Վաչէ Յովհաննիսեանի անունով է անւանակոչւել այս հաւաքատեղին:
Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան նախկին պատգամաւոր Գէորգ Վարդանը, կարեւորութեամբ անդրադարձաւ Վարդան Դաւթեանի յեղափոխական ոգով տոգորւած անհատի մասին: Իր ելոյթի ընթացքում նա անդրադարձաւ Վարդան Դաւթեանի հետ իր պատգամաւորութեան շրջանում եւ դեռ շատ առաջ ունեցած յարաբերութիւններին: Նա նշեց, որ անմոռանալի էր Վարդանի ներկայութիւնը եւ խրախուսիչ դերը Ապրիլի 24-ին, երբ նա ընթերցում էր օրւայ բանաձեւը: Նա կարեւորեց Վարդան Դաւթեանի ընթերցասիրութիւնը եւ հայերէնին ու պարսկերէնին, ինչու չէ նաեւ իրանական մշակոյթին, աւանդութիւններին, վարք ու բարքին տիրապետելու ունակութիւնը, որով նա լաւապէս կարողանում էր տարբեր շրջանակներում բացատրել ու ներկայացնել մեր համայնքային հարցերը եւ մի խօսքով նա մեր ժողովրդի խօսափողն էր: Նա ընդգծեց, որ այսօր կրկին Վարդանն է մեզ բոլորիս իր շուրջ համախմբել: Նա կարեւորեց այն մարդկանց դերը, որոնց գոյութիւնը եւ փոխանցածը, նոյնիսկ յետմահու թողնում է իր դրական ազդեցութիւնը:
Ելոյթները եզրափակւեց միութեան վարչութեան նախագահ Մուշեղ Ծատուրեանի խօսքերով, ով գնահատանքով անդրադարձաւ Գրական խմբի նախաձեռնութեան մասին: Նա իր յուշերի ընդմիջից վեր հանեց Վարդան Դաւթեանի սովորեցնելու եւ դաստիարակելու ունակութեանը, նրա մարդկային յարաբերութիւններին, որը տիրում էր նրա եւ թաղամասի իւրաքանչիւր անհատի հետ շփման ընթացքում եւ ընդգծեց, որ Վարդանը իր համար եղել է ուսուցիչ: Նա նաեւ ընդգծեց Վարդան Դաւթեանի անմնացորդ դերը միութեան հիմնադրման գործում եւ այն հանգամանքին, որ նա չէր խնայում իր կարելին միութեան աշխատանքները աւելի բեղմնաւոր դարձնելու ուղղութեամբ: Նա ընդգծեց. «Հ. Մ. «Սարդարապատ» միութիւնը 1983 թւականին մի խումբ երիտասարդ ընկերների եւ Վարդանի գաղափարական ներկայութեան ու կամքի շնորհիւ հիմնադրւեց, որպէս միութիւն, եւ դիմումներ կատարւեցին ազգային իշխանութեանը եւ բոլոր կառոյցներին ու կենտրոններին միութեան հիմնադրման հարցով: Միութիւններից ինչպէս՝ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութիւնը նւիրեց գոյքեր եւ բարերար Մինաս Յովհաննիսեանը, ով ժամանակին բարերարութիւն էր կատարել Հ. Մ. «Սիփան» միութեանը, որոշւեց որ գումար տրամադրի «Սարդարապատ» միութեանը, շէնք գնելու նպատակով եւ այս հարցով իր անժխտելի դերը ունեցաւ ճրտ. Ալբերտ Աճեմեանը եւ այսպիսով բարերարի ներդրումով եւ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի յատկացումներով գնւեց միութեան նախկին շէնքը»: Նա վերջում գնահատեց Մինաս Յովհաննիսեանի եւ Վարդան Դաւթեանի նման սրտցաւ եւ հետամուտ անհատների դերը համայնքային կեանքի բարելաւման ի խնդիր:
Միջոցառմանը ներկայ էին՝ Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի պատգամաւորներ, Վարդան Դաւթեանի կինը, զաւակները եւ հարազատները, «ԱԼԻՔ» օրաթերթի անցեալի եւ ներկայի խմբագրակազմի անդամները, բանաստեղծ Վարանդ Քուրքչեանը, ով երկար տարիներ աշխատել է միութեան գրական խմբի հետ, միութենականներ եւ թաղամասի բնակիչներ:
Վերջում միութեան դահլիճում կազմակերպւել էր ընդունելութիւն:
Թղթակցութիւնը՝ ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԻ
Լուսանկարները՝ ՀԱՏԻՍԻ



















