ԻրանՔաղաքական

Իսլ. յեղափոխութեան առաջնորդ. «Մեր միջուկային արդիւնաբերութիւնը Ամերիկային չի վերաբերում. անհրաժեշտութեան դէպքում կրկին կօգտագործենք մեր հրթիռները»

«ԱԼԻՔ» – Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին երէկ՝ հոկտեմբերի 20-ին, հանդիպել է տարբեր մարզաձեւերի չեմպիոնների եւ միջազգային օլիմպիադներում մեդալակիր երիտասարդ գիտնականների հետ։ Նա նրանց անւանել է «ազգային ուժի եւ առաջընթացի խորհրդանիշներ»՝ ընդգծելով, որ Իրանի երիտասարդութիւնը կարող է իր կարողութեամբ եւ ջանասիրութեամբ նւաճել բարձրունքներն ու գրաւել աշխարհի ուշադրութիւնը։

Այաթ. Խամենէին, անդրադառնալով ԱՄՆ նախագահի վերջին յայտարարութիւններին, դրանք անւանել է անպատշաճ եւ կեղծաւոր՝ նշելով, որ նա փորձում է սրտապնդել Իսրայէլի ղեկավարութեանը եւ իրեն ներկայացնել որպէս ուժեղ առաջնորդ, մինչդեռ իր իսկ երկրում միլիոնաւոր մարդիկ բողոքում են իր քաղաքականութեան դէմ։

Իսլ. յեղափոխութեան առաջնորդը գոհունակութիւն է յայտնել, որ հանդիպում է այն երիտասարդների հետ, որոնք սպորտում ու գիտութեան մէջ նւաճումներով ուրախութիւն են պարգեւել ժողովրդին։ Նա շեշտել է, որ այս մեդալներն ու յաջողութիւնները յատկապէս արժէքաւոր են այն պայմաններում, երբ «թշնամին փորձ է անում հոգեբանօրէն թուլացնել եւ յուսալքել ազգին», սակայն երիտասարդները իրենց յաջողութիւններով ապացուցում են հակառակը՝ ցոյց տալով Իրանի ներուժն ու վառ յոյսը։

Այաթ. Խամենէին ընդգծել է, որ երիտասարդ իրանցին՝ հաստատակամ աշխատանքով ու նախաձեռնութեամբ, կարող է հասնել ամենաբարձր մակարդակների՝ ինչպէս գիտութեան, այնպէս էլ սպորտի ոլորտում։ Նա յիշեցրել է, որ երկրի պատմութեան ընթացքում երիտասարդ սերունդը եղել է առաջընթացի շարժիչ ուժը՝ սկսած պատերազմական տարիներից մինչեւ գիտատեխնիկական նւաճումները, որոնց շնորհիւ Իրանն այսօր աշխարհում առաջատար է մի շարք բնագաւառներում՝ նանոտեխնոլոգիայի, լազերային եւ միջուկային հետազօտութիւնների, բժշկութեան եւ ռազմական արդիւնաբերութեան մէջ։

Գերագոյն հոգեւոր առաջնորդը նաեւ յայտնել է, որ վերջերս Իրանի գիտական կենտրոններից մէկը կարեւոր բժշկական առաջընթաց է գրանցել՝ գտնելով անբուժելի հիւանդութեան բուժման ուղի։ Նա յաւելել է, որ այս ձեռքբերումներն իրականացւում են ներքին գիտական ներուժի շնորհիւ՝ չնայած արտաքին ճնշումներին եւ հակառակ որոշ երկրների փորձերին՝ թաքցնելու կամ նսեմացնելու Իրանի յաջողութիւնները։

Խօսելով տարածաշրջանային հարցերի մասին՝ այաթ. Խամենէին քննադատել է ԱՄՆ նախագահի յայտարարութիւնները, որոնք, ըստ նրա՝ նպատակ ունեն արդարացնել Վաշինգտոնի աջակցութիւնը Իսրայէլին։

Անդրադառնալով 12-օրեայ պատերազմին եւ Իրանի մասնակցութեանը տարածաշրջանային զարգացումներին, Իսլ. յեղափոխութեան առաջնորդը նշել է, որ «Իսլամական Հանրապետութեան հզօր պատասխանն Իսրայէլի ռեժիմին դարձաւ նրանց հիասթափութեան հիմնական պատճառը»։ Նրա խօսքով՝ «Սիոնիստներն չէին պատկերացնում, որ իրանական արտադրութեան հրթիռները կը կարողանան իրենց հարւածային ուժով թափանցել նրանց կարեւորագոյն ռազմավարական կենտրոններ եւ դրանք վերածել մոխրի»։

Այաթ. Խամենէին ընդգծել է, որ Իրանը ոչ մէկից չի գնել կամ վարձակալել իր հրթիռները․ դրանք իրանական արտադրանք են եւ կրում են իրանցի երիտասարդի ստեղծագործական ու գիտական ձեռագրի վկայագիրը։ «Երբ երիտասարդ իրանցին մտնում է գիտութեան ու տեխնոլոգիայի դաշտ, նա իր ջանասիրութեամբ եւ գիտական կարողութեամբ կարող է իրականացնել ամենախիզախ նպատակները»,– ասել է նա։

Յեղափոխութեան առաջնորդը յաւելել է, որ այդ հրթիռներն ստեղծւել եւ կիրառւել են Իրանի զինւած ուժերի եւ պաշտպանական արդիւնաբերութեան կողմից, եւ անհրաժեշտութեան դէպքում երկիրը լիովին պատրաստ է նորից օգտագործել իր պաշտպանական կարողութիւնները։

Այաթ. Խամենէին, մեկնաբանելով Թրամփի «անիմաստ եւ գռեհիկ» խօսքերն ասել է, որ դրանք ուղղւած էին միայն Իսրայէլի ղեկավարութեանը ոգեւորելու նպատակին։ Նա ընդգծել է, որ Գազայի պատերազմում ԱՄՆ-ը եղել է Իսրայէլի յանցագործութիւնների հիմնական գործընկերը։ «Թրամփն ինքն է խոստովանել, որ իրենք Գազայում սիոնիստական ռեժիմի հետ միասին են գործել։ Այն զէնքերն ու ռումբերը, որոնք թափւում էին Գազայի անմեղ ժողովրդի վրայ, բոլորը ամերիկեան էին»,– նշել է նա։

Իսլ. յեղափոխութեան առաջնորդը նաեւ կեղծ է համարել Թրամփի պնդումը, թէ ԱՄՆ-ը պայքարում է ահաբեկչութեան դէմ՝ ընդգծելով․ «Գազայի պատերազմում աւելի քան 20 հազար երեխայ եւ նորածին զոհւեց. արդեօք նրանք ահաբեկիչ է՞ին։ Իրական ահաբեկիչն Ամերիկան է, որը ստեղծեց եւ տարածաշրջանին պարտադրեց ԴԱԷՇ կոչւող ահաբեկչական խմբաւորումը, իսկ այսօր էլ դրա մնացորդները պահում է սեփական շահերի համար»։

Նա յաւելել է, որ Գազայի պատերազմում շուրջ 70 հազար մարդու սպանութիւնը, ինչպէս նաեւ 12-օրեայ պատերազմի ընթացքում աւելի քան հազար իրանցու զոհւելը վկայում են ԱՄՆ-ի եւ Իսրայէլի ահաբեկչական էութեան մասին։ «Նրանք ոչ միայն անխնայ սպանում են մարդկանց, այլեւ յաճախ հպարտութեամբ խօսում են մեր գիտնականների՝ Թեհրանչիի եւ Աբբասիի սպանութեան մասին։ Բայց պէտք է իմանան՝ հնարաւոր չէ սպանել գիտութիւնը»,– ընդգծել է նա:

Այաթ. Խամենէին անդրադառնալով ԱՄՆ նախագահի այն յայտարարութեանը, թէ իբր իր երկիրը կարողացել է ոչնչացնել Իրանի միջուկային արդիւնաբերութիւնը, նշել է․«Թող այդպէս էլ մտածի, բայց իրականում ո՞վ է նա, որ իրաւունք ունենայ որոշելու՝ ինչ կարող է կամ չի կարող ունենալ այլ երկիր։ Ի՞նչ կապ ունի Ամերիկան Իրանի գիտական եւ արդիւնաբերական հնարաւորութիւնների հետ։ Այս միջամտութիւնները անհարկի, սխալ եւ բռնապետական վարքագծի դրսեւորում են»։

Իսլ. յեղափոխութեան առաջնորդն անդրադառնալով ԱՄՆ-ում անցկացւած միլիոնաւոր ցուցարարների բողոքի երթերին Դոնալդ Թրամփի դէմ, նշել է․«Եթէ իսկապէս ունէք կարողութիւն, ապա փոխարէնը, որ այլ երկրների գործերին միջամտէք ու նրանց տարածքներում ռազմական բազաներ կառուցէք, փորձէք հանգստացնել այն միլիոնաւոր ամերիկացիներին, որոնք ձեր երկրի տարբեր նահանգներում բողոքում են ձեր քաղաքականութիւնից»։

Այաթ. Խամենէին շեշտել է, որ «Ամերիկան ահաբեկչութեան իրական մարմնաւորումն է», եւ Թրամփի՝ իբր Իրանի ժողովրդի կողքին լինելու պնդումը բացարձակապէս կեղծ է։ Նրա խօսքով՝ ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցները, որոնց միացել են նաեւ այլ երկրներ՝ վախենալով Վաշինգտոնից, ուղղւած են հէնց Իրանի ժողովրդի դէմ․ «Ուստի դուք ոչ թէ Իրանի ժողովրդի բարեկամն էք, այլ՝ նրա թշնամին»։

Իսլ. յեղափոխութեան առաջնորդն անդրադարձել է նաեւ Թրամփի՝ «գործարքի պատրաստ լինելու» յայտարարութեանը՝ նշելով․ «Երբ գործարքը հիմնւած է ճնշման եւ պարտադրանքի վրայ, այն այլեւս գործարք չէ, այլ բռնութիւն։ Իրանի ժողովուրդը երբեք չի խոնարհւի որեւէ պարտադրանքի առջեւ»։

Նա նշել է, որ ԱՄՆ-ի վարած քաղաքականութիւնը ոչ թէ խաղաղութիւն, այլ՝ պատերազմ եւ անկարգութիւններ է բերում տարածաշրջան։ «Այս տարածաշրջանը պատկանում է իր ժողովուրդներին, ոչ թէ Ամերիկային, եւ նրա ներկայութիւնը միայն ցաւ ու աւեր է առաջացնում»,– ասել է նա։

Եզրափակելով խօսքը՝ Գերագոյն հոգեւոր առաջնորդը շեշտել է, որ «ԱՄՆ-ի ճնշումներն ու քարոզչութիւնը երբեք չեն կարող ազդել Իրանի ժողովրդի կամքի վրայ», եւ կոչ է արել երիտասարդներին շարունակել հաւատալ սեփական ուժերին ու ծառայել հայրենիքին։

Related Articles

Back to top button