ԻրանՄիջազգայինՔաղաքական

Սեմիոն Բաղդասարով. «Մերձաւոր Արեւելքում փոխզիջումը, ըստ սահմանման, անհնար է»

«ԱԼԻՔ» – Մերձաւոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրութեան կենտրոնի տնօրէն Սեմիոն Բաղդասարովը Alpha News-ին մեկնաբանել է Մերձաւոր Արեւելքում լարւածութեան սրումը, ԱՄՆ-ի շահագրգռւածութիւնը Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքով Ռուսաստանի եւ Չինաստանի շրջանցմամբ առեւտրային երթուղու հարցում, ինչպէս նաեւ Թուրքիայի հետաքրքրութիւնը Հարաւային Կովկասի տարածաշրջանում։

Փորձագէտի խօսքով՝ Իսրայէլի վարչապետ Բենիամին Նեթանիահուն որոշել է վա-բանկ գնալ «Ես պատերազմ կը սկսեմ, իսկ դուք (ԱՄՆ) ոչ մի տեղ չէք գնայ եւ կաջակցէք ինձ» սկզբունքով:

«Առաջիկայ օրերին մենք կարող ենք ակնկալել երկու տարբերակ՝ կա՛մ մեծ համապարփակ պատերազմ, կա՛մ Իրանի եւ «Հեզբօլլահ»-ի հարւածներն Իսրայէլին։ Բանն այն է, որ նման պատկեր է ստղծւում։ Նեթանիահուն, լինելով Միացեալ Նահանգներում, տեսնելով, թէ ինչ է կատարւում այնտեղ, շատ լաւ հասկանում է, որ մինչեւ ընտրութիւնները դեմոկրատներն իրեն հնարաւորութիւն չեն տայ լայնամասշտաբ պատերազմ սկսել եւ այդ պատճառով որոշում է կայացրել վա-բանկ գնալ։

Բանն այն է, որ Իսրայէլն ինքնուրոյն չի կարող մեծ պատերազմ սկսել, այն մեծապէս կախւած է ԱՄՆ-ից սպառազինութիւնների, պահեստամասերի, զինամթերքի մատակարարումներից։ Բաւական է ասել, որ Գազայի հատւածում ռազմական գործողութիւնների ընթացքում Միացեալ Նահանգները հսկայական քանակութեամբ զինամթերք է մատակարարել Իսրայէլին։ Այդ պատճառով նա որոշել է վա-բանկ գնալ «Ես պատերազմ կը սկսեմ, իսկ դուք ոչ մի տեղ չէք գնայ, դուք առանց այդ էլ աջակցում էք ինձ» սկզբունքով։

Ես չեմ կարծում, որ հիմա Իրանը նոյն հարւածը կը հասցնի, ինչ նախորդ անգամ։ Այն ժամանակ նրանք փորձում էին հարւածել աւիաբազային, ցոյց տալ, որ ի վիճակի են հասնել Իսրայէլ եւ այլն։ Այս անգամ Իրանը ստիպւած կը լինի աւելի էական հարւած հասցնել Իսրայէլի ինչ-որ շատ լուրջ, հնարաւոր է՝ կրիտիկական օբիեկտներին։ Նոյնը կարող է անել «Հեզբօլլահ»-ը,- ասել է Բաղդասարովը։

Քաղաքագէտի կարծիքով՝ պէտք է պատրաստ լինել Մերձաւոր Արեւելքում մեծ պատերազմի։

«Իրավիճակը Մերձաւոր Արեւելքում դուրս կը գայ վերահսկողութիւնից: Եթէ գլոբալ նայենք Մերձաւոր Արեւելքում տիրող իրավիճակին, ապա պէտք է ասենք, որ այնտեղ փոխզիջումն, ըստ սահմանման, անհնար է։ Իրականում խաղաղութեան պայմանագիր՝ ինչ-որ տարածքների զիջումներով, դա էլ անհնար է։ Կողմերից իւրաքանչիւրը արմատական խնդիր է դնում։ Ուստի հարցը, երբ նման գլոբալ հակամարտութիւնը կարող է առաջանալ, միայն ժամանակի հարց է։

Կարող է նոյնիսկ ժամանակաւոր զինադադար լինել, բայց դա կը լինի ժամանակաւոր։ Այն, ինչ եղավ հոկտեմբերի 7-ին եւ դրանից յետոյ, դա գլխաւոր ճակատամարտ չէր, դա մեծ պատերազմի գլխաւոր փորձն էր։ Դրա համար պէտք է պատրաստ լինել դրան»,- նշել է Բաղդասարովը։

Խօսելով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Օ’Բրայէնի վերջին յայտարարութեան մասին, որ հետաքրքրւած է Հայաստանով եւ Ադրբեջանով տրանսպորտային երթուղով՝ շրջանցելով Ռուսաստանը եւ Չինաստանը, փորձագէտը նշել է, որ Արեւմուտքի խնդիրն է պոկել Հարաւային Կովկասը Ռուսաստանից։

«Ամէն ինչ մօտենում է աւարտին: Ինչո՞ւ յանձնեցին Լեռնային Ղարաբաղը: Եթէ Լեռնային Ղարաբաղը չյանձնւէր, միջանցքի խնդիր չէր առաջանայ, քանի որ աշխարհագրական առումով դա անհնար է։

Երկրորդ՝ եկել է ուկրաինական իրադարձութիւնների համատեքստում աւելի վճռական գործողութիւնների ժամանակը։ Խնդիրն այն է, որ Ռուսաստանից պոկւի Հարաւային Կովկասը եւ ոչ միայն այն, այլեւ ամբողջ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանը՝ Ղազախստանի հետ միասին, որոնք ունեն նաւթի, գազի եւ այլ օգտակար հանածոների հսկայական պաշարներ։ Եթէ այս ամէնը լինի, ապա դա կը լինի Ռուսաստանի Արեւմտեան հակառակորդների մեծ յաղթանակը։ Դրա համար էլ Ղարաբաղը յանձնւեց»,- նշել է Բաղդասարովը։

Խօսելով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանների բացման բանակցութիւնների մասին՝ քաղաքագէտը նշել է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը շահագրգռւած են հայկական պետութեան ոչնչացմամբ, որի տարածքում, ըստ իրենց ծրագրերի, պէտք է առաջանայ «Արեւմտեան Ադրբեջանը»։

Related Articles

Back to top button