Իսրայէլի ռազմավարական ճգնաժամի եւ անորոշ ապագայի ամփոփումը՝ 17 կէտում
«ԱԼԻՔ» – Լարւած իրավիճակի համատեքստում, որում գտնւում է Իսրայէլը տարբեր ճակատներում, յատկապէս ՀԱՄԱՍ-ի Քաղբիւրոյի ղեկավար Իսմայիլ Հանիէի եւ «Հեզբօլլահ»-ի առանցքային հրամանատարներից մէկի՝ Ֆուադ Շոքրի դէմ իրականացրած ահաբեկչական գործողութիւններից յետոյ, Իսրայէլի Ներքին անվտանգութեան խորհրդի նախկին փոխնախագահ Էյրան Էսիոնը յղում կատարելով 17 կէտերի, ներկայացրել է աւելի քան 300 օր պատերազմից յետոյ Իսրայէլում ստեղծւած ճգնաժամային իրավիճակի ամփոփոագիրը, որի թարգմանութիւնը ներկայացնում ենք ստորեւ.
Նեթանիահուն քաջատեղեակ է Գազայի պատերազմում կրած պարտութեան ծաւալների մասին
1. Իսրայէլը կանգնած է վտանգաւոր եւ բազմաբովանդակ ռազմավարական իրավիճակի առաջ, եւայդ ռիսկերը ակնյայտօրէն զգացւում են քաղաքական, անվտանգային, իրաւական, բարոյական եւ տնտեսական մակարդակներում։
2. Իսրայէլցիների շրջանում մեծ անջրպետ կայ իրականութեան եւ իրականութեան ընկալման միջեւ: Այնպէս, որ վերաբնակիչների մի զգալի մասը, ինչպէս նաեւ կոալիցիոն կառավարութեան անդամների մեծ մասը չեն ցանկանում ընդունել այն իրականութիւնը, որում յայտնւել է Իսրայէլը:
3. Վարչապետ Նեթանիահուն քաջատեղեակ է Գազայի պատերազմում կրած պարտութեան ծաւալների մասին եւ լաւ գիտի իրականութիւնը ու որոշել է ընդլայնել պատերազմն ու սկսել տարածաշրջանային պատերազմ՝ յոյս ունենանլով ստիպել Իսրայէլի դաշնակիցներին ներքաշւելու այդ պատերազմին: Մինչդեռ նա հնարաւորութիւն չունի որոշելու այս պատերազմի ճակատագիրն ու հնարաւոր ելքը:
4. ԱՄՆ կառավարութիւնը յայտնւել է պատմական թոյլ դիրքերում, այն սարսափելի հանգամանքների հետեւանքով, որոնցում յայտնւել է երկիրը:
5. Մինչ Գազայում պատերազմը շարունակւում է, Եւրոպան ստիպւած է կենտրոնանալ Ուկրաինայի պատերազմի եւ Ռուսաստանի սպառնալիքի վրայ:
6. Ռուսաստանն ու Չինաստանը լաւագոյնս օգտագործում են ներկայ հնարաւորութիւնը՝ շարունակելու թուլացնել ԱՄՆ հեգեմոնիան՝ ե՛ւ ուկրաինական պատերազմի, ե՛ւ պաղեստինա-իսրայէլական հակամարտութեան եւ հնարաւոր տարածաշրջանային պատերազմի միջոցով, ինչը վատագոյն սցենարն է ԱՄՆ-ի համար:
Իրանը չափազանց լաւ դիրքերում է գտնւում
7. Փաստն այն է, որ Իրանը յայտնւել է շատ լաւ դիրքերում, եւ դարձել է կենսական օղակ՝ ռուս-չինական առանցքում եւ ապացուցել է, որ գերազանց է աշխատում Դիմադրութեան շարժման իր արբանեակ ուժերի հետ: Միեւնոյն ժամանակ, ռազմավարական հարթութեան վրայ Իրանը կարող է թելադրել եւ պահպանել խաղի կանոնները:
8. Գազայի պատերազմի ընթացքում, յօգուտ պաղեստինցիների՝ իրանամէտ խմբաւորումները, այդ թւում՝ «Հեզբօլլահ»-ը եւ եմէնական ուժերի ներգրաւման ֆոնին, հակաիրանական կոալիցիա ստեղծելու ԱՄՆ-ի բոլոր ջանքերը ձախողել են:
9. Վերջին մի քանի ամիսների ընթացքում հրաժարւելով ընդունել ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնի հրադադարի ծրագիրը, Նեթանիահուն թոյլ չի տւել Իսրայէլին հասնել ռազմավարական ձեռքբերումների եւ երկրի համար ստեղծել է հսկայական մարտահրաւէր , որի յաղթահարումը չափազանց դժւար կը լինի:
10. Իսրայէլն այսօր աղէտալի պայմանների շեմին է, եւ դա այն պատճառով, որ երկիրը ղեկավարւում է միանգամայն ապաշնորհ անձնաւորութեան կողմից, ով դիտաւորեալ վտանգում է նրա անվտանգութիւնը եւ ոչնչացնում բոլոր իսրայէլցիների ներկան ու ապագան: Այս իրավիճակը, որում յայտնւել է Իսրայէլը, պայմանաւորւած է Նեթանիահուի` հոկտեմբերի 7-ից առաջ եւ յետոյ իր անյաջողութիւններից եւ սխալ գործողութիւններից յետոյ իշխանութեան մնալու եւ դատավարութիւնից խուսափելու նկրտումներով:
11. Իսրայէլի բանակի եւ անվտանգութեան ապարատի ղեկավարները ամբողջովին շփօթւած են եւ չգիտեն ինչ անել։ Նրանք շատ լաւ հասկանում են պայմաններն ու իրավիճակի լրջութիւնը, բայց նրանք վախենում են դիրքորոշւելուց, եւ Նեթանիահուն գիտակցում է նրանց թուլութիւնն ու շահարկում է այն։
Իրանը եւ նրա դաշնակիցները շատ աւելի հզօր են, քան Իսրայէլը
12. Եկէք անկեղծ լինենք. ներկայ պայմաններում Իսրայէլը տարածաշրջանային պատերազմի դէպքում միանշանակ չի յաղթի: Նա առաւել քան իր թշնամիներից որեւէ մէկը վտանգաւոր վիճակում է: Այդ վտանգը արտայայտւում է Իսրայէլի շուրջ սեղմւող մեծ պաշարման (Դիմադրութեան ճակատ-ԽՄԲ.) օղակի տեսքով:
13. Իսրայէլի բոլոր ծայրայեղականները, որոնք չեն ցանկանում աւարտել պատերազմը, պարտաւոր են պատասխանել մի քանի հարցի. ո՞րն է տարածաշրջանային պատերազմի իրատեսական ելքը, որին ձգտում էք դուք: Ինչպիսի՞ն է Լիբանանի հետ պատերազմի աւարտի հնարաւոր համաձայնագրի տեսքը, իսկ ինչպիսի՞ն է լինելու Իրանի հետ պատերազմի աւարտի հնարաւոր համաձայնագրի տեսքը:
Իսրայէլը չի կարող պարտութեան մատնել Իրանին
Իրականութիւնն այն է, որ իսրայէլցի բոլոր միլիտարիստները համոզիչ ծրագրեր չունեն նոյնիսկ Գազայի պատերազմի յաջորդ օրւայ համար, որը պատերազմական ճակատներից ամենապարզ, ամենափոքրն ու ամենաթոյլն է։ Ճշմարտութիւնն այն է, որ նրանք չեն կարող պատասխանել վերը նշւած հարցերից ոչ մէկին, եւ մենք ստիպւած ենք ընդունել այն փաստը, որ Իսրայէլն ի վիճակի չէ յաղթել Իրանին:
Իսրայէլի համար շատ դժւար կը լինի վերջ տալ նման մասշտապային պատերազմին, եւ ոչ միայն Իրանը, այլեւ՝ Ռուսաստանն ու Չինաստանն են որոշելու դրա աւարտը, Եւ այս պատերազմը լաւ հնարաւորութիւն կը լինի բացայայտելու ԱՄՆ-ի ձախողումները, որը նոյնիսկ ի վիճակի չէ զսպել Իսրայէլին: Իրականութիւնն այն է, որ տարածաշրջանային պատերազմն աւելի շատ կը վնասի Իսրայէլին, քան որեւէ այլ երկրի, եւ Իսրայէլը երկար ժամանակ կը լինի սարսափելի պատերազմի մէջ, որի նմանը երբեք չի տեսել:
14. Իսրայէլը գտնւում է մի իրավիճակում, երբ չի կարողանում որոշում կայացնել եւմիայն յարձակւում է. նոյնիսկ եթէ նա ստիպւած է դրա համար ծանր գին վճարել։
Իսրայէլի անորոշ ապագան. ընկղմւել է մաշողական պատերազմի ճահճուտում
15. Այս իրավիճակում Իսրայէլի ապագան միանգամայն պարզ է. անվերջանալի մաշողական պատերազմներ: Այս անորոշ ապագան այն է, ինչ Նաֆթալի Բենէթն անւանել է «Մերձաւոր Արեւելքի սպարտացիներ», Նեթանիահուն՝ «Կեանք սրի շեղբին», Բեզալել Սմուտրիխը եւ ծայրայեղական ռաբբիները՝ «Մեր ամենագեղեցիկ օրերը», աւետարանականները՝ «Գոգի եւ Մագոգի պատերազմը», իսկ հրեաները՝ «Լոյս»: Այս մութ ապագան այն բանի արդիւնքն է, ինչ ստեղծել են Նեթանիահուն եւ նրա կառավարութեան մտագար անդամները:
16. Ուստի նրանք, ովքեր կարծում են, որ այս վերլուծութիւնը սխալ է, պէտք է համոզիչ պատճառներ եւ փաստարկւած այլընտրանքային վերլուծութիւն ներկայացնեն։ Բայց փաստն այն է, որ իւրաքանչիւր ոք, ով գիտակցում է իրավիճակի լրջութիւնը, գիտի, որ սա է ճշմարտութիւնը, եւ պէտք է դիմադրի այս իրավիճակի հեղինակներին։
17. Ի վերջոյ, Իսրայէլ կառավարութիւնը պէտք է նահանջի իր ծայրայեղ դիրքերից եւ ԱՄՆ-ին, Եգիպտոսին, Կատարին ու ողջ միջազգային հանրութեանը յայտնի. «Մենք ցանկանում ենք ՀԱՄԱՍ-ի հետ նստել բանակցութիւնների սեղանի շուրջ, իսկ դուք մեզ օգնէք ձեւաւորել ակտիւ եւ պրագմատիկ պաղեստինեան կառավարութիւն, ստեղծել նոր տարածաշրջանային համակարգ՝ համաձայն Բայդէնի ծրագրի, որում բոլորս ներառւած կը լինենք»: