Հայաստան - ԱրցախՔաղաքական

Քրիստինէ Վարդանեան. «Եթէ չէք ուրանում Հայոց Ցեղասպանութիւնը, ապա ինչո՞ւ էք դէմ դրա քրէականացմանը»

«ԱԼԻՔ» – ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութիւնն առաջարկում է Հայոց Ցեղասպանութեան ժխտումը, նսեմացումը եւ արդարացումը քրէականացնել: Ընդդիմադիր խմբակցութիւնը նախագիծը շրջանառութեան մէջ դնելու մասին այսօր յայտարարեց խորհրդարանի ամբիոնից, ինչը լայն արձագանգ ստացաւ: Աւելին՝ պատճառ դարձաւ իշխող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագրի» եւ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորների միջեւ վէճի:

ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Քրիստինէ Վարդանեանը Alpha News-ի հետ զրոյցում ասել է, որ Հայոց Ցեղասպանութեան ժխտումը քրէականացնող նախագիծն ի պատասխան Հայաստանում վարւող պետական քաղաքականութեան է:

«Այս նախագիծն ի պատասխան պաշտօնեաների է, որոնք կասկածի տակ են դնում Հայոց Ցեղասպանութիւնը, նսեմացնում են այն, ասում են, որ պէտք է ճշտել զոհերի քանակը, հարցնում են, թէ ինչպէս ցեղասպանութիւն տերմինը յայտնւեց մեր պատմութեան մէջ: ՔՊ-ական պատգամաւորներն արդէն իսկ մանիպուլացնում են, թէ նման օրէնք կայ, խօսքը Քրէական օրէնսգրքի 136-րդ յօդւածի մասին է, բայց սա սուտ է, որովհետեւ գործող օրէնքը նախատեսում է, որ եթէ ցեղասպանութիւնը ժխտւել է որեւէ հիմնաւորմամբ՝ ատելութեան քարոզ, ռասսայական խտրականութիւն, ապա այդ դէպքում է պատժելի, եւ այս օրէնքը չի տարածւում Փաշինեանի կամ այլ պաշտօնեաների յայտարարութիւնների վրայ, որոնք արւել են առանց ատելութեան քարոզի եւ նսեմացրել են ցեղասպանութիւնը»,- ասել է Քրիստինէ Վարդանեանը:

Ըստ պատգամաւորի՝ օրինագիծը նախատեսում է Հայոց Ցեղասպանութիւնը ժխտելու համար սահմանել 4-ից 6 տարի ազատազրկում, բայց պաշտօնեաների դէպքում այլ պատիժ է սահմանւելու, աւելի խիստ, կախւած, թէ ով ու ինչ միջոցով է ուրացել Հայոց Ցեղասպանութիւնը:

«Մենք խնդիր ունենք ՀՀ քաղաքացիների հարկերի հաշւին պաշտօն զբաղեցնող անձանց հետ, որոնք սկսում ենք ուրանալ, ժխտել Հայոց Ցեղասպանութիւնը, ինչպէս անում են թուրքական պետութեան ներկայացուցիչները»,- ասել է Քրիստինէ Վարդանեանը:

Իշխող ուժին կարծես դուր չի եկել ընդդիմութեան կողմից շրջանառութեան մէջ դրւած նոր օրինագիծը: ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեանը լրագրողների հետ զրոյցում ասել է, որ ցեղասպանութեան ժխտումը քրէականացնող յօդւած արդէն կայ Քրէական օրէնսգրքում: Այս առնչութեամբ ընդդիմադիր խմբակցութեան պատգամաւոր Քրիստինէ Վարդանեանն նշել է. «Եթէ որեւէ մէկը ուրացման հետ խնդիր չունի, ուրացման քաղաքականութիւն չի վարում, ապա Հայոց Ցեղասպանութեան ուրացման համար քրէական պատասխանատւութիւն սահմանող նախագծին ինչո՞ւ է դէմ: Եթէ ես իշխանութիւն լինէի, որեւէ խնդիր չունենայի ուրացման դէմ, մեծ հաճոյքով կընդունէի այն, որովհետեւ այն երբեք ինձ, իմ թիմին չէր վերաբերւի: Այն նաեւ կանխարգելիչ գործօն կը լինէր հետագայ բոլոր իշխանութիւնների համար»:

Յիշեցնենք՝ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութիւնից Արծւիկ Մինասեանն էր ապրիլի 22-ին յայտարարել, որ Հայոց Ցեղասպանութեան ժխտումը քրէականացնող նախագիծ են շրջանառութեան մէջ դրել: Ընդդիմադիր պատգամաւորը շեշտել էր, որ այդ նախագծի մի կողմում ազգային յիշողութիւնը, արժանապատւութիւնը ու ինքնութիւնն է, միւս կողմում հայ ժողովրդի ու ազգի թշնամիներն են:

Մինասեանն ասել էր, որ քաղաքական մեծամասնութիւնը առաջիկայում ընտրութեան հնարաւորութիւն կունենայ եւ յոյս էր յայտնել, որ գերակշիռ մասը կը պաշտպանի ազգային արժանապատւութիւնը:

Այս յայտարարութիւնից յետոյ լեզւակռիւ էր սկսւել ԱԺ նախագահի եւ Արծւիկ Մինասեանի միջեւ, դրան յաջորդած ՔՊ խմբակցութեան ղեկավար Հայկ Կոնջորեանի ելոյթի ժամանակ նիստերի դահլիճում իրավիճակն աւելի էր լարւել: «Քաղաքացիական պայմանագրի» եւ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորները վէճի էին բռնւել, քաշքշոց էր սկսւել:

Քրիստինէ Վարդանեանի խօսքով՝ դա հերթական սադրանքն էր իշխանութիւնների կողմից:

Related Articles

Back to top button