Գոհար Գասպարեան՝ մեծ հայրենասէրն ու համաշխարհային մեծ հռչակ ունեցող երգչուհին
Ա. Սպենդիարեանի անւան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի Մեճ Ճեմասրահում դեկտեմբերի 14-ին բացւել է թանգարանային բացառիկ ցուցադրութիւն՝ նւիրած հայ մեծանուն երգչուհի՝ քնարա-կոլորատուրային սոպրանօ, ԽՍՀՄ ժողովրդկան արտիստ, Մեսրոպ Մաշտոցի անւան շքանանշանակիր, պրոֆեսոր Գոհար Գասպարեանի ծննդեան 100-ամեայ յոբելեանին։
Ցուցադրութիւնն ընդգրկում է Գոհար Գասպարեանի կեանքն ու ժառանգութիւնը ներկայացնող ցուցանմուշներ՝ Օպերային թատրոնի արխիւից, Գոհար Գասպարեանի անձնական արխիւից, ինչպէս նաեւ «Եղիշէ Չարենցի անւան գրականութեան եւ արւեստի թանգարան»-ի ֆոնդից եւ «Արումենիա Նիպպոն» հայ-ճապոնական գիտակրթական միութեան արխիւից։
Օպերային թատրոնը ծրագրի շրջանակներում վերականգնել եւ ցուցադրել է Գոհար Գասպարեանի օպերային զգեստները, արխիւային լուսանկարներ եւ ազդագրեր։ Թանգարանային ցուցադրութեանը նպատակ ունի ներկայացել Գոհար Գասպարեանին ոչ միայն որպէս համաշխարհային մեծ հռչակ ունեցող երգչուհի, նաեւ որպէս մեծ հայրենասէր ու մեծ մտաւորական, ով՝ «ուշաթափւում է հայ լինելու երջանկութիւնից», կամ՝ «ամենասքանչելի տեսարանն իր համար հիւրախաղերից յետոյ տուն վերադառնալն ու Մեծ ու Փոքր Մասիսիներին նայելն» է։
Գոհար Գասպարեանը, թէեւ աշխարհի տարբեր երկրներում ապրելու հնարաւորութիւն ունեցել է, բայց մշտապէս վերադարձել է Հայաստան. «Հողը հայրենիք է դառնում, երբ ապրում ես այնտեղ»։
Աշխատասիրութեան շնորհիւ աշխարհի լաւագոյն բեմերը նւաճած երգչուհին վստահ է եղել՝ «արւեսագէտն անառիկ է պահում երկրի հոգեւոր սահմանները»։
Թանգարանային ցուցադրութեանը յաջորդել է Գոհար Գասպարեանի կատարողական ծրագրով, տեսապրոյեկցիոն լուծումներով եւ երաժշտագիտական մեկնաբանութիւններով համակցւած համերգային ծրագիր։ Ընտրւած էր բացառապէս հայկական ծրագիր, քանի որ Գոհար Գասպարեանի փափագն է եղել՝ «փափագս է հայ երիտասարդը հայկական երաժշտութիւնը սիրի, տարածի, հանդիաատեսն էլ շատ սիրի», ուր էլ գնացել է՝ տարել է իր հետ հայկական երգը։
Համերգին մասնակցել են ՀՀ վաստակաւոր արտիստ՝ Գէորգ Յակոբեանը (բարիտոն), Հայկ Տիգրանեանը (բաս), ՀՀ վաստակաւոր արտիստ Քրիստինէ Սահակեանը (մեցցո-սոպրանօ), Աննա Այւազեանը (սոպրանօ), Սոֆիա Սայադեանը (սոպրանօ), Յովհաննէս Անդրէասեանը (տենոր)։
Միջոցառմանը ներկայ կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրեանն ասաց, որ Գոհար Գասպարեանը հայ ազգի հպարտութիւնն է։
Մշակութային ծրագրի շրջանակներում հանդիսատեսի դատին յանձնւեց նաեւ Գոհար Գասպարեանի ստեղծագործական կեանքի եւ գործունէութեան մասին պատմող փաստավաւերագրական ֆիլմ։
Panorama.am