Արցախի 19-րդ դարի հայկական ժառանգութիւնն ադրբեջանական հայաջինջ քաղաքականութեան թիրախում
Արցախի մշակութային ժառանգութեան մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է. «Համաձայն Ադրբեջանի պաշտօնական քարոզչութեան՝ Ադրբեջանի տարածքում հայկական մշակութային ժառանգութեան օրինակներ են հանդիսանում միայն 19-րդ դարում եւ 20-րդ դարասկզբին կառուցւած հոգեւոր կառոյցները: Ադրբեջանական քարոզչամեքենան սա «բացատրում է» նրանով, որ «Անդրկովկասում հայերը վերաբնակեցւել են վերջին երկու հարիւր տարիներին Ռուսական կայսրութեան իշխանութիւնների կողմից, եւ տարածաշրջանի հայկական հոգեւոր կառոյցները կառուցւած են հայ վերաբնակիչների կողմից: Անդրկովկասում եւ մասնաւորապէս ժամանակակից Հայաստանի Հանրապետութեան եւ Ղարաբաղի տարածաշրջանում եղած հայկական մշակութային ժառանգութիւնը հէնց այս վերաբնակիչներին է պատկանում եւ ստեղծւել է վերջին 200 տարիների ընթացքում»: Ինչպէս կարող ենք տեսնել, նման յայտարութեամբ պաշտօնական Ադրբեջանը «իւրացնում եւ սեփականում է» ոչ միայն ՀՀ, այլ նաեւ Արցախի եւ պատմական հայկական այլ երկրամասերի տարածքում ստեղծւած ողջ մշակութային ժառանգութիւնը: Այստեղ իւրացւում է ոչ միայն չորրորդ դարից ստեղծւած քրիստոնէական ժառանգութիւնը, այլ նաեւ՝ աւելի վաղ շրջաններինը: Կարող ենք տեսնել, որ ադրբեջանական քարոզչամեքենան հայկական է համարում միայն 19-րդ դարում կառուցւած եկեղեցիները, այն էլ՝ սեփական քարոզչական թէզերից ելներով, որտեղ հայերը համարւում են եկւոր: Այս մասին վերջերս յայտարարեց նաեւ տխրահռչակ ադրբեջանական քարոզիչ Ռիզւան Հուսէյնովը: Հիմք ընդունելով քարոզչական այս թէզը՝ ադրբեջանական կողմը օկուպացւած Արցախում հայկական է համարում միայն 19-րդ դարում կառուցւած եկեղեցիները, քանի որ ըստ իրենց՝ մինչեւ 19-րդ դարը հայեր Արցախում չեն եղել: Այս եկեղեցիների շուրջ ստեղծւել է քարոզչական երկակի իրավիճակ՝ մի կողմից դրանք կարծես չպէտք է քանդւեն, քանի որ կառուցւել են ոչ «օկուպանտական» տարիներին, բայց դրանք նաեւ չեն կարող յայտարարւել «աղւանա-ուդիական»: Ուստի հարց է ծագում, թէ ինչ անել սրանց հետ: Վերջին չորս տարում ադրբեջանական կողմը քարոզչական տեսանիւթեր էր հրապարակում 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբին կառուցւած եւ Բաքւում, Գանձակում, Շամքորում դեռեւս կանգուն հայկական եկեղեցիներ՝ ցոյց տալու համար, որ «հանդուրժող» է եւ խնդիր չունի հայկական ժառանգութեան հետ: Սակայն միւս կողմից՝ 19-րդ դարի այս ժառանգութիւնը եւս խնդրայարոյց է Ադրբեջանի համար, քանի որ նման եկեղեցիներ կան Արցախի համարեայ բոլոր գիւղերում: Կան այս յուշարձանների կառուցման արձանագրութիւնները, որտեղ սովորաբար նշւած է գիւղական համայնքը, մեկենասը, քահանան, եկեղեցիների մի մասի կառուցման մասին կան նաեւ փաստաթղթային վկայութիւններ եւ նկարագրութիւններ: Մակար Բարխուդարեանցը, շրջելով ամբողջ Արցախում, նկարագրում էր հայկական գիւղերը, դրանցում գտնւող յուշարձանները, կառուցւող, վեակառուցւող, նորոգւող գիւղական եկեղեցիները: Կարող ենք տեսնել, որ սկսած 2020 թւականից որոշ դէպքում դրանք պաշտօնապէս յայտարարւում են կրկին աղւանա-ուդիական, ինչպէս օրինակ Թալիշ գիւղի 1894 թւականին կառուցւած Ս. Ամենափրկիչ եկեղեցին, ինչով հակասութիւն են ստեղծում քարոզչական հիմնական թէզերի հետ: Որոշ դէպքերում կարող ենք վաւերացնել, որ 19-րդ դարով թւագրւող նման եկեղեցիներն «անհետանում են», միտումնաւոր վնասւում ադրբեջանական կողմի իրականացւող «ենթակառուցւածքային» աշխատանքների ժամանակ, ինչպէս դա եղաւ Հադրութի շրջանի Մոխրենես գիւղի Ս. Սարգիս, Մադաթաշեն գիւղի Ս. Աստւածածին եկեղեցիների: Որոշ դէպքերում այս եկեղեցիները ուղղակի պղծւում են, պատւում են գրութիւններով, ինչպէս դա եղաւ Քարինտակ, Ջրաղացներ գիւղերի եկեղեցիների պարագայում (տես՝ Քարինտակի Ս. Աստւածածին եկեղեցին ենթարկւում է վանդալիզմի, Ադրբեջանի զինւորականները մահմեդական աղօթք են հնչեցնում օկուպացւած Ջրաղացներ գիւղի Սուրբ Աստւածածին եկեղեցում): Հարկ ենք համարում նշել, որ Հադրութի շրջանում ունենք մի իրավիճակ, որ եթէ անգամ եկեղեցիները կանգուն են, ապա միտումնաւոր վնասւել են, աւերւել գիւղերը, իսկ ամբողջ Արցախում հայ չի մնացել, այսինքն՝ չկայ եկեղեցիները կառուցող համայնքը, իսկ նրա բնակավայրերը քանդւում են: Առաւել բարդ իրավիճակը ստեղծւած է Շուշիում: Ադրբեջանական քարոզչամեքենան առհասարակ մերժում է քաղաքի հայկական ինքնութիւնը, ինչի դրեւսրումը խորհրդային տարիներից դեռեւս մի կերպ պահպանւած հայկական գերեզմանոցների հիմնական եւ վերջնական աւերումն էր վերջին տարիներին: Փաստ է, որ ադրբեջանական կողմը որոշել էր Շուշի քաղաքում չտեսնել, վերացնել անգամ իր քարոզչամեքենայի թէզերով առկայ հայկական ժառանգութիւնը: Շուշի քաղաքի հայկական սբ. Յովհաննէս Մկրտիչ (Կանաչ ժամ) եւ Ս. Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկեղեցիները պաշտօնապէս յայտարարւեցին ռուսական ուղղափառ եւ ձեռնարկւեցին այդ եկեղեցիների «նախնական, պատմական» տեսքին բերելու աշխատանքները, իսկ այնուհետեւ «յանկարծակի» անհետացաւ Կանաչ ժամ եկեղեցին: Այստեղ առաւել զարմանալին այն է, որ Կանաչ ժամի չակերտաւոր վերականգնումը ցուցադրելու համար Շուշի էին բերւել Ադրբեջանում հաւատարմագրւած դեսպաններ, կրօնական համայնքների առաջնորդներ: Ակնյայտ է, որ Ղազանչեցոց եկեղեցին արտաքնապէս արդէն նմանեցւել է Ուղղափառ եկեղեցու՝ հանւել է նրա վեղարը, գմբէթին տրւել է կիսագնդի տեսք, ներկւել դեղնայ-ոսկեգոյն: Շուշի քաղաքի եկեղեցիները հարուստ էին հայերէն արձանագրութիւններով, որտեղ որպէս պատւիրատու հանդէս էր գալիս քաղաքի հայկական թաղամասերի բնակչութիւնը: Քաղաքի մասին առկայ են մեծ թւով արխիւային, պաշտօնական փաստաթղթեր, որոնք Ռուսական կայսրութեան գաւառական իշխանութիւնների կողմից էին կազմւած:
Այսպիսով, կարող ենք տեսնել, որ անգամ 19-րդ դարում կառուցւած եւ որպէս հայկական ճանաչւող ժառանգութեան ֆիզիկական գոյութիւնը նոյնպէս խիստ մտահոգում է օուպանտներին եւ այս յուշարձանները եւս ենթակայ են աւերման»: