Բագրատ Սրբազան. «Վեհափառ Հայրապետին խնդրել եմ իմ 30-ամեայ հոգեւոր ծառայութիւնը սառեցնել»
«ԱԼԻՔ» – «Անկեղծօրէն ասած, չգիտեմ նոյնիսկ ինչ ասել: Ես չեմ ունեցել, հիմա էլ չունեմ, վաղն էլ չունեմ ոչ այդ պաշտօնի, ոչ էլ մնացած աստիճանների ակնկալիքը»: Այս մասին երէկ՝ մայիսի 26-ին, Երեւանի Հանրապետութեան հրապարակում կայացած բազմահազարանոց հանրահաւաքում յայտարարել է Բագրատ Սրբազանը, այն բանից յետոյ, երբ Գուրգէն Մելիքեանը յայտարարել է, որ շարժման վարչապետի թեկնածուն հէնց ինքն է:
«Այս շարժումը սկզբնաւորւած մեր սահմանագօտուց ստի դէմ եւ յանուն ճշմարտութեան բերեց հասցրեց մեր Տիրոջ օրհնութեամբ: Իմ կեանքում չեմ խուսափել որեւէ պատասխանատւութիւնից, ստանձնել եմ սխալների դէպքում ընդունել, անդրադարձել, եւ փորձել սրբագրել կամ հեռանալ, բարիքի դէպքում տարածել իմ շուրջ գտնւող ժողովրդի վրայ որպէս նրանց ձեռքբերումն այս կեանքում:
Այս իմաստով նկատի ունենալով լայն շրջանակների ակնկալութիւնը, անկեղծ լեզուս էլ չի պտտւում ասել, վարչապետի թեկնածու լինելու առնչութեամբ, Վեհափառ Հայրապետի նախագահութեամբ իմ հոգեւոր եղբայրների հետ ունեցած քննարկումների արդիւնքում եւ ընթացքում անդրադարձ ենք ունեցել, որ ես իմ հոգեւոր հանգամանքի հետ չեմ կարող համատեղել վարչապետի թեկնածու լինելու պարագան: Այդ պատճառով ես Վեհափառ Հայրապետին եւ իմ հոգեւոր եղբայրներին ներկայացնելով իրավիճակը, խնդրել եմ այս 30-ամեայ իմ հոգեւոր ծառայութիւնը սառեցնել, եւ իմ անձնական պատասխանատւութիւնը ստանձնել ու կրել ողջ այս ընթացքի համար: Սա անձնական որոշում է՝ հաշւի առնելով այն ամբողջ զոհաբերութիւնը, չակնկալիքը, որ ես պատրաստ եմ դնելու իմ սրբազան հայրենիքի, պետութեան զոհասեղանին:
Ես միշտ ասել եմ, որ իմ հոգեւոր հանգամանքը եւ կոչումը աւելին է, քան որեւէ տեսակի պաշտօն: Սա ուղղակիօրէն այն պահանջւած պատասխանատու զոհաբերութեան զգացումն է, առանց որի մեր կեանքում ոչ մի բան չի կարող փոխւել: Հետեւաբար, իւրաքանչիւր մարդ կոչւած է զոհաբերութիւն ունենալու այս շարժման մեջ առանց որեւէ երկմտանքի ու կասկածի, յաղթելու եւ ճշմարտութեան կողմը բարձրացնելու վճռականութեամբ»,- ասել է Սրբազանը: