Հայաստան - ԱրցախՔաղաքական

«Հետապնդւում եւ ահաբեկւում են հասարակութեան գրեթէ բոլոր շերտերը, որոնք աջակցում կամ կիսում են շարժման գաղափարները»

Դիանագէտների համահայկական խորհուրդի յայատարարութիւնը

Հայաստանում խորքային փոփոխութիւնների պահանջով սկիզբ առած ընդվզումն այսօր վերածւել է համաժողովրդական անհամաձայնութեան Շարժման՝ կառավարութեան հրաժարականի յստակ ձեւակերպմամբ։ Ի պատասխան ժողովրդավարական կարգախօսներով իշխանութեան եկած վարչախումբը խաղաղ ակցիաների մասնակիցների եւ նրանց համակիրների նկատմամբ, առանց խտրականութեան, սկսել է կիրառել ռեպրեսիաների ամբողջ գործիքակազմը։

Հետապնդւում եւ ահաբեկըում են հասարակութեան գրեթէ բոլոր շերտերը, որոնք այս կամ այն առումով աջակցում կամ կիսում են շարժման գաղափարները։ Համատարած ձերբակալութիւններ, կալանաւորումներ, քաղաքական հայեացքների համար բանտարկումներ, մարդկանց աշխատանքից անօրինական ու անհիմն ազատումներ, լրագրողների մասնագիտական գործունէութեանը խոչընդոտումներ, այդ թւում բիրտ ու անհամաչափ ուժի կիրառմամբ, ուսանողութեան նկատմամբ կողմնակալ վերաբերմունք եւ անուղղակի ճնշումներ, գործարար հատւածի ներկայացուցիչների իրաւական հիմքից զուրկ ստուգումներ, ահաբեկումներ եւ այլն. սա՛ է ներկայիս իշխանութիւնների «ժողովրդավարական» դէմքը։ Աւելին, բռնաճնշումների թիրախ են դարձել մեր հասարակութեան ամենախոցելի մասը՝ արցախցիները, ովքեր Ադրբեջանի սանձազերծած էթնիկ զտման եւ ցեղասպանական քաղաքականութեան հետեւանքով ընդամէնը մի քանի ամիս առաջ զրկւել են իրենց Հայրենիքից։

Սահմանադրութեան հերթական կոպտագոյն խախտմամբ ոտնահարւում են պատգամաւորների անձեռնմխելիութեան եւ ազատ տեղաշարժի իրաւունքները։ Ներքին հաշտութեան եւ տարածաշրջանում արդար խաղաղութեան ձեւակերպւած պահանջով լայն շարժմանն իշխանութիւնը հակադրում է բացառապէս բռնի ուժ եւ ռեպրեսիաներ։

Վարչախումբը, անցնելով բոլոր հնարաւոր կարմիր գծերը, ամենագռեհիկ ու ստոր մեթոդներով աննախադէպ արշաւ է սկսել Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դէմ՝ վիրաւորելով միլիոնաւոր հաւատացեալ քաղաքացիների զգացմունքներն ու արժանապատւութիւն,վարքագիծ, որը ստալինեան փուլից յետոյ երբեւէ չէր արձանագրւել։ Այս ամէնը խորապէս հակաժողովրդավարական է, ուղղակիօրէն ոտնահարում է մարդու իրաւունքների եւ ազատութիւնների հիմնարար սկզբունքները եւ հրահրում է ներքին էսկալացիա ու անհանդուրժողականութիւն։

Դիւանագէտների համահայկական խորհուրդը, խստագոյնս դատապարտելով վերոյիշեալ անընդունելի երեւոյթները, կոչ է անում Հայաստանում հաւատարմագրւած օտարերկրեայ դիւանագիտական ներկայացուցչութիւններին եւ միջազգային կազմակերպութիւններին սկզբունքային գնահատական տալու շարունակւող անօրինականութիւններին՝ կանխելու համար Հայաստանի վերջնական անկումը դէպի աւտորիտարիզմ եւ բռնապետութիւն։ Այս տարօրինակ լռութիւնն ընդհատելու ժամանակն է։

Դիւանագէտների համահայկական խորհուրդ

27.05.2024թ.

Related Articles

Back to top button