Հայաստան - Արցախ

Չկրակւած «անպիտան հրթիռների» հնարաւոր թիրախները եւ ազատ արձակւած Դաւիթ Տօնոյեանի գնահատականի «տողատակերը»

Օգոստոսի 15-ին հրթիռների գործով անցնող ՀՀ պաշտպանութեան նախկին նախարար Դաւիթ Տօնոյեանը 15 միլիոն գրաւի դիմաց ազատ է արձակւել՝ երկու տարի, 10 ամիս, 17 օր կամ 1051 օր անազատութեան մէջ լինելուց յետոյ:

Տօնոյեանի փաստաբան Անդրանիկ Մանուկեանի դիտարկմամբ, իրավիճակը փոխւել է մեղադրող կողմի հրաւիրած վերջին վկայի հարցաքննութիւնից յետոյ, մանրամասներ չեն նշւում:

Ինքը՝ Դաւիթ Տօնոյեանը, «Ազատութեան» հետ զրոյցում՝ հարցին՝ ինչպէ՞ս ստացւեց, որ այս տարիների ընթացքում իրեն ազատ արձակելու բազմաթիւ միջնորդութիւններ մերժած դատաւորը նման քայլի գնաց, պատասխանել է.

«Էս պահին եղել է դատաւորի որոշումը, որը որեւիցէ ձեւով ես քաղաքական անւանել չեմ կարող։ Կարծում եմ՝ դատարանն ուղղակի գտաւ, որ արդէն նւազել է իմ ազդեցութիւնն, այսինքն՝ ապօրինի ազդեցութեան մակարդակը, դրա համար էլ որոշում կայացրեց»:

Հակադարձմանը՝ կայ՞ այստեղ քաղաքական գործոն, Տօնոյեանը խոստացել է բոլոր քաղաքական խնդիրների վերաբերեալ հետագայում խօսել, ինչպէս նաեւ դատավարութիւնից՝ դեռ առիթ կլինի:

Այստեղ ՀՀ պաշտպանութեան նախկին նախարարին յիշեցրել են, որ ինքը յայտարարել էր՝ իր նկատմամբ յարուցւած քրէական գործը քրէադատավարական փաթեթաւորմամբ «թաւշեայ» քաղաքական հետապնդում է, աւելին, այդ հետապնդումն ուղղորդւում է անձամբ Նիկոլ Փաշինեանի կողմից:

168.am-ին տւած հեռակայ հարցազրոյցում Դաւիթ Տօնոյեանը նոյնիսկ ասել էր. «Ինձ ձերբակալելու համար քաղաքական համաձայնութիւն է տրւել ՀՀ վարչապետի մօտ կայացած խորհրդակցութեան ժամանակ»:

«Ազատութեան» հետ զրոյցում նախկին նախարարը նշել է՝ ասւածին աւելացնելու բան չունի, իհարկե, հետագայում դեռ կըխօսի՝ «առաւել, քան նախկինում ասել եմ, հիմա ոչ մի բան չեմ աւելացնի»:

Փաստօրէն Դաւիթ Տօնոյեանը, ով շարունակում է իրեն առաջադրւած մեղադրանքը չընդունել, հաստատում է նախկինում ասւածը՝ Նիկոլ Փաշինեանի կողմից քաղաքական հետապնդման փաստը, պարզապէս դեռ չի ցանկանում խօսել դրա պատճառների մասին՝ դա անձնական տիրոյթո՞ւմ է, 44-օրեայ պատերազմի համատեքստո՞ւմ, թէ՞ այլ հանգամանքներով է պայմանաւորւած:

Ինչ վերաբերում է դատարանի որոշման մասին նրա գնահատականին՝ «դատարանն ուղղակի գտաւ, որ արդէն նւազել է իմ ապօրինի ազդեցութեան մակարդակը, որեւիցէ ձեւով ես քաղաքական անւանել չեմ կարող», կարո՞ղ ենք ենթադրել, որ այստեղ կան որոշակի տողատակեր:

Այն է՝ մինչեւ այս պահն իր հնարաւոր ազդեցութիւնը կալանքից չազատելու հիմք տեսնելը դատարանի կողմից՝ եղել է ապօրինի, եւ հիմա օրինական որոշում է կայացւել, որը կարող է քաղաքական վերնախաւի սրտով լինել կամ չլինել:

Իհարկէ, չի բացառւում, որ յարմար պահի քաղաքական ղեկավարութիւնը եւ Նիկոլ Փաշինեանը կարող են, ըստ քաղաքական յարմարութեան, մեկնաբանել կամ օգտւել, փորձել դիւիդենտներ շահել ՀՀ պաշտպանութեան նախկին նախարարի ազատ արձակւելու փաստից եւ դատարանի համապատասխան որոշումից: Այս եւ նման զարգացումների դէպքում Դաւիթ Տօնոյեանի արձագանքը թողնենք ժամանակին:

Իսկ հիմա, թերեւս, հարկ է յիշատակել Աւետիք Իշխանեանի գրառումը՝ «Ողջամիտ ժամկէտ» վերտառութեամբ:

«3 տարի կալանքի տակ մնալուց յետոյ, պաշտպանութեան նախկին նախարար Դաւիթ Տօնոյեանը գրաւի դիմաց ազատ արձակւեց։ Հարց է առաջանում՝ մի՞թէ 3 տարին բաւարար չէր դատարանում Դաւիթ Տօնոյեանի մեղքն ապացուցելու եւ համապատասխան դատավճիռ կայացնելու համար։ Բնականաբար հնարաւոր էր։ Եւ ոչ միայն Դաւիթ Տօնոյեանի դէպքում։ Ահա արդէն 1 տարուց աւելի է, որ կալանքի տակ է Արմէն Աշոտեանը։

Եւ այսպէս բոլոր ընդդիմադիր գործիչների դէպքում։ Եւ նորից հարց է առաջանում, ի՞նչ է նշանակում «ողջամիտ ժամկէտ» կոչւածը ՝ 3, 4, 5, թէ՞ 10 տարի։

Ի՞նչ է կատարւում իրականում։

Իրականում, գարշապետի հրահանգով, նրա գրպանային իրաւապահ կոչւող մարմնի մասերը շինծու քրէական գործեր են թխում եւ մեղադրանքներ առաջադրում տարբեր գործիչներին, դատաւորներն էլ կալանքի որոշումներ կայացնում։ Բայց նոյնիսկ այդ նոյն դատաւորները ձգձգելով գործերը՝ չեն համարձակւում ոչ մեղադրական դատավճիռ կայացնել, առաւել եւս սարսափում են արդարացման որոշում կայացնել։

Այսպիսով, կալանքը կիրառւում է որպէս պատիժ, իսկ կալանքի տեւողութիւնը, այն է՝ պատժաչափը, որոշում է նոյն գարշապետը»:

«Հրթիռների գործը» դատարանում է մօտ 2 տարի, իսկ դրա յարուցման մասին յայտնի էր դարձել 2021-ի սեպտեմբերին: Եւ այս ընթացքում իշխանութիւնները չեն համարձակւել գնալ դրանց փորձարկման, այսինքն՝ չի ապացուցւել նրանց մեղադրանքը դրանց անպիտան լինելու վերաբերեալ:

Ինչպէս 168.am-ի հետ զրոյցում նշել էր Տօնոյեանի փաստաբան Անդրանիկ Մանուկեանը, ««գէթ մէկ հրթիռ չի կրակւել՝ պարզելու, թէ դրանք պիտանի՞ են, թէ՞ ոչ, նման փորձաքննութիւն չի իրականացւել»:

168.am-ը մանրամասն անդրադարձել էր Փաշինեանի վրէժխնդրութեան ռազմական հետեւանքներին՝ Հրթիռների գործից մինչեւ պլատաների գործ, եւ, որ այդ ռազմական մեղադրանքները յօդս են ցնդել եւ ցնդում։

Հրթիռների գործով ցանկացած դատավճիռ Նիկոլ Փաշինեանի դէմ է աշխատելու. մեղադրականի դէպքում յիշեցնելու են, որ այդ հրթիռները Փաշինեանի օրօք են մատակարարւել բանակին, իսկ գործով անցնողների (ՀՀ պաշտպանութեան նախկին նախարար Դաւիթ Տօնոյեանը, ՀՀ ԶՈԻ ԳՇ նախկին պետ Արտակ Դաւթեանը, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստեանը, ՀՀ զինւած ուժերի աւիացիայի վարչութեան նախկին պետ Աւետիք Մուրադեանը, վարչութեան աւիացիոն տեխնիկական ունեցւածքի ծառայութեան պետ Արտեոմ Համբարեանը, զէնքի մատակարար Դաւիթ Գալստեանը եւ այլք) արդարացման դէպքում հաստատւելու է Փաշինեանի քաղաքական կամ անձնական վրէժխնդրութեան փաստը, որից, իհարկէ, տուժել է բանակի հեղինակութիւնը:

Բայց այստեղ մտածելու բան ունեն նաեւ Տօնոյեանի ձերբակալման հարցով Նիկոլ Փաշինեանի մօտ խորհրդակցութեանը մասնակցած պաշտօնեաները, ինչին 168.am-ն անդրադարձել էր:

Սրա շուրջ գաղտնազերծում էր արել նաեւ  ՀՀ պաշտպանութեան նախկին նախարար Արշակ Կարապետեանը:

«Տօնոյեան Դաւիթին տարան փակեցին, 2 ամիսը մէկ դատ լինի թէ չլինի: 3 տարի է՝ նստած է, բա որ արդարացրին: Ես գիտեմ, որ հիմքեր չկան, չկան հիմքեր: Ու ինձ Տօնոյեան Դաւիթի ձերբակալողը խօսք է տւել՝ եթէ իրան չյաջողւի դատել Տօնոյեան Դաւիթին, տեսէք ինչ եմ ասում, որովհետեւ ես դէմ եմ եղել… Ես ասեցի՝ հիմքեր չկան: Յետոյ հարցրի՝ վստա՞հ ես, ասեց՝ հա: Ասեցի՝ եթէ էս մարդն արդարանում է, դու քո ուսադիրները պոկո՞ւմ ես, ասեց՝ հա: Տղամարդու խօսք է տւել, օրը կգայ, կըյիշեցնեմ: Էս խօսակցութիւնը եղել է վարչապետի ներկայութեամբ: Իզուր տեղը թող նամակներ չգրի՝ Կարապետեան Արշակը սենց արեց… նամակագրութիւնով թող չզբաղւի: Նորից եմ ասում՝ Էս խօսակցութիւնը եղել է վարչապետի ներկայութեամբ»,- մանրամասնել էր նա:

Չմոռանանք նաեւ, որ ԱԺ պաշտպանութեան եւ անվտանգութեան հարցերի յանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարեանը 44-օրեայ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ յանձնաժողովի շրջանակում ժամանակ առ ժամանակ պատերազմի պարտութեան մեղքը փորձել է գցել «անորակ հրթիռների վրայ», երբ դատարանը համապատասխան որոշում չի կայացրել:

Ինչ վերաբերում է Դաւիթ Տօնոյեանի ազատման արձագանքներին եւ յիշեցումներին, որ նա պատերազմը տանուլ տւած նախարար է, ապա 44-օրեայ պատերազմին առնչւող դեռ շատ հարցերի Դաւիթ Տօնոյեանը պիտի պատասխանի, եւ ոչ միայն նա: Եւ քաղաքական, ռազմաքաղաքական, ռազմական ղեկավարութիւնը պէտք է պատասխանատւութիւն կրի իր արածի եւ չարածի համար:

Բայց այս դէպքում խօսքն այլ գործի մասին է, եւ մէկը միւսին չպէտք է խառնել՝ անկախ անձի հանդէպ վերաբերմունքից: Իսկ թէ որքանով Դաւիթ Տօնոյեանը կալանքի ժամանակ իր անուղղակի ներկայացրած «քաղաքական յայտը» գործնականի կըվերածի եւ կանի՞ դա արդեօք, ժամանակը ցոյց կտայ: Ի դէպ, լաւ կլինի, որ հասարակութիւնը պահանջատէր լինի 44-օրեայ պատերազմին առնչւող քրէական գործերի նկատմամբ, որոնցով դատավարութիւնները դռնփակ են նաեւ ընթանում, եւ հանրութիւնը չի իմանում ճշմարտութիւնը, իսկ որոշ մանր-մունր գործեր էլ, եթէ կարելի է այդպէս ասել, կարճւում են, բայց հասարակութիւնը դրա մասին կամ իմանում է եւ առանձնապէս ուշադրութիւն չի դարձնում, կամ էլ չի իմանում:

Նիւթը՝ ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍԵԱՆԻ

Related Articles

Back to top button