Կիրակի, 18 օգոստոսին, Տնօրինութեամբ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի Թեհրանի թեմի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ Սուրբ եւ Անմահ Պատարագ Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի վերափոխման եւ Խաղողօրհնէք տօնի առիթով:
Սուրբ Աստւածածին եկեղեցում կրօնական արարողութեան պատարագիչն էր Հոգշ. Տ. Առաքել Աբղ. Գատեհճեանը:
Արարողութեանը ներկայ էին՝ Թեմական խորհրդի ներկայացուցիչները եւ նկատառելի թւով հաւատացեալներ:
Հայր Սուրբն իր քարոզի ընթացքում, անդրադառնալով օրւայ խորհրդին ասաց.-«Հայ Եկեղեցու աւանդութեան համաձայն, Քրիստոսի հրաշափառ եւ յաղթական Յարութիւնից եւ Համբարձումից յետոյ, Տիրամայրը 15 տարի ապրեց առաքեալների հետ, վայելելով յատկապէս Ս. Յովհաննէս առաքեալի անմիջական գուրգուրանքը եւ խնամքը: Երբ լրացան 15 տարիները, Աստւածամայրը աւանդեց իր հոգին: Առաքեալները երկիւղած ու յարգալից արարողութեամբ եւ ջահերի ու լապտերների ուղեկցութեամբ նրան թաղեցին Գեթսեմանի պարտէզի «Ջահերի ձոր» կոչւած վայրում: Այնուհետեւ, երեք օր շարունակ Մարիամ Աստւածածնի գերեզմանից երկնային շողեր արձակւեցին եւ հրեշտակների փառաբանական երգեր լսւեցին: Տիրամօր թաղման ընթացքում Բարթողիմէոս առաքեալը բացակայում էր: Երբ նա իմացաւ Աստւածամօր մահը, վերադարձաւ Երուսաղէմ եւ գնաց գերեզման, որպէսզի յարգանքի վերջին տուրքը մատուցի Ս. Կոյսին: Երբ առաքեալները գլորեցին Տիրամօր գերեզմանի քարը, գերեզմանը թափուր գտան ու անմիջապէս յիշեցին Քրիստոսի այն խոստումը, ըստ որի նա իր մօրը երկինք պիտի փոխադրէր»: Հայր Սուրբը յաւելեց.-«Հայ եկեղեցին ա՛յնքան յարգանք եւ պատիւ է ընծայել Ս. Աստւածածնին, որ տարւայ ընթացքին նրան եօթ տօներ է նւիրել: Մեր եկեղեցին Աստւածամօր պատւին յօրինել է բազմաթիւ ու բազմազան շարականներ, մեղեդիներ եւ տաղեր: Հայ եկեղեցին Ս. Աստւածածնին յատուկ տեղ է տւել նոյնիսկ իր կառոյցում, ըստ որի մեր բոլոր եկեղեցիների խորանները պսակւած են Աստւածամօր մայրական սրբապատկերով: Հայ ժողովուրդը ա՛յնքան սիրել ու յարգել է Աստւածամօրը, որ նրա անունով հազարաւոր եկեղեցիներ է կառուցել. այս աշխարհում չկայ որեւէ հայկական համայնք, որ իր հողերի վրայ Ս. Մարիամ Աստւածածին անունով եկեղեցի չունի»:
Իսկ անդրադառնալով Ս. Աստւածածնի վերափոխման տօնի մի այլ խորհրդին ասաց.«Ս. Աստւածածնի վերափոխման տօնը մեզ համար ունի նաեւ մի այլ խորհուրդ. դա մայրութեան խորհուրդն է: Աստւածածնի այս տօնը տօնն է հայ մայրերի, հետեւաբար ես այս գեղեցիկ առիթը օգտագործելով, շնորհաւորում եմ մեր հայ ազգի բոլոր մայրերին, նրանք լինեն հայրենիքում թէ արտերկրում, մեր հետ թէ մեզնից հեռացած: Մաղթում եմ, որ հայ ազգի բոլոր մայրերը օրհնեալ լինեն, ինչպէս Աստւածամայրը օրհնեալ է: Աղօթում եմ, որ մեր բոլոր հայ մայրերը իրենց մայրական առաքելութիւնը այնպէ՛ս կատարեն, որ Աստւածամայրը երբ երկնքից տեսնի, ասի՝ օրհնեալ լինէք, հայո՛ց մայրեր, որովհետեւ դուք կատարում էք Աստծու բարի կամքը: Ո՜վ հայոց մայրեր, ո՜վ հայոց աշխարհի սո՛ւրբ մայրեր, աղօթում եմ ձեզ համար, որպէսզի առողջ, ուրախ, յաջող եւ հանգիստ լինէք: Այս առիթով, շնորհաւորում եմ նաեւ բոլոր այն մայրերին եւ քոյրերին, որոնք կրում են Մարիամ, Մարօ, Մարի, Մարիանոյշ, Տիրուհի, Իսկուհի, Սրբուհի, Մաքրուհի, Թագուհի, Լուսիկ, Լուսածին, Լուսաբեր, Լուսամայր, Արփենիկ, Երանեակ, Երանուհի, Արեգ, Արեւիկ, Լուսանթագ, Աղաւնի, Մարգարիտ, Նազիկ, Նազելի, Տենչելի, Դշխոյ, Բերկրուհի, Պերճուհի, Ազնիւ, Անթառամ, Արուսեակ, Կուսինէ, Վերգինէ, Վերժին, Արշալոյս, Գերանոյշ, Գեղանիկ եւ Երջանիկ անունները: Թող Աստւած ձեզ երկար-երկար, առողջ-առողջ եւ ուրախ օրեր պարգեւի: Աղօթում եմ, որ Սրբուհի Մարիամ Աստւածածնի բարեխօսութիւնը եւ օրհնութիւնը անպակաս լինի ձեր կեանքերից: Աղօթում եմ, որ Ս. Աստւածածինը միշտ ներկայ եւ օգնական լինի ձեր կեանքում»:
Հայր Սուրբն անդրադառնալով խաղողօրհնէքի բարեպաշտական արարողութեանը ասաց.-«Ս. Աստուածածնի Վերափոխման տօնին է կապւած խաղողօրհնէքի բարեպաշտական արարողութիւնը: Ըստ էութեան այս արարողութիւնը ոչ մի առնչութիւն չունի բուն տօնի հետ: Ս. Գրքի եւ հայկական աւանդութեան համաձայն, արտին երախայրիքը, այսինքն՝ առաջին բերքը ընծայւում էր Աստծուն: Այս ընծայումը հայերի մօտ անցեալում տեղի էր ունենում Օգոստոս ամսւայ ընթացքին: Հայ Առաքելական Ս. Եկեղեցու Տօնացոյցին համաձայն, մենք Աստւածածնայ Վերափոխման տօնը Օգոստոս 15-ին մերձաւոր կիրակի օրն ենք նշում: Արդ, քանի արտերի երախայրիքը եւ Աստւածածնայ վերափոխման տօնը Օգոստոսին էին կատարում, մեր եկեղեցու հայրերը յարմար նկատեցին, որ այս երկու դէպքերը միասին կատարւեն: Իսկ ինչո՞ւ բոլոր պտուղներից խաղողը ընտրւեց: Նախ որովհետեւ խաղողը բոլոր պտուղներից ազնւագոյնն է, որովհետեւ անցեալում նա վերապահւած էր միայն թագաւորներին եւ կը կոչւէր «արքայական միրք»: Երկրորդ, Քրիստոս բոլոր պտուղներից ինքզինք համեմատեց խաղողի հետ, ասելով.- «Ես եմ որթատունկը, իսկ դուք՝ ճիւղերը: Ով միացած է ինձ, եւ ես՝ նրան, նա առատ պտուղ կը տայ» (Յհ 15. 5): Երրորդ, Սուրբ եւ Անմահ Պատարագի գինին պատրաստւում է խաղողի հիւթից, որ Ս. Հոգու միջոցով վերածւում է Քրիստոսի արեան: Իսկ ինչո՞ւ խաղողը Աստւածածնի վերափոխման տօնին է օրհնւում: Որովհետեւ Ս. Աստուածածինը ինք աշխարհ բերեց ճշմարիտ որթատունկը՝ Յիսուս Քրիստոսը»:
Հայր Սուրբն իր քարոզն աւարտեց Ս. Աստւածամօր ուղղւած հետեւեալ աղօթքով.- «Անկանում ենք քո առաջ, Սուրբ Աստւածածին եւ աղաչում ենք սուրբ կուսիցդ, բարեխօսի՛ր մեզ համար եւ աղաչի՛ր քո միածին Որդուդ, որպէսզի մեզ փրկի ամէն տեսակի փորձութիւնից եւ վտանգից»: Այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ