Իրանի մշակոյթի եւ Իսլամական միջազգային հաղորդակցութեան կենտրոնի տնօրէն հոջ. Իմանիփուրի շնորհաւորական այցը՝ ազգային առաջնորդարան
Երեքշաբթի, յունւարի 30-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը ազգային առաջնորդարանի դահլիճում Սուրբ Ծննդեան եւ Նոր տարւայ առիթով ընդունեց Իսլամական մշակոյթի եւ հաղորդակցութեան կազմակերպութեան տնօրէն հոջ. Իմանիփուրին, Կապի եւ մշակոյթի կազմակերպութեան Մշակոյթների եւ կրօնների երկխօսութեան կենտրոնի նախագահ դոկտ. Ալիաքբար Զիայիին եւ նոյն կազմակերպութեան փորձագէտ Ռաշիդ Բէյգիին:
Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց յարգոյ հիւրերին: Նա կարեւորելով հայութեան եւ Իրանի ժողովրդի բարեկամութիւնը ասաց, որ երկու ժողովուրդները եղբայրներ են, որոնք դարերից ի վեր համագործակցել ու իրար զօրավիգ են հանդիսացել։ Նա յաւելեց. «Մենք մուսուլմաններին համարում ենք մեր եղբայրները, եւ տեղին է ասել, որ հայերը սրբազան պաշտպանութեան ութ տարիների ընթացքում իրենց ներդրումն են ունեցել»։
Սրբազան Հայրը Գազայի ժողովրդի դէմ սիոնիստական ռեժիմի վերջին յանցագործութիւնների մասին արտայայտւելիս ասաց. «Աշխարհում միայն Իրանը, Սիրիան եւ Եմէնն են, որ աջակցում են Գազայի ժողովրդին ու ցաւօք այս հարցում, արեւմտեան երկրների ղեկավարները փակել են իրենց աչքերը, ականջները ու բերանը, բայց ես խորապէս համոզւած եմ, որ Պաղեստինի ժողովուրդը շուտով կը տիրանայ իր իրաւունքներին»: Նա նաեւ ասաց, որ հայ ժողովուրդը Հայոց Ցեղասպանութիւնն ու Արցախում էթնիկ զտումը ապրելով, բոլոր ազգերից առաւել իր սեփական մաշկի վրայ զգում է Պաղեստինի ժողովրդի ցաւն ու տառապանքը։
Թեմիս առաջնորդը մատնանշեց նաեւ պաղեստինահայ համայնքի նկատմամբ սիոնիստական ռեժիմի վայրագութիւններին։ Նա շեշտեց, որ հայերը 1500 տարի Պաղեստինում ապրելով ունեն իրենց իրաւունքները, որոնք այսօր խախտւում են սիոնիստների կողմից։
Ապա յարգարժան հիւրն իր գոհունակութիւնը յայտնեց հանդիպման համար եւ շնորհաւորելով Ամանորն ու Ս. Ծննդեան տօները, Սրբազան Հօր համար Բարձրեալ Աստծուց հայցեց լիարժէք ապաքինում։ Նա իր խօսքում անդրադարձաւ իրանցիների եւ հայերի յարաբերութիւնները պատմական խոր արմատներին եւ Սրբազան Հօրը կրօնների երկխօսութեան ազդեցիկ Ռահվիրան համարեց, որը միջազգային բոլոր համագումարներում հանդիսանում է Իրանի իրաւունքների պաշտպան ու ներկայացնում է Իրանի իրական պատկերը:
Հոջաթ. Իմանիփուրը Գազայում սիոնիստական ռեժիմի յանցագործութիւնները միջազգային մարդասիրական իրաւունքի տեսանկիւնից դիտարկելիս, ընդգծեց. «Գազայի հատւածում բնակւող մարդկանց դէմ յանցագործութիւնների ընթացքում խախտւել են մարդկային իրաւունքների նորմերը»։ Նա յայտնեց, որ բարեբախտաբար, բացի Իսլամական աշխարհից, այսօր մենք ականատես ենք մարդկութեան զարթօնքին եւ աշխարհի բոլոր ծայրամասերում դիմադրութեան մեդիա շարժումները արձանագրում եւ հրապարակում են Գազայի խաղաղ բնակիչների դէմ կատարւած յանցագործութիւնների փաստերը։
Հանդիպման աւարտին Իսլամական Մշակոյթի եւ հաղորդակցութեան կազմակերպութեան Մշակոյթների եւ կրօնների երկխօսութեան կենտրոնի նախագահ դոկտ. Ալիաքբար Զիային նշեց «Կրօնների իրաւունքների մասին համաշխարհային փաստաթղթի» պատրաստման մասին։
Ազգային առաջնորդարանի Հանրային կապի գրասենեակ