Լոյս է տեսել ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 2024 թ. առաջին համարը
Համացանցի էջում ընթերցէք «Դրօշակ»-ի՝ իր իրաւունքների մէջ մտնող 2024 թ., անդրանիկ համարը: Համարի առաջնորդողը անդրադարձ է Հայաստանի ներկայ իշխանութիւնների գրեթէ վեցամեայ ձախողւած քաղաքականութեանը, այս անգամ ներազգային դաշտում:
Հեղինակներ Լուսինէ Մխիթարեանը եւ Մանուէլ Մկրտչեանը անդրադառնում են ձախողումների պատճառներին քննելով դրանք ներհասարակական հոգեվիճակի, տրամադրութիւնների, ինչպէս եւ ազգային օրգանիզմում բոյն դրած յոռի արատների հետ առնչելով:
Պատմաբան Անի Մելքոնեանի ներկայացրած յօդւածը այս անգամ նւիրւած է Հայոց Բանակի հերթական տարեդարձին: Պատմաբանի հայեացքով Անին անդրադառնում է ներկայ հանրապետութեան հիմնադրման հետ ծնունդ առած եւ պատերազմների դաշտերում կոփւած Հայոց Բանակի անցած փառաւոր ուղուն, ինչպէս եւ ներկայացնում է օրւայ իշխանութիւնների հակազգային եւ հակաբանակ քաղաքականութեան հետեւանքով բանակի կարեւորութեան ստորադասմանը, նրա արժէզրկմանը եւ, որպէս հետեւանք, թշնամու յաղթանակներն ու պետութիւնը ինքն իրեն պաշտպանելու ունակութիւնից զրկելու ողբերգական պատմութեանը:
Ամերիկեան ուսումնասիրութիւնների հայկական կենտրոնը ներկայացրել է 2023 թւականի ընթացքում ամերիկացի բարձր պաշտօնեաների միջնորդական նախաձեռնութիւնները հայ եւ ադրբեջանական կողմերի միջեւ: Ուսումնասիրութիւնների կենտրոնի եզրակացութիւնն այն է, որ Ամերիկեան վարչակազմը աննախադէպ ակտիւութեամբ նախորդ տարի դերակատարութիւն է իրականացրել հայ-ադրբեջանական յարաբերութիւնների ոլորտում, ինչպէս եւ առանձնաբար հայ պաշտօնեաների հետ շփւելով եւ սա կարող է նախանշել Անդրկովկասում ամերիկեան քաղաքականութեան ակտիւացման սկիզբը:
«Դրօշակ»-ի այս առաջին համարը ընթերցողին առաջարկում է քաղաքական եւ ոչ քաղաքական այլ յօդւածներ:
«Դրօշակ»-ի 2024 թ. առաջին համարը համացանցում կարող էք գտնել droshak.am հասցէի ներքոյ: