Վարդան Օսկանեան. «Պատեհ առիթը կայ, որ հայկական կողմը Ադրբեջանի յարատեւ պահանջների դիմաց բանակցային սեղանին դնի արցախահայութեան հայրենադարձութեան հարցը»
Ես կարծում եմ՝ այսօր, առաւել, քան երբեւէ, պատեհ առիթը կայ, որ հայկական կողմը Ադրբեջանի յարատեւ եւ անհաւանական պահանջների դիմաց բանակցութիւնների սեղանին դնի արցախահայութեան՝ միջազգային երաշխիքներով հաւաքական հայրենադարձութեան հարցը։ Այս մասին «Ֆէյսբուք»-եան իր էջում գրել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանեանը։
«Արցախի ժողովրդի հիմնարար իրաւունքների հարցերով պաշտպանութեան յանձնախումբն երէկ (փետր. 1) իր երկրորդ յայտարարութիւնն է տարածել, որում յստակեցւում է Յանձնախմբի նախնական կազմը։ Որոշ մանրամասներ են հաղորդւել նաեւ աշխատանքի ուղղութիւնների մասին։
Ես ուզում եմ այս յայտարարութիւնը լրացնել մի քանի մեկնաբանութիւններով։
Առաջին, ինչպէս նշւած է յայտարարութիւնում, սա Յանձնախմբի նախնական կազմն է։ Այն անպայման ընդլայնւելու է՝ առաւել լայն աշխարհագրութիւն ստանալու համար, եւ դրանում անպայմանօրէն մասնակիցներ են լինելու Ռուսաստանից եւ Մերձաւոր Արեւելքից։
Երկրորդ, Յանձնախմբի առջեւ դրւած հիմնական խնդիրը՝ արցախահայութեան հիմնարար իրաւունքների պաշտպանութիւնը եւ առաջին հերթին նրանց՝ միջազգային երաշխիքներով հաւաքական հայրենադարձութիւնն է։
Երրորդ, ես կարծում եմ՝ այսօր, առաւել, քան երբեւէ, պատեհ առիթը կայ, որ հայկական կողմը Ադրբեջանի յարատեւ եւ անհաւանական պահանջների դիմաց բանակցութիւնների սեղանին դնի արցախահայութեան՝ միջազգային երաշխիքներով հաւաքական հայրենադարձութեան հարցը։
Այս պահանջի միջազգային-իրաւական բոլոր հիմքերը կան։ Աւելին, երբ հայ ժողովրդի մի հատւածը տեղահանւած է իր բնօրրանից, միայն այս խնդրի իրականացումը կը նպաստի ժողովուրդների միջեւ իրական խաղաղութեան հաստատմանը։
Արցախի ժողովրդի հիմնարար իրաւունքների պաշտպանութեան հարցերով յանձնախմբի յայտարարութիւնը
Ի լրումն 2024-ի յունւարի 18-ի յայտարարութեան՝ Արցախի հիմնական քաղաքական ուժերի հետ համագործակցութեամբ ձեւաւորւած Արցախի ժողովրդի հիմնարար իրաւունքների պաշտպանութեան հարցերով յանձնախումբը յայտնում է, որ յանձնախմբի նախնական կազմում հետեւեալ անհատներն են․
Վարդան Օսկանեան, ՀՀ արտաքին գործերի նախարար (1998-2008)
Գեղամ Ստեփանեան, Արցախի Մարդու իրաւունքների պաշտպան
Կարէն Բեքարեան, «Հայեացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, Հայաստան
Մարիօ Նալբադեան, Հայ Դատի Կենտրոնական խորհրդի անդամ, Արգենտինա
Գասպար Կարապետեան, Եւրոպայի Հայ Դատի յանձնախմբի նախագահ, Բելգիա
Գառնիկ Քըրքոնեան, միջազգային իրաւաբան, ԱՄՆ
– Յանձնախմբի կազմը կընդլայնւի՝ ներառելով անհատների Ռուսաստանից եւ Մերձաւոր Արեւելքից:
– Յանձնախմբի գլխաւոր խնդիրը լինելու է Արցախի ժողովրդի՝ միջազգային երաշխիքներով հաւաքական հայրենադարձութեան եւ իր հայրենիքում ապահով, անվտանգ ու արժանապատիւ ապրելու իրաւունքի հետապնդումը եւ պաշտպանութիւնը։
– Արցախի ժողովուրդը ցեղասպանութեան սպառնալիքի տակ բռնի տեղահանւած է իր տնից, հողից ու հայրենիքից եւ նրա բնական եւ անքակտելի իրաւունքն է անխոչընդոտ վերադառնալ իր բնօրրանը, շարունակել բնականոն ժողովրդավարական կեանքը՝ իր լեզւի, մշակոյթի, հոգեւոր ժառանգութեան պահպանման, սեփականութեան վերատիրացման, զարգացման եւ կեանքի կազմակերպման՝ միջազգայնօրէն ընդունելի նորմերով եւ սկզբունքներով։
– Հակամարտութեան հետեւանքով բռնի տեղահանւածների՝ իրենց հայրենիք կամաւոր վերադառնալու իրաւունքը ճանաչւած է որպէս միջազգային իրաւունքի նորմ, որը հիմնաւորւում է Մարդու իրաւունքների համընդհանուր հռչակագրով (Universal Declaration of Human Rights), Քաղաքացիական եւ քաղաքական իրաւունքների միջազգային կոնւենցիաով (International Convention on Civil and Political Rights) եւ տարածաշրջանային բազմաթիւ հռչակագրերով:
– Աւելին, 2023-ի նոյեմբերի 17-ին Արդարադատութեան միջազգային դատարանը (ICJ) վճռել է, որ Ադրբեջանի Հանրապետութիւնը պէտք է ապահովի 2023-ի սեպտեմբերի 19-ից յետոյ Լեռնային Ղարաբաղը լքածների անվտանգ եւ անարգել վերադարձը։
– Յանձնախումբը բազմակողմանի գործունէութիւն է ծաւալելու միջազգային հարթակներում՝ բարձրաձայնելու, ծանօթացնելու, հիմնաւորելու եւ հետապնդելու Արցախի ժողովրդի խնդիրները, շահերը եւ իրաւունքները։
– Յանձնախումբը, վերը նշւած նպատակների կեանքի կոչման համար, մշտական ու հետեւողական աշխատանք է իրականացնելու արցախահայութեան, Հայաստանի հանրութեան ու Սփիւռքի հայրենակիցների հետ՝ նպատակ ունենալով կոնսոլիդացնել բոլոր ռեսուրսները, այդ թւում՝ քաղաքացիական հասարակութեան, լրատւամիջոցների, ակադեմիական եւ փորձագիտական շրջանակների:
– Յանձնախումբը Արցախի ժողովրդին ներկայացնելու է պետական եւ քաղաքական մարմինների առաջ, ինչպէս նաեւ միջազգային ատեաններում, համաժողովներում եւ միջազգային դատարաններում։
– Ակնկալում ենք, որ ՀՀ իշխանութիւնները եւ քաղաքական բոլոր ուժերը աջակցութեան եւ համագործակցութեան պատրաստակամութիւն կը ցուցաբերեն Յանձնախմբի գործունէութեանը: Յանձնախումբը պատրաստ է աշխատել անխտիր իւրաքանչիւրի եւ բոլորի հետ, ովքեր պատրաստ են պատասխանատւութիւն ստանձնել՝ համապատասխան լիազօրութիւն ստացած այս յանձնախմբի հետապնդած նպատակների շրջանակներում:
2-ը փետրւարի, 2024 թ.»: