Ադրբեջանի անսպասելի հետքայլը. ինչի՞ն է սպասում Իլհամ Ալիեւը
Ամիսներ առաջ Ադրբեջանում կայանալիք COP29-ի ընթացքում Երեւան-Բաքու համաձայնագիրը ստորագրելու առաջարկութիւն անող Ադրբեջանի իշխանութիւնները ներկայումս լիովին մերժում են արդէն իսկ համաձայնեցւած համաձայնագիրը ստորագրելու Երեւանի առաջարկը՝ օրէցօր նոր եւ ծանր պահանջներով գործընթացը մտցնելով փակուղի։ COP29-ը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխութեան շրջանակային կոնւենցիայի համաժողովի 29-րդ նստաշրջանն է, որն այս տարի Ադրբեջանում տեղի կունենայ նոյեմբերի 11-24-ն ընկած ժամանակահատւածում: Ուշագրաւ է, որ մարտի 14-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը, ելոյթ ունենալով Բաքւի 11-րդ գլոբալ ֆորումի պաշտօնական բացման արարողութեան ժամանակ, նշել էր, որ հաւատում են, որ մինչեւ COP29-ն Ադրբեջանը եւ Հայաստանը կը հասնեն խաղաղութեան։
Այնուհետեւ ապրիլի 23-ին Իլհամ Ալիեւը, ելոյթ ունենալով ADA համալսարանում կազմակերպւած «COP29 եւ կանաչ տեսլականը Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումում, յայտարարել էր, թէ մինչեւ COP29 համաժողովն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ համաձայնութեան ձեռքբերումը՝ թէկուզ հիմնարար սկզբունքների շուրջ, միանգամայն իրատեսական է թւում։ Դեռեւս այն ժամանակ նա նշել էր, թէ որպէս տարբերակ՝ դիտարկւում է նաեւ հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնութեան գալը, իսկ ապագայում կարող են ժամանակ յատկացնել դրոյթները համաձայնեցնելու համար։ «Մինչ այդ համաձայնագրի նախագիծը կարող է նոյնիսկ պատրաստ լինել։ Կարծում եմ, որ դրա համար երկու կողմերն էլ պարզապէս պէտք է աշխատեն ի սրտէ»,- նշել էր նա՝ ըստ էութեան կրկնելով այն, ինչ ներկայումս Նիկոլ Փաշինեանի իշխանութիւնն է պնդում։
Այս տարւայ մայիսի 24-ին Ադրբեջանի նախագահի յատուկ յանձնարարութիւններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը NE Global-ի հարցազրոյցում ասել էր, որ Բաքւում կայանալիք COP29-ի համաժողովը հրաշալի շանս է հայ-ադրբեջանական խաղաղութեան համաձայնագիրը ստորագրելու համար։
«Մենք զգուշաւոր լաւատեսութիւն ենք արտայայտում եւ գտնում ենք, որ տեքստի շուրջ բանակցութիւնները հնարաւոր է աւարտել մինչեւ COP29-ի հանդիպումը։ Դա հզօր ազդանշան կը տայ եւ արտաքին աշխարհին այն մասին, որ Եւրոպական աշխարհամասի յետխորհրդային տարածքում ամենահին, երկարատեւ եւ ողբերգական հակամարտութիւններից մէկը մօտենում է աւարտին, ուստի գտնում եմ, որ երկու երկրները եւ Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդները պէտք է պատրաստ լինեն այդպիսի դրական հանգուցալուծմանը»,- ասել էր Ալիեւի յատուկ յանձնարարութիւններով ներկայացուցիչը։
Սկսած յուլիս ամսից, երբ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքէնը կազմակերպեց Միրզոյեան-Բայրամով հանդիպում մի որոշ շրջան դադարից յետոյ, ակնյայտօրէն գործընթացը տեղից չշարժւեց ու մտաւ փակուղի, ադրբեջանական դիրքորոշումները սկսեցին կոշտանալ, իսկ վերջին շրջանում՝ վերածւել վերջնագրերի, չնայած օրերս Նիւ Եօրքում Բլինքէնը եւս մէկ անօգուտ հանդիպում կազմակերպեց։
Ներկայումս Ադրբեջանի իշխանութիւնները չեն խօսում համաձայնագրի ստորագրման հեռանկարի մասին, այլ դնում են լուրջ պահանջներ ՀՀ իշխանութիւնների եւ արդէն հասարակութեան առջեւ։
Ալիեւը պահանջում է Հայաստանից ներողութիւն խնդրել, նրա խօսքով, իբրեւ թէ ՀՀ «պատերազմական յանցագործութիւնների» համար, տրամադրել, այսպէս կոչւած, զանգւածային գերեզմանների քարտէզներ, փոխել ՀՀ սահմանադրութիւնն այնպէս, որ հասարակութիւնն ընդունի, որ չունի որեւէ տարածքային պահանջ Ադրբեջանից։ Ալիեւը խօսում է նաեւ, այսպէս կոչւած, «Արեւմտեան Ադրբեջան» վերադարձի մասին, ինչն ասելով՝ Ադրբեջանի իշխանութիւնները պատկերացնում են ՀՀ միջազգային ճանաչւած տարածքը։ Չնայած հնչեցնելով նման պահանջներ, ադրբեջանական կողմը ոչինչ չի խօսում հայ ռազմագերիների վերադարձի, ՀՀ տարածքներից յետ քաշւելու, ինչպէս նաեւ արցախահայութեանը ԼՂ վերադառնալու գոնէ հեռանկարի տրամադրման մասին, այլ նպատակադրւած վերացնում է հայկական հետքն Արցախից։
Ինչո՞ւ էր դեռեւս գարնանն ադրբեջանական կողմը խօսում համաձայնագրի ստորագրման մասին, իսկ մէկ ամիս անց հնչեցնում բոլորովին նոր սուր պահանջներ։
168.am-ի հետ զրոյցում ռուս քաղաքական վերլուծաբան Անդրէյ Արեշեւն ասել է, որ ադրբեջանական կողմը գուցէ սպասում է աշխարհաքաղաքական նշանակութեան մի շարք իրադարձութիւնների, որոնցից յետոյ կը կողմնորոշւի՝ ինչ սցենարով առաջ շարժւել։ Սա, նրա խօսքով, ցոյց է տալիս, թէ գործընթացը որքան կախեալ է աշխարհաքաղաքական իրադարձութիւններից։
«Ինչպէս ցանկացած երկիր, այս հակամարտութեան կողմերը եւս ունեն սցենարներ, որոնցով առաջնորդւում են։ Ակնյայտօրէն սցենարներից մէկը համաձայնագիրը ստորագրելն էր այն տեսքով, որը դրւած է սեղանին։ Այս սցենարն Ադրբեջանը մերժեց եւ փորձում է գնալ այլ սցենարով, եւ եթէ իր յոյսերն արդարանան, ապա ճնշումը ՀՀ-ի նկատմամբ կը շարունակւի կամ գուցէ փոխւի այդ ճնշման ուժգնութիւնը։
Կարծում եմ՝ այստեղ առանցքային են ԱՄՆ ընտրութիւնները, Իրան-Իսրայէլ սրւող իրավիճակը, ինչպէս նաեւ Ադրբեջանում կայանալիք միջազգային համաժողովը»,- ասել է վերլուծաբանը։
Արեշեւի կարծիքով՝ Ադրբեջանում համարում են, որ ԱՄՆ ներկայիս վարչակազմն աջակցում է ՀՀ-ին, իսկ վարչակազմի փոփոխութիւնից յետոյ եւ մասնաւորապէս Թրամփի ընտրութիւնից յետոյ գուցէ ԱՄՆ-ը չզբաղւի ռեգիոնով։
«Իհարկէ, Թրամփի վերընտրութիւնը մի փոքր բարդ է թւում, սակայն, հաշւի առնելով ԱՄՆ նախագահական ընտրութիւնների անցկացման բարդութիւններն ու ընտրիչների համակարգը, պէտք է սպասել վերջնական արդիւնքներին, որոնք կարող են նաեւ անսպասելի լինել։ Ուստի հաշւարկը դա է, որ գուցէ Թրամփի ընտրութիւնը փոփոխութիւններ բերի Հարաւային Կովկաս ամերիկեան քաղաքականութիւնում»,- նշել է նա։
Ըստ վերլուծաբանի՝ Ադրբեջանը յուսով է, որ կը ստանայ միջազգային մեծ աջակցութիւն կայանալիք COP29 համաժողովի ժամանակ, ուստի բանակցութիւնների վերսկսումը դրանից յետոյ Ադրբեջանին հնարաւորութիւն կը տայ էլ աւելի մեծ առաւելութեամբ աշխատել։
«Իրան-Իսրայէլ յարաբերութիւններից շատ ենք խօսել, բնականաբար, եթէ իրավիճակը դուրս գայ վերահսկողութիւնից, ինչը հնարաւոր է, սակայն քիչ հաւանական եմ համարում, որ դա կանդրադառնայ ռեգիոնի վրայ»,- նկատել է Արեշեւը։
Ուստի, նրա խօսքով՝ աւելի կարեւոր է, թերեւս, ոչ թէ այն, ինչ ներկայումս ասւում է, այլ ապագայ զարգացումներն ու ըստ դրա՝ կայացւելիք որոշումները։
Անդրադառնալով նաեւ օրերս ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջէյմս Օ’Բրայէնի յայտարարութեանը, թէ Ռուսաստանի եւ Իրանի ստեղծւած անվտանգութեան ճարտարապետութիւնն անցանկալի է Հարաւային Կովկասի երկրների համար, Արեշեւն ասաց, թէ դրանում որեւէ նորութիւն չկայ, Օ՛Բրայէնն այդ մասին յաճախակի է խօսում։ «Հետաքրքրականն այն է, որ այդ ցանկում Թուրքիայի մասին յիշատակում չկայ, ուստի կարելի է ենթադրել, որ Թուրքիայի անվտանգութեան հովանին Հարաւային Կովկասում ընդունելի է ԱՄՆ-ի համար, գուցէ դա է նաեւ պատճառը, որ Փաշինեան-Էրդողան հանդիպումներն անցնում են այն մթնոլորտում, որի ականատեսն ենք դառնում, երեւի թէ դա է պատճառը, որ ՀՀ-ն ձգտում է Թուրքիայի հետ աւելի լաւ յարաբերութիւնների, սահմանների բացման, կամ դիմում է միջնորդութեան համար։ Երբ ԱՄՆ-ը նման յստակ ուղերձ է անում, նշանակում է՝ թուրքական տարբերակին կողմ է։ Սա ուղերձ է նաեւ այնպիսի երկրներին ու հասարակութիւններին, ինչպիսին հայկականն է»,- նկատել է Արեշեւը։
Զրոյցը՝ ԱՐԱՔՍ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆԻ