Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Թրամփի վարչակազմը Երեւանին ու Բաքւին առաջարկ է արել Ադրբեջանը Հայաստանով Նախիջեւանի հետ կապող ճանապարհի մասին

«ԱԼԻՔ» – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Երեւանին ու Բաքւին առաջարկ է ներկայացրել Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջեւանի հետ կապող ճանապարհի մասին։ Alpha News-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Carnegie (Քարնեգի) հիմնադրամի վերլուծաբան Օլեսիա Վարդանեանը՝ յղում անելով երկու օտարերկրեայ դիւանագէտների։

Ըստ այդ աղբիւրների՝ ամերիկեան առաջարկը նման է տարիներ առաջ Եւրամիութեան կողմից շրջանառւած տարբերակին, որի հիմքում 2008-ի պատերազմից յետոյ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ համաձայնեցւած ծրագիրն էր։ Դրանով կողմերը նախատեսում էին Աբխազիայի եւ Հարաւային Օսեթիայի վիճելի շրջաններով անցնող երթուղիների կառավարումը յանձնել շւէյցարական մի անկախ ընկերութեան, որը պարտաւորւելու էր յետոյ լոգիստիկ տւեալները փոխանցել շահագրգիռ բոլոր կողմերին։

Եւրամիութիւնը նաեւ Երեւանին ու Բաքւին էր առաջարկում այս նախադէպով առաջնորդւել, սակայն «քննարկումները խափանւեցին. նախ՝ հայ-ադրբեջանական սահմանին լարւածութեան նոր բռնկումներից, ապա՝ 2023 թւականին, Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրացումից յետոյ», գրում է «Քարնեգի»-ի վերլուծաբանը։

Տրանսպորտային հաղորդակցութիւնների ճակատագիրը մնում է Հարաւային Կովկասում չլուծւած հիմնական հարցը՝ «Միջին միջանցքը», որը կարող է այլընտրանք դառնալ Ռուսաստանից անցնող ճանապարհներին՝ կապելով Չինաստանը Եւրոպայի հետ՝ Կենտրոնական Ասիայի, Կասպից ծովի ու Հարաւային Կովկասի միջոցով, ինչն ահռելի նշանակութիւն է ստացել յատկապէս Ուկրաինայի վրայ Ռուսաստանի յարձակումից յետոյ։ Այդ ճանապարհի մի մասը տեսականօրէն կարող է անցնել Հայաստանի տարածքով՝ կապելով Թուրքիան Ադրբեջանի, այնուհետեւ Կենտրոնական Ասիայի հետ, որտեղ Անկարան յատուկ հետաքրքրութիւն ու շահեր ունի։

«Բաքուն ընդհանուր առմամբ չի առարկում»,- փաստում է «Քարնեգի»-ի վերլուծաբանը` յաւելելով. «Միաժամանակ, Ադրբեջանը պնդում է, որ պէտք է սկսել հարաւային ճանապարհի բացումից, որը Ադրբեջանը կը կապի իր անկլաւի՝ Նախիջեւանի հետ:

Այս նախագիծը, Բաքւի ձեռամբ ներառւել է Ղարաբաղեան երկրորդ պատերազմի աւարտի վերաբերեալ՝ Մոսկւայի միջնորդութեամբ ստորագրւած եռակողմ փաստաթղթում, որը ենթադրում էր Ռուսաստանի մասնակցութիւնը երթուղու ապագայ կառավարմանը»։

Սակայն այսօր Երեւանը առարկում է՝ պնդելով, որ ինքը պէտք է իրականացնի վերահսկողութիւնը՝ մաքսային տուրքերից եւ անձնագրային ստուգումից մինչեւ անվտանգութիւն, նշել է վերլուծաբանը, շարունակելով, որ Բաքուն իր հերթին պնդում է, թէ պատրաստ չէ ներդրումներ կատարել տրանսպորտային մի նախագծում, որի ճակատագիրը կարող է հարցականի տակ յայտնւել, օրինակ՝ «եթէ Հայաստանում իշխանափոխութիւն լինի», յղում անելով իր աղբիւրներին՝ գրում է «Քարնեգի»-ի վերլուծաբանը, յաւելելով՝ Ադրբեջանը պահանջում է ներգրաւել արտաքին երաշխաւոր՝ երթուղու կայուն գործունէութիւնն ապահովելու համար. «Այս դիրքորոշումը, ըստ երեւոյթին, կիսում է նաեւ Թուրքիան, չնայած Երեւանը դեռեւս յոյս ունի համոզել Անկարային ճանաչել երթուղու նկատմամբ լիարժէք վերահսկողութիւն ունենալու՝ Հայաստանի իրաւունքը»։

Այս պայմաններում ներկայացւած ամերիկեան առաջարկը ընդհանուր գծերով նման է եւրոպականին, որով նախատեսւում էր ճանապարհի կառավարումը արտապատւիրակել օտարերկրեայ, մասնաւոր ընկերութեան։ «Միաժամանակ, Վաշինգտոնի առաջարկը հիմնւում է ամերիկեան տրամաբանութեան վրայ, ըստ որի համաձայնագրի երաշխաւորը պէտք է լինի ամերիկեան բիզնեսը, ինչպէս որ արդէն տեղի է ունեցել, օրինակ՝ Ուկրաինայում՝ հազւագիւտ մետաղների գործարքում»,- պնդում է Օլեսիա Վարդանեանը, որն աւելի վաղ նաեւ ղարաբաղեան հակամարտութեանը մանրակրկիտ հետեւող Միջազգային ճգնաժամային խմբի աւագ վերլուծաբանն էր։

Այս տարբերակն առաջ տանելու համար, ըստ նրա աղբիւրների, Վաշինգտոնը պէտք է մեծ ջանքեր գործադրի. «Կա՛մ համոզել Ադրբեջանին հրաժարւել Հայաստանի Սահմանադրութիւնը փոխելու իր պահանջից եւ ստորագրել խաղաղութեան համաձայնագիրը. դրան կարելի է հասնել, օրինակ, Իլհամ Ալիեւին Սպիտակ տուն հրաւիրելով»,- նշում է յօդւածագիրը։

Եւ երկրորդ տարբերակը, ըստ ներկայացմամբ, ճնշում գործադրելն է Երեւանի վրայ, որպէսզի Հայաստանը համաձայնի ամերիկեան մոդելին եւ հրաժարւի երթուղու հայկական հատւածի նկատմամբ լիակատար վերահսկողութեան պահանջից։ Փաստելով, որ այս տարբերակն առաւել իրատեսական է, «Քարնեգի»-ի վերլուծաբանը գրում է՝ ամենայն հաւանականութեամբ, դրանով Հայաստանը նաեւ ստիպւած կը լինի հրաժարւել Ադրբեջանի հետ խաղաղութեան համաձայնագիրն ի վերջոյ արագօրէն կնքելու եւ երկարամեայ մեկուսացումից շուտափոյթ դուրս գալու յոյսերից։

Չնայած քննարկումները դեռեւս սկզբնական փուլում են, եւ մանրամասները կարող են փոխւել, ԱՄՆ մի պաշտօնեայ վստահութիւն է յայտնել դրա յաջողութեան նկատմամբ․ «Նախագահ Թրամփը կարող է նոյնիսկ Նոբելեան մրցանակ ստանալ դրա համար»,- ասել է նա «Քարնեգի»-ի վերլուծաբանին:

Related Articles

Back to top button