Հայաստան - Արցախ

Րաֆֆին հանւել է Հայաստանի դպրոցների դասագրքերից

Երկիր յանձնելիս այն խոչընդոտ է

«Րաֆֆին պէտք է գալիս երկիր ազատագրելիս, իսկ երկիր յանձնելիս այն խոչընդոտ է ու պիտի անհետանայ, ինչպէս ժամանակին անհետացաւ նրա ծաւալուն արխիւը՝ Հայաստան ճանապարհւելիս»,-  իր «Ֆէյսբուք»-եան էջում գրել է գրականագէտ Կարօ Վարդանեանը։

«Միեւնոյն է, մի օր դա իրագործւելու է, ու նորից ուշացած մարգարէութիւններ ենք անելու: Աւելի լաւ է՝ հիմա յուշեմ: Ոչ հեռու ապագայում գրականութեան ու պատմութեան նոր դասագրքերը կը յագեցւեն «երկրի հակառակ կողմը» (Նիկոլ Փաշինեանի հեղինակած գիրքը-«ԱԼԻՔ») աղէտագրի բազում էջերով: Պետրոսի կնիկը (խօսքը հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարեանի կնոջ՝ ՀՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրէասեանի մասին է-«ԱԼԻՔ») ուղղակի պատւէր չի իջեցնի, որպէսզի աւելորդ աղմուկ չլինի: Առայժմ նա սպասում է, որ դասագիրք մոգոնողներն իրենք գլխի ընկնեն, բայց դէ դրանք էլ շատ զգուշաւոր են, միշտ ուզում են, որ ուղիղ կերպով պատւէրը ձեւակերպւի: Ուստի մի օր ինձ նման մէկի միջոցով դա կը յուշեն իրենց: Իհարկէ, ինքս որպէս գրող ու գրականագէտ լաւ գիտեմ, որ դա ապականւած հոգու ցրւածք է, բայց իմ իմանալը քիչ է: Ես չեմ մոռացել, որ հողատւութեան արշալոյսին դա անհամար տպաքանակով տարածւեց, իսկ շնորհանդէսին մի շարք գրողներ ու գիտական աստիճան ունեցող գրականագէտներ (նաեւ դասագրքաստեղծ) այն հռչակեցին դասական գրականութիւն: Ու դրանից յետոյ Հայոց աշխարհում ամէն ինչ ընթացաւ ու շարունակում է ընթանալ ճիշտ այնպէս, ինչպէս ցուցանւած է այդ գրւածքում:

Իսկ օրերս Րաֆֆին վտարւեց դասագրքերից: Փորձառու գրանտակերները գուցէ կը չարախնդան, թէ ինչու Սերժի ժամանակ ձեզ չէիք ճղում, երբ Պերճ Պռօշեանն էր վտարւում դասագրքերից: Ասեմ, որ մեզ ճղում էինք: Միայն ինքս Պ. Պռօշեանի տուն-թանգարանում կազմակերպած բոլոր միջոցառումները լուսահոգի Լեւոն Անանեանի հետ բացում ու փակում էի հէնց այդ աղաղակով՝ օրւայ նախարարի ու լրագրողների ներկայութեամբ: Բայց Պռօշեանը ոչ մի ռեժիմի ժամանակ արգելւած չի եղել, դա դասագիրք կազմողների նախասիրութիւնն ու քմահաճոյքն էր: Րաֆֆին ուրիշ է: Րաֆֆին հեշտ չի մտել դասագիրք: Նա երկար տասնամեակներ արգելւած էր բոլշեւիկեան ռեժիմի կողմից, որովհետեւ քարոզում է ընդվզում ու ազատագրական շարժում: Սրանք եւս կատաղած են Րաֆֆու վրայ, քանի որ Արցախ յանձնելուց եթէ եղել են որոշ դժւարութիւններ, ապա դրանք յարուցւել են նաեւ Րաֆֆիով դաստիարակւած մարդկանց կողմից: Րաֆֆին պէտք է գալիս երկիր ազատագրելիս, իսկ երկիր յանձնելիս այն խոչընդոտ է ու պիտի անհետանայ, ինչպէս ժամանակին անհետացաւ նրա ծաւալուն արխիւը՝ Հայաստան ճանապարհւելիս»:

Yerkir.am

Related Articles

Back to top button