Հայաստան - Արցախ

Աննա Յակոբեանը հերթական անգամ պարտութեան մասին է զգուշացնում, մեղաւորներն ընտրւած են Փաշինեանի կնոջ նախաձեռնութիւն-արշաւների ռեւոլիւցիան

ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍԵԱՆ

 

Աննա Յակոբեանը «Կրթւելը նորաձեւ է» նոր նախաձեռնութիւն է սկսել: Բայց մինչ դրան անդրադառնալը, պատմական էքսկուրս կատարենք իշխանափոխութիւնից յետոյ նրա բոլոր արշաւ-նախաձեռնութիւններով: Եւ այսպէս:

Դրւագ առաջին. «Կանայք յանուն խաղաղութեան». Յաղթանակը պատերազմով չէ, այլ՝ խաղաղութեամբ

«Թաւշեայ յեղափոխութիւնից» ամիսներ յետոյ 2018 թւականի ամռանն Աննա Յակոբեանը նախաձեռնել էր «Կանայք յանուն խաղաղութեան» արշաւը։

Արշաւի հռչակագրում, մասնաւորապէս, նշւում է. «Մարդկութիւնը բազում արիւնալի պատերազմներ է տեսել եւ յաղթահարել։ Արդեօ՞ք խաղաղութիւն հաստատած ժողովուրդներն, ուրեմն, դէմ են գնացել իրենց կրած զոհերի յիշատակին։ Ճիշտ հակառակը։

Հերոսները զոհւում են յանուն կեանքի, յանուն իրենց սիրելիների երջանկութեան, յանուն գալիք խաղաղութեան։

Ուրեմն խաղաղութիւնն է բոլոր զոհւածների յիշատակի փառաւորման ճշմարիտ միջոցը։

Յաղթանակը պատերազմով չէ, որ հաստատւում է, այլ խաղաղութեամբ։ Եւ խաղաղութիւնը բոլորի յաղթանակն է։

Մենք կարող ենք պատմութեան շուրջ արմատական տարաձայնութիւններ ունենալ, սակայն մեզ միաւորում է մարդկային վիշտը։ Այն թեթեւացնել հնարաւոր է մարդկայնօրէն կիսելով միմեանց ցաւը եւ միասնաբար պահանջելով՝ էլ ոչ մի զոհ»:

Խաղաղութեան իր կոչը ռուս յայտնի կանանց Աննա Յակոբեանը հասցրել էր Մոսկւայի Տրետիակովեան պատկերասրահում ելոյթի միջոցով։

«Դուք առաջինն էք, ում հետ ես կիսում եմ իմ այս մտքերը, եւ առաջարկում եմ միանալ իմ՝ «Կանայք յանուն խաղաղութեան» արշաւին, որը պէտք է փորձի լայն ընդգրկում ունենալ եւ ժամանակի ընթացքում խօսել ոչ միայն ղարաբաղեան հակամարտութեան, այլեւ աշխարհի տարբեր թէժ կէտերի մասին, առնւազն՝ այն կէտերի, որոնց դէպքում իսկապէս խաղաղութիւնը ֆանտաստիկայի ժանրից չէ։

Ուզում եմ ասել, որ ինձ համար շատ կարեւոր է այս արշաւի մեկնարկը տալ յատկապէս մեր բարեկամ եւ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնութիւնում եւ այսպիսի յարգարժան տիկնանց առջեւ։ Մեր ժողովուրդները միասին անցել են մեծ պատերազմի արհաւիրքի միջով, եւ էլ ո՞ւմ, եթէ ոչ՝ ձեզ, պէտք է ես խնդրեմ ինձ օգնել ընդդէմ պատերազմի եւ յանուն խաղաղութեան այս արշաւում։

Ուզում եմ մէկ անգամ էլ յստակեցնել, քանի որ չէի ուզի թիւրըմբռնումներ լինէին. ես չեմ ակնկալում, որ դուք ղարաբաղեան հակամարտութեան մէջ պաշտպանեք հայկական կողմի դիրքորոշումը։ Ես խնդրում եմ միայն միանալ թնդանոթները մի կողմ դնելու, երկու ժողովուրդների զաւակների կեանքերը խնայելու կոչին։ Այդ կոչը, այդ կարեւոր ուղերձը կարելի է հնչեցնել սահմանի երկու կողմից էլ։ Ես, իհարկէ, այդ հնարաւորութիւնը չունեմ, բայց դուք կարող էք անել դա ե՛ւ հայկական, ե՛ւ ադրբեջանական կողմից»,- մասնաւորապէս, յայտարարել էր Աննա Յակոբեանը:

Նրա տրամաբանութեամբ, «խաղաղութիւնը հնարաւոր է այնտեղ, որտեղ դրան հաւատում են, խաղաղութիւն հաստատում են նրանք, ովքեր յանդգնում են դրա մասին երազել, ուժ են գտնում այն համատեղ իրագործել»:

Եւ ոչինչ, որ իրականութիւնը ցոյց է տւել, որ խաղաղութիւն հնարաւոր է տեսնել, երբ յաղթում ես, երբ կարողանում ես պարտադրել, եւ վերջապէս, երբ խաղաղութեան հաստատումը կախւած է նրանից, թէ ով է հակառակորդդ: Աւելին, իրականութիւնը ցոյց տւեց, որ յաղթանակը հէնց պատերազմով է հաստատւում. հայկական կողմը յաղթել է Արցախեան առաջին պատերազմում, Ադրբեջանը յաղթել այս պատերազմում:

Իսկ ռուս անւանի կանայք այս արշաւի շրջանակում այցելել էին Արցախ. նրանց թւում էին գրող, թարգմանիչ եւ սցենարիստ Լիւդմիլա Ուլիցկայան, Պետդումայի պատգամաւոր Սվետլանա Ժուրովան, ՌԴ 3-րդ դասի խորհրդական, «Ժենսկիե դիալոգ» կուսակցութեան առաջնորդ Ելէնա Սեմերիկովան, «Կամաւորներն ի օգնութիւն որբ երեխաների» հիմնադրամի նախագահ Ելենա Ալշանսկայան, հասարակական գործիչ Աննա Ֆեդերմեսերը, լրագրող, հեռուստառադիոհաղորդավար Կիրա Ալտմանը, լրագրող, կինովաւերագրող Եկատերինա Գորդէեւան, պրոդիւսեր Էլինա Արզումանովան, «Երազանքի դահուկներ» հիմնադրամի ղեկավար Աննա Շիլովան:

2019-ի փետրւարին Աննա Յակոբեանը յայտարարել էր, որ ժամանակաւորապէս դադարեցրել է իր՝ «Կանայք յանուն խաղաղութեան» արշաւը, իսկ դրանից առաջ՝ 2019 դեկտեմբերին հրաւիրած ասուլիսի ժամանակ նշել էր.

«Քանի որ նաեւ վտանգը կայ, որ միշտ կարող է հակառակորդ կողմերից մէկը սկսել պատերազմ եւ մտածել, որ լայնածաւալ պատերազմական գործողութիւնների միջոցով կարող է աւելի արագ լուծման հասնել Ղարաբաղեան խնդրի հարցում, որոշեցի մի բան անել, որ իմ մասով հանգիստ լինեմ, որ ես որեւէ բան արեցի՝ դա կանխելու համար»։

Այստեղ Աննա Յակոբեանն ի լուր աշխարհի փաստօրէն ակնարկել էր, որ Հայաստանը, Արցախը կարող են նախայարձակ լինել եւ պատերազմ սկսել, մի բան, որ չի եղել: Նման մեղադրանք հայկական կողմի հասցէին միայն թշնամական ճամբարից են հնչեցրել:

Նշենք, որ նոյն ասուլիսի ժամանակ էր, որ Աննա Յակոբեանը նաեւ Մեհրիբան Ալիեւային Արցախում թէյ խմելու եւ մուղամ լսելու էր հրաւիրել, որը մերժւեց այն տարբերակով, որն առաջարկւել էր։ Այսինքն՝ Մեհրիբանը 2020 թւականի պատերազմի արդիւնքում Արցախում թէյ խմեց, բայց առանց Աննա Յակոբեանի:

Ի դէպ, թէեւ Աննա Յակոբեանը յայտարարել էր «Կանայք յանուն խաղաղութեան» արշաւի դադարի մասին, եւ, ըստ էութեան, մտել էր միլիտարիզացիոն դերի մէջ, 2020 թւականի յուլիսեան մարտերի բուն օրերին եւ դրանցից յետոյ դիմել էր ադրբեջանցի կանանց եւ մայրերին:

«Ադրբեջանցի կանանց եւ մայրերին կոչ եմ անում աւելի համարձակ լինել, օր առաջ միանալ «Կանայք յանուն խաղաղութեան» արշաւին, իրենց երկրի իշխանութիւններին ստիպել անվերադարձ դէն նետել ռազմական ճանապարհով հակամարտութիւնը լուծելու մոլուցքը, եւ խաղաղութեան պայմաններում, բանակցութիւնների սեղանի շուրջ փնտրել հարցի կարգաւորումը:

Որովհետեւ՝ բռնութիւնն իր յետեւից նոր բռնութիւններ է բերում:

Մինչդեռ՝ Խաղաղութիւնն այլընտրանք չունի:

Յ. Գ. – Ադրբեջանցի կանայք, դուք կարող եք ձեր տանը նստած մերժել պատերազմը եւ ձեր խօսքն ասել յանուն խաղաղութեան: Սրա համար պէտք է ընդամէնը գրանցւել Կանայք յանուն խաղաղութեան կայքի՝ «Ես աջակցում եմ» բաժնում: Ձեր աջակցութիւնը շատ կարեւոր է: Եւ եթէ դուք հազարներ  լինէք, իշխանութիւնը չի կարող վրէժխնդիր լինել ձեզանից, ընդհակառակը, ստիպւած կը լինի հաշւի նստել ձեր պահանջի հետ»,- 2020-ի յուլիսի 25-ին ֆէյսբուքեան իր էջում, մասնաւորապէս, գրել էր Աննա Յակոբեանը եւ դրանից օրեր անց խօսնակի միջոցով վստահեցրել, թէ «Ադրբեջանցի կանանց շրջանում ակտիւութիւն կայ Աննա Յակոբեանի խաղաղութեան կոչի նկատմամբ»:

Թէ ի՞նչ կերպ արձագանգեցին ադրբեջանցի յայտնի եւ անյայտ կանայք Աննա Յակոբեանի արշաւին, աւելորդ է ասել:

Դրւագ երկրորդ. «Խաղաղութեան արշաւից» անցում կամ վերադարձ միլիտարիզացիային

2020 թւականի պատերազմից մօտ մէկ ամիս առաջ՝ օգոստոսի սկզբներին, «Ազատութիւն» ռադիոկայանի ֆէյսբուքեան ասուլիսում Աննա Յակոբեանին օգտատէրերից մէկը հարցրել էր՝ նրա զինւորական կերպարն ինչքանո՞վ է ընկալւել հասարակութեան շրջանում, եւ արդեօք առաջիկայում պատրաստւո՞ւմ է կրկին հանդէս գալ զինւորականի կերպարով, ինչին նա պատասխանել էր․

«Առաջիկայում պատրաստւում եմ կրկին հանդէս գալ զինւորական կերպարով: Քննարկման առարկայ շատ է դառնում, շահարկումներ կրկին շատ են լինում, բայց ուզում եմ յիշեցնել, որ ես միակ կինը չեմ կամ քաղաքացիական անձ հանդիսացող միակ կինը չեմ, որ զինւորական համազգեստ է կրել: Նախկինում, նախկին իշխանութեան օրօք եղել են պատգամաւորներ, նոյնիսկ լրագրողներ, ովքեր գտնւելով դիրքերում կամ որեւէ միջոցառման՝ կապւած Զինւած ուժերի հետ, այդ ընթացքում կրել են զինւորական համազգեստ: Շատ սովորական երեւոյթ է, երբ մեր երգչուհիները գնում են մեր զինւորների համար ելոյթ ունենալու, կրում են զինւորական համազգեստ, այնպէս որ, դա այնքան էլ անսովոր երեւոյթ չէ, երբ քաղաքացիական անձ հանդիսացող կինը նաեւ կրում է համապատասխան վայրում զինւորական համազգեստ»:

Յետոյ արդէն 2020-ի օգոստոսի 25-31-ը խաղաղութիւն քարոզող Աննա Յակոբեանը կանանց համար մարտական եւ կրակային պատրաստութեան եօթնօրեայ դասընթաց էր կազմակերպել Արցախում, աւելին, այն տեղաւորել էր «Կանայք յանուն խաղաղութեան» արշաւի տրամաբանութեան մէջ՝ «բազմաթիւ կանայք, համոզւած եմ, պատրաստ են զէնք վերցնել իրենց հայրենիքը եւ երեխաներին պաշտպանելու համար, բայց դա՝ ոչ թէ յանուն պատերազմի, այլ ապացուցելու համար, որ խաղաղութիւնն այլընտրանք չունի»:

Այսինքն, ըստ էութեան, այս դէպքում Յակոբեանը գալիս է այն մտքին, որ խաղաղութեան համար պէտք է պատերազմի պատրաստւել: Այդ պահին այդպէս էր պէտք:

Բայց արի ու տես, որ կանանց ջոկատ կազմելու մտադրութիւն Աննա Յակոբեանն ունեցաւ միայն 2020 թւականի հոկտեմբերի 26-ին, երբ արդէն մէկ ամիս պատերազմ էր. «Վաղւանից 13 հոգանոց կանանց ջոկատը՝ այդ թւում ես ինքս, կը սկսենք զինւորական պարապմունքներ, մի քանի օրից կը մեկնենք մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու»:

Սրանից 10 օր յետոյ էր միայն՝ 2020-ի նոյեմբերի 6-ին, Աննա Յակոբեանը ֆէյսբուքեան իր էջում տեղեկացրել. «Մեր ջոկատը տասնօրեայ մարզումներից յետոյ պատրաստ է մարտական առաջադրանքի կատարման, ջոկատը կոչել ենք Հայոց թագուհի Էրատոյի անունով»:

Իրականում դասական իմաստով Աննա Յակոբեանը եւ իր ջոկատը ոչ մի մարտական առաջադրանք էլ չի կատարել, աւելին՝ Արցախում կրակային պատրաստութեան դասընթաց նախաձեռնող Աննա Յակոբեանը Արցախ՝ պատերազմի մասնակցելու չի մեկնել, այլ նպատակներով՝ այո:

ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնից 168.am-ին յայտնել էին, որ Աննա Յակոբեանի ջոկատը 2020 թ. հոկտեմբերի 25-ին հանդեր­ձա­ւորւել եւ անցել է 1-ին բանակային կորպուսի հրամանատարի ենթա­կայութեան տակ, ջոկատը նախ տեղակայւել է Հարթաշէն գիւղի տարածքում, ապա՝ Կոռնիձորի N մարտական դիրքում:

Յաւելենք, որ 2021 թւականի յունիսին Աբովեան քաղաքում Նիկոլ Փաշինեանն անդրադառնալով կնոջ՝ Աննա Յակոբեանի՝ «Էրատօ» ջոկատի «մարտական» գործողութիւններին, յայտարարել էր.

«Ստեփանակերտից յետոյ, երբ ասում եմ, որ սա Սարդարապատ է, պէտք է կանգնել, կինս կանանց կամաւորական ջոկատ է կազմում, ու գնում են Սիսիանում մարտական պատրաստութիւն են անցնում ու գնում կանգնում Գորիսի խրամատներում»:

Յիշեցնենք, որ աւելի վաղ գրել էինք, որ տարբեր տեղեկութիւններով՝ նախ Աննա Յակոբեանի եւ «Էրատօ» ջոկատի անվտանգութեան ապահովման համար Գորիսում բունկեր եւ խրամատ էր փորւել:

Աւելի ուշ 2-րդ, 3-րդ գծում մի փոքր փոս են փորել, երբ Աննա Յակոբեանը հոկտեմբերի 17-19-ին գնացել է այնտեղ, բայց սա դասական իմաստով խրամատ չի եղել:

Ինչ վերաբերում է այդ օրերին սոցցանցերում տարածւած «Էրատօ» ջոկատի եւ Աննա Յակոբեանի «ռազմական» նկարներին, ապա դրանք արւել են Կոռնիձոր-Խնձորեսկ հատւածում գտնւող մի տան նկուղում, որտեղ Աննա Յակոբեանը բուշլատով ծածկւած է:

Հայ կանայք էին մեղաւոր, որ տապալւեց Աննա Յակոբեանի խաղաղութեան արշաւը եւ պարտւեցինք 44-օրեայ պատերազմում

2020 նոյեմբերի 7-ին «Էրատօ» ջոկատի փոքր կազմից նեղւած Յակոբեանը գրառում է կատարում՝ դիմելով այն հայ կանանց, որոնք ոգեւորւած չեն պատերազմի դաշտում իր «ներկայութիւնից»:

«Երբ երկու տարի առաջ նախաձեռնեցի «Կանայք յանուն խաղաղութեան» արշաւը, ինչ-որ կանանց կողմից արժանացայ սուր քննադատութեան։ «Խաղաղութիւն էք մուրում։ Մենք խաղաղութիւն մուրացող ազգ չենք, մենք կռւող ու պայքարող ենք, հայ կինը ուժեղ է, պէտք լինի, ինքն էլ զէնք կը վերցնի ձեռքը»,- ասում էին նրանք։

… Հիմա երբ պատերազմ է, ես զէնք եմ վերցնում, կանանց ջոկատ կազմում՝ նաեւ ամբողջ աշխարհին ուղերձ յղելու, որ հայ կինը տղամարդուն հաւասար կը կանգնի մարտի դաշտում, բայց հայրենիք չի զիջի, «1915 թւականի» կրկնութիւն թոյլ չի տայ։

Եւ ի՞նչ։ Այդ նոյն կանայք կրկին դժգոհ են։ Հիմա էլ ասում են՝ հայ կինը պատերազմի դաշտում անելիք չունի։

Սիրելի տիկնայք, կողմնորոշւէ՛ք, խնդրում եմ։

Եթէ պատրաստ չէիք պատերազմի, պէտք էր միանալ խաղաղութեան արշաւին, ոչ թէ քարկոծել այն։ Եթէ այդ արշաւը ձեր սրտով չէր, կամ անտարբեր էիք դրա նկատմամբ, նշանակում է՝ պատրաստ էիք պատերազմի»,- մասնաւորապէս, գրել էր Յակոբեանը:

Նոյնաբովանդակ ֆէյսբուքեան գրառում նա արել էր արդէն պատերազմից յետոյ՝ 2022 թւականի հոկտեմբերի 10-ին:

«2018 թւականի ամռանը նախաձեռնեցի «Կանայք յանուն խաղաղութեան» արշաւը:

… Եւ ի՞նչ կատարւեց: Կատարւեց այն, որ դեռ սաղմնային փուլում «Կանայք յանուն խաղաղութեան» արշաւը տապալւեց՝ հանդիպելով հայ կանանց մեռելային լռութեանը (թող ինձ ներեն այն հատուկենտ կանայք, ովքեր աջակցութիւն էին յայտնում արշաւին, եւ բոլոր նրանք, ովքեր դա անում էին ֆէյսբուքեան քոմենթի տեսքով):

Խնդիրն այն էր, որ արշաւի մեկնարկին զուգահեռ հրապարակ նետւեց հետեւեալ թէզը. «Դու այդ ո՞վ եղար, որ հայ կանանց անունից խաղաղութիւն ես մուրում: Հայ կինը խաղաղութիւն մուրացող չէ, խաղաղութիւն պարտադրող է։ Հայ կինը ոչ միայն առիւծածին է, այլեւ առիւծ եւ հարկ եղած դէպքում զէնք կը վերցնի եւ ինքը իր որդու հետ կը զոհւի մարտի դաշտում, բայց խաղաղութիւն չի մուրա»:

Ես ասում էի նաեւ, որ ապրիլեան պատերազմը լուսաբանելիս բացարձակապէս նոյն վախն եմ տեսել ե՛ւ հայ, ե՛ւ ադրբեջանցի 18-20 տարեկան զինւորների հայեացքներում, որ վստահ եմ՝ մեր տղաները կրկին հերոս կը լինեն մարտի դաշտում, բայց եկէք չդրդենք նրանց այդ հերոսութեանը: Սրան ի պատասխան՝ հրապարակ նետւեց մէկ այլ թէզ. «Ի՞նչ վախ, ինչպէ՞ս ես համարձակւում հաւասարութեան նշան դնել մեր զինւորի եւ ադրբեջանցի զինւորի միջեւ, հայ մայրը միայն անվախ, քաջ զինւոր է ծնում»:

Ահա այս փուչ նախադասութիւնները բաւարար եղան հայ կանաց կառավարելու եւ զսպելու համար: Վախը, որ կընկնեն «դաւաճանների ցուցակ», այնքա՜ն զօրաւոր էր:

Իսկ որ նախադասութիւնները փուչ էին, երեւաց պատերազմի ժամանակ: Հայաստանում ապրում է 18 տարին լրացած 1 միլիոն 231.584 կին: Սփիւռքում բնակւող մի քանի միլիոն առիւծ հայ կանանց մասին էլ չեմ խօսում: Երբ պատերազմի ընթացքում երկրի ղեկավարը կոչ արեց բոլորին, այդ թւում՝ կանանց եւ աղջիկներին ջոկատներ կազմել, կազմւեց 1 ջոկատ՝ «Էրատօ»-ն (12 հոգի), եւ 1 վաշտ՝ «Սօսէ»-ն (100 հոգի)։

Եւ մեր զաւակները միայնակ մնացին դաւադիր եւ անհաւասար պատերազմում թշնամուն դէմ հանդիման: Եւ իհարկէ նրանք յաղթահարեցին իրենց վախերը, անմարդկային կռիւ տւեցին, հերոսացան, շատերն ընկան հերոսի մահով…»,- պատերազմից յետոյ գրել էր Նիկոլ Փաշինեանի կինը:

Աննա Յակոբեանը ռեբրեդի՞նգ է անում իրենց ընտրազանգւածը. որքանո՞վ են ազնիւ՝ «Կրթւելը նորաձեւ է» արշաւի մղումները

Եւ, ինչպէս նշեցինք այս տարիներին, Աննա Յակոբեանը հիմա էլ նոր նախաձեռնութիւն-արշաւ է սկսել՝ «Կրթւելը նորաձեւ է» անունով, ընդորում՝ նա իր Վենետիկ այցը սահուն տեղաւորեց կամ կապեց սրա հետ:

«Այսօր այցելեցի Վենետիկի Սուրբ Ղազար կղզի՝ Մխիթարեան Միաբանութեան վանք։ Շնորհակալ եմ Միաբանութեան վանականներին ինձ հիւրընկալելու, մեր պատմութեան ամենակարեւոր նմուշները ցուցադրելու, ժամերգութեան եւ ճաշի սեղանի շուրջ մեր ջերմ զրոյցի համար։ Հպարտ եմ կրթւելու եւ լուսաւորւելու մեր պապերի փորձառութեամբ՝ «Ի Փառս Աստուծոյ եւ Յօգուտ Հայ Ազգին»։

Միաժամանակ, Աննա Յակոբեանն առաջ ընկնելով, գտել է մեղաւորին, որին պիտի յիշի յետոյ, երբ այս նախաձեռնութեան հետ կապւած էլ իր սպասելիքները լիովին չարդարացւի:

«2025 թւականը Կրթւելու տարի յայտարարելու առաջարկով նախորդ գրառումից յետոյ 22 ժամւայ ընթացքում ֆէյսբուքեան 2 էջերիս դիտումներն աւելացել են 1 միլիոն 100-200 հազարով։

Սա մի կողմից շատ ոգեւորիչ է, միւս կողմից հիասթափեցնող։

Ոգեւորիչ, որովհետեւ ապացուցում է, որ ԿՐԹՒԵԼԸ օրակարգային է։

Հիասթափեցնող, որովհետեւ մէկ միլիոն մօտ 190 հազար մարդ պասիւ հետեւող էր, եւ միայն 30-50 հոգի գաղափարը ակտիւօրէն աջակցելու, գաղափարը սեփական անձի վրայ կրելու քայլ արեց։ Յամենայն դէպս՝ այս 22 ժամւայ ընթացքում։

Այնինչ, Տգիտութեանը յաղթելու համար ագրեսիւ արշաւ է անհրաժեշտ։ Եթէ դանդաղենք ու ծուլանանք անպայման կրկին կը պարտւենք»,- նոյեմբերի 25-ին ֆէյսբուքեան իր էջում գրել է նա:

Դեժաւիւ. «Էրատօ» ջոկատի պատմութիւնը յիշեցրեց: Որեւէ մէկին չցանկանալով վիրաւորել, բայց մենք գիտենք, չէ՞, ովքեր էին մեծամասնութիւն կազմում Նիկոլ Փաշինեանի եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան ընտրազանգւածում:

Կարո՞ղ ենք ենթադրել, որ Աննա Յակոբեանը եւ Նիկոլ Փաշինեանը, ով ժամանակին յայտարարում էր, որ պարեկ դառնալու համար պարտադիր չէ բարձրագոյն կրթութիւն ունենալը, որոշել են ռեբրեդինգ անել իրենց ընտրազանգւածը, ամաչո՞ւմ են: Արդեօ՞ք սա ուրացում չէ: Միւս կողմից, երբ նայում ենք Աննա Յակոբեանի նոր նախաձեռնութեանը միացած անձանց, նոր դէմքեր չեն, ոմանց դէպքում նրանց անցեալը պէտք է օրէնքի թիրախում լինի:

Իսկ ինչ վերաբերում է կրթւելուն, ինքնակրթւելուն, ապա այս ուղերձը՝ առնւազն իմանալ սեփական գործառոյթների եւ տարրական գիտելիքներ ունենալու մասին, պէտք է իմանայ գերագոյն հրամանատարն ու երկրի ղեկավարը:

Այս դէպքում նոյնիսկ ոչ միայն անհրաժեշտ է, այլեւ պարտադիր, քանի որ վատ է, երբ գերագոյն հրամանատարը չգիտի օրէնքով իրեն վերապատւած գործառոյթները: Օրինակ, 2018 թ. սեպտեմբերին «Զինուժ Մեդիա»-ին տւած հարցազրոյցում ՀՀ ՊՆ տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան նախկին պետ Գէորգ Ալթունեանը Նիկոլ Փաշինեանին յիշեցրել էր, որ, երբ նոյն թւականի մայիսին ԱԺ-ում քննարկւում էր նրա՝ վարչապետի պաշտօնում թեկնածութեան հարցը, ընդդիմախօսներն ասել էին, որ Փաշինեանը բանակում չի ծառայել, ուստի պատկերացում չունի՝ ինչ է բանակը, եւ, մեծ հաշւով, խորութեամբ չի տիրապետում անվտանգային խնդիրներին:

Այնուհետեւ Ալթունեանը շարունակել էր. «Մի քանի ամիս է անցել այդ քննարկումներից, արդեօք կարո՞ղ էք ասել, որ հիմա արդէն ամբողջովին տիրապետում էք այն խնդիրներին, որոնք առնչւում են մեր երկրի անվտանգութեանը, եւ որոնց պէտք է տիրապետի ՀՀ ԶՈՒ Գերագոյն հրամանատարը», ինչին Փաշինեանը պատասխանել էր.

«Առաջինը, կարծում եմ, գերագոյն հրամանատարի կարեւորագոյն հմտութիւնը եւ յատկութիւնը, դժւարութեան եւ օրհասական պահին հանրութեանը, պետութեանը, ժողովրդին, զինւած ուժերին համախմբելու ընդունակութիւնն ու կարողութիւնն է: Մեր պատմութիւնը ցոյց է տւել, որ մեր պետութիւնը, զինւած ուժերը, մեր ժողովուրդն առաւել մարտունակ են, երբ կայ այնպիսի գերագոյն հրամանատար, որն ի վիճակի է համախմբել ազգային ողջ ներուժը, եւ այդ ողջ ներուժը կազմակերպել հակառակորդին հակահարւած տալու համար»:

Գերագոյն հրամանատարի գործառոյթների մասին հարցին տւած Փաշինեանի այս պատասխանից կարելի է հետեւութիւն անել, որ վարչապետ դառնալուց ամիսներ յետոյ էլ Նիկոլ Փաշինեանը չի տիրապետել օրէնքով սահմանւած գերագոյն հրամանատարի լիազօրութիւններին եւ այն կարողութիւններին, որոնք պիտի ունենայ պատերազմող երկրի գերագոյն հրամանատարը: Այսինքն, նա չի բարձրացել հանրահաւաքներ վարողի մակարդակից: Այս առումով բան չփոխւեց նաեւ 2020 թւականին, անգամ՝ դրանից յետոյ:

Յիշեցնենք, որ 2022 թւականի սեպտեմբերին Վլադիւոստոկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն իրեն գերագոյն հրամանատար հռչակած Նիկոլ Փաշինեանը խոստովանել էր. «Հրամանատարներից հրամաններ են եղել, որ ես չեմ կարողանում հասկանալ ոչ քաղաքականապէս, ոչ բարոյապէս, ոչ ռազմականապէս»:

Նիկոլ Փաշինեանն աւելի ուշ ցոյց է տւել, որ զէնքը զինամթերքից չի տարբերում, որ չգիտի՝ ինչ ասել է ՀՕՊ համակարգ, այլապէս կասկածի տակ չէր դնի մինչեւ 2018 թւականը ՀՀ ՀՕՊ համակարգ ունենալու փաստը, չէր խօսի «Իսկանդերի» 10 տոկոս կրակելու մասին, ԶՈՒ զարգացման փաստաթուղթն ի վիճակի կը լինէր ամբողջապէս կարդալ, հասկանալ եւ նոր միայն հաստատել, եւ ոչ թէ մեխանիկօրէն հաստատել։

Այս շարքը կարելի է շարունակել: Դեռ մի կողմ ենք թողնում Փաշինեանի՝ պետական գաղտնիքի օրէնքին առնչւող խախտումները, որոնք նա թոյլ է տւել պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում եւ դրանից յետոյ: Դիտաւորութի՞ւն էր, թէ՞ չիմացութիւն՝ հետագայում պարզ կը դառնայ:

Աւելին, մենք ականատես ենք եղել նաեւ նրան, որ երբեմնի լրագրող Նիկոլ Փաշինեանը չգիտի «երաշխաւորել» եւ «ապահովել» բառերի տարբերութիւնը, եւ ոչ էլ վերահսկողութեան եւ մոնիթորինգի: Վերջին օրերին էլ համոզւեցինք, որ երկրի ղեկավարը տեղեակ չէ, որ կադրային փոփոխութիւնները չեն կարող լինել «խնդրանք» եզրոյթով, այն հակասահմանադրական է: Նիկոլ Փաշինեանի կադրային փոփոխութիւններին եւ նրա բացատրութիւններին դեռ կանդրադառնանք:

Իսկ «Կրթւելը նորաձեւ է» նախաձեռնութեան հեղինակ Աննա Յակոբեանին կրկին յիշեցնենք՝ եթէ մի փոքր ջանք գործադրեր, երեւի կիմանար, որ ղեկավար փաստաթղթերի համաձայն՝ հրամանատարական կէտ մուտք գործելու իրաւունք չունէր, որ ղեկավար փաստաթղթերի համաձայն, հրամանատարական կէտերում գործառութային պարտականութիւններ կատարող համապատասխան պաշտօնատար անձանց մուտք գործելու համար տրւում են մշտական կամ ժամանակաւոր թոյլտւութիւններ:

Ամէն դէպքում, եթէ փորձենք պատկերացնել, որ Աննա Յակոբեանի նախաձեռնութիւնը զուտ նախընտրական, քաղաքական չէ, այլ ազնիւ մղումներ կան՝ բարձրացնելու հասարակութեան կրթական ցենզը կամ կրթւածութեան մակարդակը, ապա հետաքրքիր է՝ արդեօք կա՞յ վիճակագրութիւն, թէ իր ամուսնու պաշտօնավարման  6 տարիների ընթացքում քանի դպրոց է տարբեր պատճառներով փակւել, քանի՞ երեխայ է զրկւած կրթութիւն ստանալու իր իրաւունքից՝ տարբեր պատճառներով, քանի՞ առաջադէմ ուսանող է դուրս մնացել բուհերից, քանի՞սը չի կարողացել սոցիալական պատճառներով շարունակել ուսումը կամ այդ նպատակով մեկնել արտերկիր, քանի՞ բուհ են պատրաստւում միաւորման պատրւակով փակել…

Կրթւելը երիտասարդի ուժը չէ՞…

Յ. Գ. – Կրթւած լինելու կարեւորագոյն ցուցիչ է սեփական երկրի պատմութիւնն իմանալը։ Աւելին, հէնց դրանով է պայմանաւորւած նաեւ այլ պետութիւնների ղեկավարութեան կողմից տւեալ երկրի եւ այն ներկայացնող ղեկավարի հանդէպ վերաբերմունքը։

168.am

Related Articles

Back to top button