ԹեհրանՀամայնքՄշակութային

«Մարկոս Գրիգորեան հիմնադրամ»-ն իր աշխատանքն է սկսել Երեւանում

Շուտով տեղի է ունենալու «Ակնարկ Մարկոս Գրիգորեանի ստեղծագործական աշխարհին ու կեանքին» երկամսեայ ցուցահանդէսի բացումը՝ Թեհրանի «Ժամանակակից արւեստների թանգարան»-ում, նւիրւած՝ Մարկոս Գրիգորեանի 100-ամեակին

ՀԱՏԻՍ

 

Իրանահայ նկարիչ Մարկոս Գրիգորեանի ծննդեան 100-ամեակի առիթով, բացի գեղանկարներից, արձանագրութիւններից ու կերամիկական, կղմինդր ու մետաղական աշխատանքներից, «Իրանի ժամանակակից արւեստի թանգարան»-ում ցուցադրութեան է հանւելու արւեստագէտի ձեռամբ գործւած թւով 9ը գորգ, որոնք Հայաստանից Թեհրան են տեղափոխւելու յատուկ այս ցուցահանդէսի համար:

Այս կապակցութեամբ այս թանգարանում երկու ամսով կը ցուցադրւեն իրանահայ ականաւոր նկարիչ Մարկոս Գրիգորեանի աշխատանքները։

 

«ԱԼԻՔ» – «Մարկոս Գրիգորեան հիմնադրամ»-ն իր աշխատանքն է սկսել Երեւանում:

Այս մասին է տեղեկացնում հինադրամի տնօրէն Միշէլ Ալահվերդեանը:

«ԱԼԻՔ»-ի յարկի ներքոյ կայացած հանդիպման ժամանակ Միշէլ Ալահվերդեանը նշեց, որ 2023-ի վերջերին իր աշխատանքն սկսեց Մարկոս Գրիգորեանի հիմնադրամը մեծանուն արւսետագէտի ստեղծագործութիւնները պահպանելով կամ հաւաքագրելով այն հանրութեանը ներկայացնելու նպատակով:

Հարցին թէ նախաձեռնութիւնը պետական է թէ անձնական,  Միշէլ Ալահվերդեանը պատասխանեց, որ գործի էր անցել դեռ մի քանի տարի առաջ՝ իր սեփական միջոցներով: Իսկ այսօր, որպէս մասնաւոր բաժնի թանգարանի կամ հիմնադրամի ստեղծման նախագիծ դիմում է ներկացւել ՀՀ Մշակոյթի նախարարութիւն: Փակագծերը բացել չեմ կարող, կամ աւելի ճիշտ՝ չկայ փակագիծ: «Բայց կարող եմ ասել, որ տարածք են խոստացել, կամ համաձայն են յատկացնել: Գիտակցելով թէ ինչ կարգի արւեստագէտի հետ գործ ունեն, եւ պահպանւած աւանդին համապատասխան վերաբերմունք դրսեւորելու համար»,- նշում է հիմնադրամի երիտասարդ տնօրէնը:

Միշէլ Ալահվերդեանը պատասխանելով հարցին, թէ պատկերացումն այնպիսին է, որ հիմնադրամներն ու ֆոնդերն արւեստագէտներին կամ որոշ դէպքերում նախագծերին դրամաշնորհներ են յատկացնում, եւ, որ Մարկոս Գրիգորեան հիմնադրամն արդեօք պատրաստւում է նման ուղղւածութեամբ աշխատել, նա նշեց. «Նման բան չկայ, կամ գոնէ մօտակայ տարիների ընթացքում չի լինելու: Մենք հազիւ մի քանի արխիւային գործեր ու ստեղծագործութիւններ ենք հաւաքագրել, որոնք Մարկոսն ժամանակին ու տարբեր առիթներով նւիրել էր Հայաստանին կամ որոշ դէպքերում անձանց: «Հիմնադրամը առաջին հերթին նպատակ ունի ցանկագրել Մարկոս Գրիգորեանի բոլոր ստեղծագործութիւններն ու դրանց գտնւելու հասցէները: Իսկ եղածը պահպանելու համար հիմնադրամին հարկաւոր է դրանց խնամւած պահպանելու խնդիրը լուծել ինչպէս նաեւ հանրութեանը ցուցադրելու կարեւոր գործին լծւել»: 

Հիմնադրամի աշխատանքների եւ ապագայ ծրագրերի մասին Միշէլ Ալահվերդեանը տեղեկացրեց, որ շուտով Թեհրանի ժամանակակից արւեստի թանագարանում տեղի է ունենալու Մարկոս Գրիգորեանի ցուցահանդէսը նւիրւած մեծանուն արւեստագէտի 100-ամեակին: «Ցուցահանդէսը լինելու է երկու երկրների՝ Հայաստանի եւ Իրանի մշակութային համատեղ ծրագրերից մէկը: Բացումը տեղի է ունենալու դեկտեմբերի 1-ին, եւ երկու ամիս տեւողութեամբ շարունակւելու է նոյն Թեհրանի ժամանակակից արւեստների թանգատանում»:

Նա յաւելեց, որ Թեհրան տեղափոխւող ստեղծագործութիւնների հետ միասին ցուցադրւելու է եւս 20 այլ ստեղծագործութիւն՝ Մարկոս Գրիգորեանից, որոնք պահւում եւ նոյն թանգարանի սեփականութիւնն են:

Միշէլ Ալահվերդեանը յաւելեց, որ հիմնադրամը պատրաստւում է Հայաստանի տարբեր շրջաններում եւս կրկնել այս ցուցահանդէսը, ինչը նրա համոզմամբ կարող է շատ բան փոխել Հայաստանում դեռեւս չճանաչւած համաշխարհային արւեստագէտի թողած աւանդի մասին:

Հինադրամին յատկացւող վայրի մասին հարցին նա պատասխանեց, որ հանդիպումների ընթացքում խօսւել է Երեւանում Փանահխանի տան մասին, տանը, որտեղ ապրել է ինքը Մարկոս Գրիգորեանը: «Մի երկու այլ առաջարկութիւններ էլ կան, որոնք դեռ պէտք է քննարկւեն: Իսկ Մարկոս Գրիգորեանի 100-ամեակին նւիրւած նախագծերը մեծապէս կարող են աջակցել հիմնադրամին, որպէսզի հարցը շարունակի օրակարգում պահել»:

Հարցին թէ Մարկոս Գրիգորեանի ստեղծագործութիւններն ինչ ճակատագրի են արժանացել, Միշէլ Ալահվերդեանը պատասխանեց, որ Մարկոս Գրիգորեանի հետ կատարւած ցաւոտ պատմութիւնից յետոյ նրա ժառանգութեան հետ կատարւածը եւս շարունակեց նեղել նրա արւեստով հետաքրքրւողներին: «Նրա մահից յետոյ միանգամից աշխարհի տարօրինակ անկիւններից՝ Մակեդոնիայից Հայաստան է գալիս Մարկոս Գրիգորեանի կէս հայ, կէս մակեդոնացի զարմիկը: Դատարանի որոշմամբ նրան յաջողւում է տան պատերից ներս եղած-չեղածը դուրս տանել Հայաստանից: Այսպիսով համարեա Մարկոս Գրիգորեանի ստեղծագործութիւնները անհասցէ կորան կամ կորչում են աշխարհով մէկ: Միայն յաջողւել է փրկել այն գործերն ու ստեղծագործութիւնները, որոնց նա նւիրել էր Հայաստանի թանգարաններին կամ անհատներին: Իհարկէ դրանք ունեն համապատասխան գրութիւն հեղինակի ստորագրութեամբ»,- նշում է մեր զրուցակիցը:

Գործերի պահպանման մասին Միշէլ Ալահվերդեանը մեզ պատմեց, որ դրանք այժմ գտնւում են Երեւանի ազգային պատկերասրահի գրականութեան եւ արւեստի բաժնի առանձին մի սենեակում, ինչը հիմնադրամի տնօրէն ձեւակերպմամբ մեծանուն արւեստի գործչին անհամապատասխան վերաբերմունք է, կամ իր ձեւակերպմամբ՝ վերնիսաժային մօտեցում:

Կորած ու երկրից գնացած գործերի քանակի մասին նա յաւելեց, որ ցաւօք դրանք քաշով ու քանակով ծանրութիւն են անում պահւածին ու եղածին: «Որոշ հետքեր եմ գտել «Նիւ Եօրքի թանգարան»-ի տնօրէնի օգնութեամբ: Նա պատրաստ եղաւ օգնել, քանի որ մօտիկից գիտէր Մարկոսին ու նրա արւեստը: Սակայն քանի որ դրանք շուկայական ձեւակերպմամբ են փոխանակւել, վերադարձնելու համար մեծ կարողութիւն է պէտք, ինչը նոյնիսկ կողմերի համաձայնութեան դէպքում՝ առայժմ հնարաւոր չէ վերադարձնել՝ հիմնադրամի կարողութիւնների սուղ պայմանների բերումով»:

Թեհրանում սպասւող Մարկոս Գրիգորեանի 100-ամեակին նւիրւած ցուցահանդէսը, Միշէլ Ալահվերդեանի համաձայն կրելու է «Ակնարկ Մարկոս Գրիգորեանի ստեղծագործական աշխարհին ու կեանքին» անունը: Ցուցահանդէսը երկու երկրների մշակութային համատեղ նախագծերի ու ծրագրերի լաւագոյն օրինակներից  մէկն է լինելու՝ երկու ամիս տեւողութեամբ: Ընթացքում նախատեսւած են աշխատաժողովներ, դասախօսութիւններ, ինչպէս նաեւ կերպարւեստի տարբեր միջոցառումներ:

Related Articles

Back to top button