
«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ – Վերջերս սոցցանցերում տարածւած՝ Հ. Մ. «Սիփան» միութեան գրադարանը 10-ամեայ լռութիւնից յետոյ վերաբացմանն է պատրաստւում:
Հ. Մ. «Սիփան» միութեան պաշտօնական էջով հրապարակւած գրառման մէջ նշւած է.
«2025 թ.ի մայիսի 18-ից սկսւել է Հ. Մ. «Սիփան» միութեան «Պարոյր Սեւակ» գրադարանի աւելի քան 10 տարի դադարեցւած աշխատանքի վերաշխուժացման նախապատրաստութիւնը։
(Գրադարանում կը հանդիպենք) շաբաթ առ երեքշաբթի օրերին ժամը 16։30ից 20։30ը։
(Աշխատաքներն իրականացւում են) Ժիզէթ Տ. Օհանեանի, Լինէթ Խաչատրեանի ու Էլմինէ Շահիջանեանի նախաձեռնութեամբ»։
Սա մեր օրերին, յատկապէս, երբ անհատի համար՝ առօրեայից կտրւելու աւանդական թերթւող միջոցների փոխարէն նախընտրելի է մատն էկրանին հպելով ժամանակ անցկացնել սոցիալական ցանցերի վրայ աչք սառեցնելով:
Այնուամենայնիւ արձանագրենք, որ անկախ այն բանից, որ ընթերցող ես, թէ չես, հաւանաբար կարող ես լաւ զգալ թեհրանահայ հին գրադարաններից մէկի վերաբացմամբ։
Հ. Մ. «Սիփան» միւթեան «Պարոյր Սեւակ» գրադարանը ժամանակին դասական հազւագիւտ ստեղծագործութիւններից մինչեւ նորաոճ գրականութիւնից բացի, ի շուրջ էր հաւաքել համայնքիս բանաստեղծ-գրողներին, ասմունքի սիրահարներին եւ պոէզիայի ընթերցումներով տարբեր խմբերին:
Յայտնի է նաեւ, որ «Պարոյր Սեւակ» գրադարանում կար 10 հազար անուն գիրք: Սա քաշով մէկ ոսկի արժեցող իրականութիւնով իրեն զգացնել էր տալիս միութեան ուսերին: Իրավիճակը տնօրինելու համար միութեան ժամանակի վարչութեան որոշմամբ գրադարանի համար կանոնաւոր աշխատանքային ժամ է նշանակւում եւ գրադարանավար պաշտօնեայ է աշխատանքի հրաւիրւում:
Գրադարանում պահւող գրքերը ներառում էին մշակութային, գրական եւ հասարակական ոլորտների ուսումնասիրութիւններ եւ հայկական ստեղծագործութիւններ, ինչպէս նաեւ արւեստի, հնագիտութեան, քաղաքակրթութեան աղբիւրների, ազգագրական մասնագիտացւած պրակներ, վիճակագրութիւն եւ պարսկերէն հանրագիտարանների ոլորտում։ Իսկ յեղափոխական գրականութիւնը, ինպչպէս նաեւ Առաջին Արցախեանի վերաբերեալ պատմող նիւթերի ու հրապարակումների հասցէն զբաղեցնում էր վերջին այցելուների ամենապահանջւած պահարանը:
Եթէ ցանկանում էք ծանօթանալ այս գրադարանին ու այնտեղ պարունակւող ստեղծագործութիւններին, ինչպէս նաեւ թիկունքում թաքնւած պատմութեանը, այս օրերին այցելէք գրադարան, որտեղ դեռ ընթանում են վերադասաւորման աշխատանքները, քանի որ այդ պահին է յիշւում ու յիշատակւում այն զրոյցներն ու յուշերը, որոնք դժւար թէ առանց համապատասխան պահարանն ու էջը թերթելու հնարաւոր լինի յիշելը։
«Սիփան»-ի Պարոյր Սեւակ գրադարանը ձեզ կը հիացնի նաեւ յայտնի հեղինակների կողմից նւիրաբերւած ստեղծագործութիւնները։ Կան նաեւ որոշ աշխատանքներ, որոնք ունեն տեսողական գրաւչութիւն, ինչպիսիք են գեղարւեստական կազմերով հատորները, խճանկարային կազմերը եւ փաթեթաւորումները, կաշւէ կազմով հին գրքերը, գրքերի առաջին էջին ամրացւած գրպանիկներում ընթերցող օգտատէրերի թողած արձանագրիութիւններ եւ այլն…
Գրադարանների կարեւորութեան մասին առհասարակ ասւում է, որ գրերի գիւտը մարդկային քաղաքակրթութեան մեծագոյն երեւոյթներից մէկն է, այնքանով, որ դրա ի յայտ գալը համարւում է մշակութային պատմութեան սկիզբ։ Գրերի միջոցով էր, որ մարդը կարողացաւ գրանցել իր գիտելիքներն ու արհեստը, իր մտքերը գրաւոր ձեւակերպել եւ, դրանք ապագային փոխանցելով, հարթել մարդկային քաղաքակրթութեան եւ մշակոյթի զարգացման ճանապարհը։
Գրերի գիւտից յետոյ մարդիկ օգտագործեցին բազմազան միջոցներ՝ իրենց ժամանակի նորութիւնները, գիտութիւնը եւ իրադարձութիւնները գրանցելու համար, ինչպիսիք են քարէ եւ կաւէ արձանագրութիւնները, պապիրոսը, կենդանիների կաշին ու ոսկորները, եւ վերջապէս թուղթը։ Այնուհետեւ նրանց անհրաժեշտ էին վայրեր ու կենտրոններ՝ այդ աշխատանքներն ու ռեսուրսները մէկտեղելու եւ պահպանելու համար։ Այսպէս ձեւաւորւեցին առաջին գրադարանները։
Սա բոլորս էլ գիտէինք: Սակայն այն, ինչը չգիտենք, բայց մասին իմացել ենք՝ թւայնացւած աշխարհ մուտք գործելու ընթացքն է, որտեղ տեխնոլոգիաններն աւելի արագ են ընթանում, քան օգտագործելու մշակոյթն ու կեցւածքը:
Երեւի դրանով է բացատրւած նաեւ ընթերցանութիւնից կտրւելու տեմպերի արագացումը:
Բարի երթ սիփանցիներին՝ «Պարոյր Սեւակ» գրադարանը վերագործակելու աշխատանքներում: