Լիլիթ Գալստեան. «SMS-ով կառավարւող երկիր կամ համատարած ֆիասկօ»
«ԱԼԻՔ» – «ՀՀ Կառավարութեան վերջին նիստում պոպուլիզմի հերթական չափաբաժինն էր տիրաժաւորւում։ Փաշինեանը խոստացաւ պատժել բոլոր նրանց, ովքեր կը շարունակեն խաբել իրեն: Իսկ աւելի կոնկրետ կառավարութեան անդամներին եւ միւսներին սպառնաց՝ «Սրանից յետոյ մի հատ ժամկէտ խախտւեց, գալու է անձնական պատասխանատւութեան ժամանակը»։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը:
«Այս պոռթկումը կարելի էր դրական գնահատել, եթէ թաղւած չլինէինք համատարած եւ շուրջբոլորեայ ստի, ուրացւած խոստումների ու բացայայտ անկարողութեան ճահճում։
Իսկ ով, եթէ ոչ հէ՜նց կառավարութեան ղեկավարն անձնապէս պատասխան պիտի տայ կառավարութեան եւ սեփական կուսակցութեան ծրագրով իշխանութեան եկած եւ ժողովրդին տրւած տապալւած խոստումների համար. Արցախի ինքնորոշման իրաւունք, Հադրութի եւ Շուշիի դէօկուպացիա, անջատում յանուն փրկութեան, կրթական ու դատաիրաւական «բարեփոխումներ», կոռուպցիայի դէմ պայքար եւ այլն։
Ո՞վ, եթէ ոչ ինքը՝ կառավարութեան ղեկավարն անձնապէս պատասխան պիտի տայ կործանարար այն սխալների եւ սուտ խոստումների համար, որոնք Արցախի կորուստ արժեցան, հազարաւորների կեանք, Հայաստանի ապագայի գլխին կախւած Դամոկլեան սուր։
Ինքը՝ կառավարութեան ղեկավարն անձնապէս պատասխան պիտի տայ, որովհետեւ երկրում մէկ մարդու ձեռքում կենտրոնացած աւտորիտար ռեժիմ է հաստատել եւ «ես եմ պետութիւնը» բանաձեւով՝ SMS-ով նախարարներ եւ առանցքային պաշտօնեաներ է աշխատանքից ազատում, թիմակիցների զրկում մանդատից՝ առանց հանրային հաշւետւութեան եւ պատասխանատւութեան։
«Իսկ ի՞նչ է եղել Գիւմրիում, որ․․․» հռետորաերսպաշտական խուսափողական յայտարութիւնից յետոյ SMS-ով կամ ֆբ-ով երկրի երկրորդ քաղաքի ճակատագիրն է որոշում՝ մօտաւորապէս ու փնթի, օրէնսդրական կարգաւորումներն արհամարհելով, ակնյայտ նպատակադրումով՝ երկրի երկրորդ քաղաքում ամէն գնով պահել իշխանութիւնը։
Իսկ որ 9% -անոց Երեւանից յետոյ Գիւմրիում, ինչպէս եւ ողջ հանրապետութիւնում ՔՊ գործերը վատ են եւ վստահութեան ճգնաժամ է, հաստատւում նաեւ վերջին սոցհարցումներով։ Գիւմրում կառավարումը ձախողած աշխատակազմով, թմրամոլոլական սկանդալում յայտնւած թեկնածոյով/ ի դէպ սա թմրամոլութեան մէջ կասկածւող կամ կասկածւած միակ ՔՊ-ական պատգամաւորը չէ/, Գիւմրու ՔՊ-ի գրասենեակի միջթիմակիցային ծեծկռտուքով դժւար է համոզիչ լիները։
Բա թէ՝ Գիւմրիում ժամանակաւոր պաշտօնակատար է նշանակւելու․․․ Իսկ դուք քաղաքական խիզախութիւն ունէ՞ք, յայտարարելու, որ ժամանակաւոր պաշտօնակատարը հետագայում չի մասնակցելու աւագանու ընտրութիւններին։ Իհարկէ՝ ՈՉ։
Եւ ամէն ինչ անելու էք՝ ադմինիստրատիւ եւ այլ ռեսուրսներ չարաշահելով /սա ձեր մօտ արդէն վարքականոն է/, որպէսզի Հայաստանի երկրորդ քաղաքում ակնյայտ պարտութիւնը չգրանցւի․․․․ ։
Իսկ մինչ այդ պոպուլիստական յայտարարութիւնների եւ սեփական թիմակիցներին այրելու ժամանակն է՝ թէ բա «Սրանից յետոյ մի հատ ժամկէտ խախտւեց, գալու է անձնական պատասխանատւութեան ժամանակը»։
Իսկ իրականում կառավարութիւնը ողջ կազմով եւ իր առաջնորդով խախտել է բոլոր ժամկէտները եւ բոլոր խոստումները՝ թէ՜ բովանդակային, թէ՜ ֆինանսական։ Միթէ համատարած խախտւած ժամկէտների մասին չի խօսում անցած 10 ամիսների կտրւածքով կապիտալ ծախսերի 55-60%-անոց կատարողականը, (դպրոցաշինութիւն, ջրամբարաշինութիւն, ճանապարհաշինութիւն եւ այլն)՝ 30 տոկոս կամ որոշների զրոյական արդիւնքները։
Ի դէպ, պէտք չէ սպասել «սրանից յետոյ»-ին․ ամենապրիմիտիւից սկսէք. ընդամէնը կառավարութեան շէնքի լուսամուտից պէտք է նայել այն համատարած փնթիութեանն ու լքւածութեանը, որ տիրում է Հանրապետութեան հրապարակում եւ այլուր։ Կառավարութեան շէնքի առջեւ աշնանային տերեւների եւ կենցաղային աղբի այնպիսի պատկեր է՝ կարծես շաբաթներով հաւաքարարի ոտք չի կպել։ Նալբանդեան- Վ․ Սարգսեանով քայլէք մինչեւ քաղաքապետարան ու նոյն լքւած անտէրութիւնը։
Իսկ Հանրապետութեան հրապարակում ամանօրեայ ջահ են կախում, երրորդ տարին անընդմէջ գնդակահարում են մշակութային յուշարձանի պատերը՝ էժանագին աստղեր ու լոյսեր ստանալու հեռանկարով։ Իսկ Աւինեանն այդ ընթացքում նկարւում է ԱՄՆ-ում, իսկ Կենտրոնի թաղապետարանում հերթական պաշտօնեան է կալանաւորւում։
Պարտքերի մէջ թաղւած Հայաստանի բիւջէի վրայ այս ամանորը կը նստի 549 մլն. 706 հազար դրամ/1.4 միլիոն դոլար/։ Մեր պարտքերի հաշւին հերթական անբովանդակ եւ ոչ առաջնային ծախսը։ Տեսարան, պոպուլիզմ ու սուտ. սրանում անմրցելի էք։
Սա կառավարում չէ, սա «տօնական» թմբիրի ներքոյ քաղաքացու գրպան մտնել է, սա տգէտ ու անունակ կառավարում է, ՀԱ-ՄԱ-ՏԱ-ՐԱԾ, բոլոր ոլորտներում։ Բառիս բուն իմաստով երէկ սալահատակւած Հանրապութեան փողոցում այսօր արդէն օրօրւող սալիկներ են ու քարի տակից ճայթող ցեխաշիթ․․․
Եւ այնուամենայնիւ, գալու է անձնական պատասխանատւութեան ժամանակը»,- գրել է նա։