ԻրանՄիջազգայինՔաղաքական

The Guardian. Թրամփը դարձել է «քաոսի գլխաւոր հրամանատարը», իսկ աշխարհը՝ նրա պատերազմի պատանդը

Բրիտանական The Guardian օրաթերթի սիւնակագիր Նասրին Մալէքը, անդրադառնալով Իրանի դէմ ԱՄՆ-ի ռազմական գործողութիւններին, Դոնալդ Թրամփին բնութագրել է որպէս «քաոսի գլխաւոր հրամանատար»՝ նշելով, որ աշխարհն այսօր դարձել է նրա վարած պատերազմի զոհը։

ԻՌՆԱ-ի փոխանցմամբ՝ հեղինակը գրում է, որ պատերազմը, որը նախատեսւում էր կարճատեւ, արդէն վերածւել է առօրեայի անբաժան մասի եւ մտնում է իր վեցերորդ ամիսը՝ տարածւելով Պարսից ծոցից մինչեւ Կարմիր ծով։ Նրա գնահատմամբ՝ Թրամփը յայտնւել է փակուղում. նա չի կարող պատերազմն աւարտել, իսկ Իրանը, գիտակցելով Հորմոզի նեղուցի ռազմավարական նշանակութիւնը, այն դարձրել է կարեւոր լծակ։

Մալէքի կարծիքով՝ ԱՄՆ նախագահը չի կարող վերադառնալ նախապատերազմեան իրավիճակին, մինչդեռ ցամաքային լայնածաւալ ներխուժումը կը նշանակի նոր մարդկային ու տնտեսական կորուստներ։ Հեղինակը նշում է, որ պատերազմի հետեւանքով արդէն զոհւել են ամերիկացի զինծառայողներ, իսկ ռազմական գործողութիւնների ծախսերը հասել են տասնեակ միլիարդաւոր դոլարների՝ ծանր բեռ դառնալով ԱՄՆ-ի պետական բիւջէի համար։

Յօդւածում ընդգծւում է, որ այս պատերազմի հետեւանքները սահմանափակւած չեն միայն ռազմաճակատով․ տուժում են իրանցի խաղաղ բնակիչները, տարածաշրջանի ենթակառուցւածքները, Պարսից ծոցի երկրների տնտեսութիւնները, համաշխարհային էներգետիկ շուկան եւ միլիոնաւոր ընտանիքների կեանքը։

«Մենք բոլորս պատանդ ենք դարձել մի վարչակազմի, որը ռազմական եւ տնտեսական հզօրութիւնն օգտագործում է սեփական շահերի եւ անպատասխանատու քաղաքականութեան համար»,- գրել է հեղինակը՝ եզրակացնելով, որ ամենավտանգաւորը պատերազմի աստիճանական «նորմալացումն» է, երբ այն դադարում է ընկալւել որպէս արտակարգ երեւոյթ եւ վերածւում է առօրեայի։ Ըստ նրա՝ Թրամփը չի կարող ընդունել խաղաղութեան քաղաքական գինը, մինչդեռ դրա հետեւանքները վճարում են ամբողջ տարածաշրջանն ու միջազգային հանրութիւնը։

Related Articles

Back to top button