ԻրանՄիջազգայինՔաղաքական

Բորուջերդի. ԱՄՆ-ը փորձում է «պատւաբեր ելք» գտնել պատերազմից դուրս գալու համար

Իրանի Իսլամական խորհրդարանի ազգային անվտանգութեան եւ արտաքին քաղաքականութեան յանձնաժողովի անդամ Ալաէդդին Բորուջերդին յայտարարել է, որ ԱՄՆ-ը ձգտում է «պատւաբեր կերպով» դուրս գալ պատերազմից, մինչդեռ Իրանի կողմից անընդունելի է որեւէ ճնշում կամ պարտադրանք։

ԻՍՆԱ-ի հետ զրոյցում նա նշել է, որ Իրանը այնպիսի երկիր չէ, որը կը ենթարկւի Դոնալդ Թրամփի պահանջներին՝ ընդգծելով, որ «ԱՄՆ-ի համար հասկանալի միակ լեզուն դիմադրութիւնն է ու ռազմական ուժը»։

Նրա գնահատմամբ՝ Իրանի զինւած ուժերը բարձր մակարդակի պատրաստւածութիւն են ցուցաբերել, իսկ երկրի ռազմական եւ լոգիստիկական կարողութիւնները բաւարար են առնւազն երկու տարւայ դիմակայութեան համար։

Բորուջերդին նաեւ կարծիք է յայտնել, որ Վաշինգտոնը շահագրգռւած չէ պատերազմի երկարաձգմամբ, քանի որ դրա քաղաքական եւ ռազմական գինը ծանր է դարձել ԱՄՆ-ի համար։ Ըստ նրա՝ Թրամփը ձգտում է ներկայացնել իրավիճակը որպէս սեփական յաղթանակ եւ հնարաւորինս արագ աւարտել պատերազմը՝ ներքաղաքական շահերից ելնելով։

Անդրադառնալով տարածաշրջանին՝ պատգամաւորը զգուշացրել է այն երկրներին, որոնք իրենց ենթակառուցւածքներն ու ռազմակայանները տրամադրել են ԱՄՆ-ին՝ նշելով, որ հակամարտութեան ընդլայնման դէպքում դրանք կարող են յայտնւել խոցելի վիճակում։ Նրա խօսքով՝ պատերազմի հետագայ սրացումը կանխելու նպատակով մի շարք երկրներ, այդ թւում՝ Օմանը, Պակիստանը, Կատարը եւ Չինաստանը, փորձում են միջնորդական նախաձեռնութիւններ ցուցաբերել։

Related Articles

Back to top button