Աւետիք Չալաբեան. «Մեզ տանում են հերթական սպանդի, մի՞թէ Արցախը բաւարար դաս չեղաւ. հիմա էլ նոյնը Հայաստանի հետ են անում»

Ակնյայտ է, որ իշխող թրքահաճոյ վարչախումբն այս տարիների ընթացքում ունեցել է թուրք-ադրբեջանական տանդեմի աջակցութիւնը։ Օրինակ, 44-օրեայ պատերազմի արդիւնքները զգալի չափով պայմանաւորւած են եղել հէնց այս վարչախմբի քաղաքական ուղեգծով՝ ամէն գնով յանձնել Արցախը, որ հնարաւորութիւն բացւի Հայաստանը վերակողմնորոշելու դէպի Թուրքիա։ Եթէ նախկինում դա քօղարկւում էր, հիմա բացայայտ է։ Թուրքիան ԱԳ նախարարի շուրթերով ցոյց տւեց իր բացայայտ աջակցութիւնն այս վարչախմբին, թէեւ դա մեզ համար գաղտնիք չէր։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք յայտնեց «ՀայաՔւէ» ազգային քաղաքացիական միաւորման համակարգող Աւետիք Չալաբեանը:
«Փաշինեանի եւ իր վարչախմբի տրամաբանութեան մէջ՝ Հայաստանի տարածքները թուրք-ադրբեջանական են, դրանք մեզ վարձով են տրւած, մենք էլ եկւոր ենք եւ պէտք է շնորհակալ լինենք, որ այսքանն էլ ունենք։ Փաշինեանի ասածը հետեւեալն է՝ մեր կադաստրի թուղթ տւողն Ադրբեջանն է։ Այս վարչախումբը, նախկինում արւած սխալները շահարկելով, ելել է մեր ժողովրդի շալակը։ Ցաւօք, ժողովրդի մի հատւածն էլ դուրս չի գալիս պարզունակ թմբիրից։ Ժողովո՛ւրդ ջան, ախր ձեզ տանում են հերթական սպանդի, միթէ՞ Արցախը բաւարար դաս չեղաւ։ Հիմա որեւէ երաշխիք ունէ՞ք, որ նոյնը Հայաստանի հետ տեղի չի ունենայ, եթէ Փաշինեանը շարունակի կառավարել»,- ասաց քաղաքական գործիչը:
«Մենք պէտք է կարողանանք այս իրականութիւնն արմատապէս փոխել, ընդ որում՝ դա հեշտ չէ, որովհետեւ Փաշինեանն արդէն որոշակի իներցիա է ստեղծել, օրինակ՝ համարեայ ստրկացրել է իրաւապահ համակարգը։ Նա այս ընթացքում կարողացել է բաւական մեծ ռեսուրս կուտակել իր ձեռքում՝ ուժային, ֆինանսական, քարոզչական եւ այլ, որը հասարակութեան մի մասին, բնականաբար, կաշկանդում է։ Բայց հասարակութեան առողջ մասը դիմադրում է»,- նշեց Աւետիք Չալաբեանը:
Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ Փաշինեանին իշխանազրկելու եւ Հայաստանում ազգային իշխանութիւն ձեւաւորելու համար մի քանի քայլ է պէտք անել. «Նախ՝ պէտք է ձեւաւորել ուժային բեւեռ։ Չեն կարող առանձին վերցրած տարբեր փոքր քաղաքական ուժեր պայքարել Փաշինեանի ստեղծած հրեշաւոր մեքենայի դէմ։ Եթէ ազգային ուժերն իրենց գործողութիւնները, ծրագրերը, ռեսուրսները եւ առաջնորդական ներուժը համակարգեն, կարող են առաջնորդել հասարակութեան մեծամասնութեանը։ Մեր հասարակութեանը պէտք է տանք կոնսոլիդացւած ընտրութիւն, որ այն ընտրի ոչ թէ 25, այլ 3-4 խոշոր ուժերի միջեւ»:
«Ընտրութիւններում պարտւելու դէպքում այս իշխանութիւնը հեշտ չի զիջելու։ Կարող է արտակարգ դրութիւն յայտարարեն, քաղաքական հակառակորդներին ընտրութիւններից առաջ տարբեր ձեւերով հանեն, ընտրութիւնները կեղծեն, արդիւնքները չճանաչեն, եւ այլն։ Շատ կարեւոր է ընտրութիւնների ընթացքի նկատմամբ վերահսկողութիւնը։ Վարչախմբին չպէտք է թոյլ տանք, որ նրանք մարդկանց հերթական անգամ տանեն բաց քւէարկութեան։ ՔՊ-ն սարսափում է իշխանափոխութեան հեռանկարից, առաւել եւս՝ եթէ դա տեղի է ունենում որեւէ արտաքին ուժային կենտրոնի հետ կապ չունեցող ազգային ուժերի միջոցով»,- ասաց Աւետիք Չալաբեանը:



