Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արթուր Ղամբարեան. «ՀՀ-ում ակնյայտօրէն նկատւում է «ամերիկանացման» քաղաքականութիւնը»

«ԱԼԻՔ» – ՀՀ-ում ակնյայտօրէն նկատւում է «ամերիկանացման» քաղաքականութիւնը։ Եթէ գնում ենք «ամերիկանացման» ճանապարհով, ապա վատ չէր լինի, եթէ քաղաքական իշխանութիւնները Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դէմ վարած իրենց քաղաքականութեան ընթացքում՝ կարգալոյծ հոգեւորականներին եւ նրանց դատական հայցերը վարոյթ ընդունած դատաւորներին «օգտագործելու» մասին որոշում կայացնելիս, նկատի ունենային նաեւ ԱՄՆ սահմանադրական իրաւունքը եւ Գերագոյն դատարանի Milivojevich եւ Hosanna-Tabor գործերով դիրքորոշումը։

Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է իրաւաբանական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարեանը։ «Serbian Eastern Orthodox Diocese for United States and Canada v. Milivojevich (1976) գործով Գերագոյն դատարանը նշել է, որ պետական (քաղաքացիական) դատարանները չեն կարող միջամտել կրօնական կազմակերպութիւնների ներքին, կանոնադրական կառավարմանը, վարդապետական վէճերին կամ հոգեւորականութեան նշանակման/հեռացման հարցերին, նոյնիսկ եթէ այդ որոշումները կարող են թւալ կամայական կամ ընթացակարգային սխալներ պարունակել։ Նման վէճերի լուծումը վերապահւած է բացառապէս այդ կազմակերպութիւնների սեփական տրիբունալներին։

Hosanna-Tabor Evangelical Lutheran Church and School v. Equal Employment Opportunity Commission (2012) գործով Գերագոյն դատարանը պաշտօնապէս ճանաչել եւ կիրառել է «հոգեւորականի բացառութեան» (ministerial exception) դոկտրինը, որն արգելում է աշխատանքային խտրականութեան մասին օրէնքների կիրառումը կրօնական կազմակերպութիւնների նկատմամբ, երբ խօսքը վերաբերում է իրենց «հոգեւորականների» (լայն իմաստով՝ կրօնական գործառոյթներ կատարող անձանց) աշխատանքի ընդունման, պահպանման կամ ազատման հարցերին։ Եկեղեցիներն ունեն սահմանադրական իրաւունք՝ առանց պետական միջամտութեան ինքնուրոյն ընտրելու իրենց հոգեւոր ղեկավարներին։

Այսպէս՝ Hosanna-Tabor գործով ԱՄՆ Գերագոյն դատարանը նշել է. «Հասարակութեան շահը՝ աշխատանքի ոլորտում խտրականութեան դէմ օրէնքների կիրառման հարցում, անկասկած, կարեւոր է։ Սակայն ոչ պակաս կարեւոր է նաեւ կրօնական խմբերի շահը՝ ինքնուրոյն ընտրելու, թէ ով պէտք է քարոզի իրենց հաւատը, ուսուցանի իրենց դաւանանքը եւ իրականացնի իրենց առաքելութիւնը։ Երբ աշխատանքից ազատւած հոգեւորականը դատական հայց է ներկայացնում իր եկեղեցու դէմ՝ պնդելով, որ իր ազատումը եղել է խտրական, ԱՄՆ Սահմանադրութեան Առաջին փոփոխութիւնն արդէն իսկ կատարել է անհրաժեշտ հաւասարակշռումը։ Եկեղեցին պէտք է ազատ լինի ընտրելու նրանց, ովքեր կուղղորդեն իրեն իր ճանապարհին»: Ի դէպ, իմ ուսանողների էմպիրիկ հետազօտութիւնները վկայում են այն մասին, որ Եկեղեցու եւ հոգեւորականների միջեւ աշխատանքային իրաւայարաբերութիւններ չեն ծագում, աշխատանքային պայմանագիր չի կնքւում, հոգեւորականները ՀՀ աշխատանքային օրէնսգրքի իմաստով աշխատավարձ չեն ստանում եւ այլն։

Թէեւ պետութիւնը, ըստ ուսանողների հետազօտութեան, ճանաչում է հոգեւորականների ծառայութիւնը որպէս թոշակի իմաստով ստաժ, սակայն դա դուրս է աշխատանքային իրաւունքի տիրոյթից։ Այսպիսով՝ ոչ միայն ՀՀ սահմանադրական իրաւունքի եւ ՄԻԵԴ-ի իրաւունքի, այլ նաեւ ճիւղային օրէնսդրութեան տեսանկիւնից «Եկեղեցի- հոգեւորական» բնոյթի նման հարցերը դուրս են պետական վերահսկողութիւնից եւ քաղաքացիական (պետական) դատարանի ենթակայութիւնից»,- գրել է Ղամբարեանը։

Yerkir.am

Related Articles

Back to top button