ՄիջազգայինՔաղաքական

Մերց. «Եւրոպայի նկատմամբ ԱՄՆ գերիշխանութեան դարաշրջանն աւարտւել է»

«ԱԼԻՔ» – Եւրոպայի նկատմամբ ԱՄՆ գերիշխանութեան դարաշրջանն աւարտւել է: Այս մասին ըստ News.am-ի՝ յայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը:

Գերմանիայի կանցլերը նշել է, որ Pax Americana-ի («Ամերիկեան խաղաղութիւն») դարաշրջանն աւարտւել է Եւրոպայի եւ Գերմանիայի համար։

«Pax Americana-ի տասնամեակներն աւարտւել են մեզ համար։ Նոստալգիան չի օգնի։ Սա փաստ է։ Ամերիկացիները հիմա շատ յամառօրէն պաշտպանում են իրենց շահերը։ Եւ, հետեւաբար, մենք էլ պէտք է պաշտպանենք մերը»,- ասել է Մերցը։

Նա ընդգծել է, որ արեւմտեան երկրները պէտք է պահպանեն ՆԱՏՕ-ի դաշինքը որքան հնարաւոր է երկար՝ չնայած տրանսատլանտեան յարաբերութիւնների փոփոխութիւններին եւ պատրաստւեն Միացեալ Նահանգների հետ յարաբերութիւններում հիմնարար փոփոխութիւնների, բայց ոչ կապերի խզման։

Անդրադառնալով ուկրինական հակամարտութեանը եւ Ռուսաստանի քաղաքականութեանը, Գերմանիայի կանցլերը յայտարարել է, որ Պուտինը ցանկանում է վերականգնել ԽՍՀՄ-ը եւ չի սահմանափակւի Ուկրաինայով:

«Պուտինը կանգ չի առնի։ Եւ եթէ Ուկրաինան ընկնի, նա կանգ չի առնի»,- նշել է նա՝ յաւելելով, որ Պուտինը շահագրգռւած է «Եւրոպայում սահմանների հիմնարար փոփոխութեամբ» եւ Խորհրդային Միութեան՝ իր նախկին սահմաններով վերականգնմամբ։ Նրա համոզմամբ՝ դա «հսկայական սպառնալիք է, այդ թւում՝ ռազմական, այն երկրների համար, որոնք ժամանակին եղել են այդ կայսրութեան մաս»։

Ուստի, ըստ նրա՝ Ուկրաինային հետագայ օգնութիւնը եւ Եւրոպայի միասնութիւնը Մեծ Բրիտանիայի հետ ռազմավարական համագործակցութեան հարցում առաջնահերթութիւն են արտաքին եւ անվտանգային քաղաքականութեան մէջ։

Related Articles

Back to top button